ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Կիրակի, Սեպտեմբեր 29, 2013 թուի երեկոյեան ժամը 6ից սկսեալ, Իրանահայ միութեան կենտրոնում վայելեցինք դասական, գրական, գեղարուեստական մի սքանչելի երեկոյ, նախաձեռնութեամբ ԻՀՄ Գրականութեան—Արուեստի բաժանմունքի: Տեղի ունեցաւ երկու միջոցառում՝ Գագիկ Ֆահրադեան-«Ֆարօ»ի նկարչական ցուցահանդէսը, «Հայ եմ» քառեակի (քուարթեթի) բարձրորակ համերգը, որն ընդմիջւում էր Ռազմիկ Շահգալդեանի Պարոյր Սեւակի «Գլխապտոյտ» բանաստեղծութեան մէջ ընդ մէջ ասմունքով:
1.- Ցուցահանդէս
Մուտքի մօտ, նախասրահ առաջնորդող աստիճանների բարձունքին տեղադրուած պատուանդանի վրայ մեզ դիմաւորում էր «Կրկէս» պաստառը՝ վառվռուն գոյների երանգներով: Ցուցահանդէսը կազմակերպուած էր նախասրահին կից սենեակում. մինչ այդ, նախասրահում
մատուցւում էին գինի, զովացուցիչ եւ խորտիկներ. տրամադրութիւն առինքնող մթնոլորտ էր տիրում…
Խորհրդանշական էր, որ «Սայաթ Նովա» կտաւը տեղադրուած էր նախասրահից դէպի ցուցահանդէսի սենեակը առաջնորդող մուտքի մօտ. Աննան՝ կարմիր, իսկ Սայաթ Նովան, իր անբաժան քամանչայով, կապոյտ գոյներով պատկերուած. նրանց սիրավէպն էր հիւսւում կարծես կտաւի ոլորտներում… Աննային եւ Սայաթ Նովային բաժանում էր դեղին եւ նարնջի գոյների ներդաշնակ նախշուն փայլը՝ լոյսի ու յոյսի խորհուրդով: Խորհրդաւոր պատկեր էր Բեթովենի «Moonlight Sonata» կիսալուսնով պատկերուած իւղաներկը: Ցուցահանդէսում ներկայացւում էին 20 պաստառներ, որոնք իրար չնմանուող ու նաեւ նմանուող նկարներ էին՝ դասական եւ արդիական ոճական տարբերակներով, վերացական ու իրական պատկերներով: Նշում եմ մի քանի անուններ. «Beautiful», «Belly Dancer», «Arlekino», «Venice Night», «Me & Piano» «Harp Notes» «Sunshine» «Swing Dance» եւ այլ վերացական, խորհրդապաշտական ոճով իւղաներկ պաստառներ: (Ֆարոյի կենսագրութեան մանրամասները տեսնել «Ասպարէզ», Հինգշաբթի, Սեպտեմբեր 26, 2013 թւում):
Չկար ցուցահանդէսի բացման արարողութիւն, նկարչի ներկայացում եւ կամ որեւէ պաշտօնական արտայայտութիւն… խօսում էին նկարները՝ սենեակի չորս կողմը պատուանդանների վրայ դասաւորուած: Առաջին անգամ էի հանդիպում նկարիչ Գագիկ Ֆահրադեանին՝ «Ֆարօ»…
Հետաքրքրուած «Կրկէս» պաստառով, թէ ինչո՞ւ է այդ ընտրել իբրեւ առաջնորդող կտաւ, նա պատասխանեց. «Ես կեանքը պատկերացնում եմ իբրեւ կրկէս, անվերջ շարժում ու ձգտում դէպի կատարեալը. բնութեան գրկից ծնուած ու բնութեան պէս շարունակական գունագեղ եւ անակնկալներով լեցուն»: Այս բացատրութեան ոլորտներում թռչող արուեստագէտի վերացական ու խորհրդապաշտական մտորումները արտացոլուած էին նկարների երանգներոմ: Ֆարօն չունի գոյների սահմանափակում, բայց իշխող գոյները՝ կարմիր, կապոյտ, նարնջին են, որոնք իրար միաձուլուելով՝ ցոլացնում էին նկարչի ներաշխարհը՝ գոյների ցայտուն ներդաշնակութեամբ:
Ֆարոյի նկարների վրձնահարուածները, յստակ ու խօսուն են, գծային երանգաւորումը շարունակական է յաւերժութեան իմաստով՝ ներդաշնակ գոյների արտաբերումով:
2.- «Հայ եմ» քառեակի ելոյթը՝ «Գլխապտոյտ» վերնագրի ներքոյ
Առաջին անգամն էր, որ Իրանահայ միութեան սրահում հանդիպում էի այդքան քիչ հանդիսատեսի. ափսոսում էի եւ զարմանում, թէ ինչո՞ւ այդքան արհեստավարժ եւ բաձրորակ խմբի ելոյթը տեղի է ունենում այդքան քիչ հանդիսատեսների ներկայութեամբ: Ի հարկէ, կազմակերպիչների եւ ներկաների կողմից եղան բազմաթիւ մեկնաբանութիւններ, բայց դա մեր այսօրուայ քննարկումի թեման չէ, այդպէս էլ է պատահում:
Հանդէսի բացումը կատարեց Իրանահայ միութեան Արուեստի եւ գրականութեան բաժանմունքի նախագահ Ռազմիկ Շահգալդեանը՝ ներկայացնելով արուեստագէտ երաժիշտներին. առաջին ջութակ՝ Տիգրան Երկանեան, երկրորդ ջութակ՝ Արմէն Մանգասարեան, ալտ՝ Սահակ Քարամեան եւ թաւջութակ՝ Յովիկ Յովհաննէսեան:
Առաջին բաժնում ներկայացուեցին Մոցարթի Սերենադը՝ «Eine klene Nachtmusik», Բախից՝ արիաներ, Պուչինիից՝ «Crusanrem», Հենդելից՝ «Passacalia»:
Երկրորդ բաժինը յատկացուած էր Կոմիտասին: Մեկնաբանուեցին «Ալ Այլուղս», «Հաբրբան», «Երկինքն Ամպել ա», «Նուբար Նուբար», «Էջմիածնի Պար» եւ այլ ստեղծագործութիւններ, վերջում հնչեց Ալթունեանի «Բերդ պարը»: Քառեակի բարձրորակ կատարումները թափանցում էին մեր հոգիները եւ մեր մտքերում նրբութեամբ պատկերւում էր մեղեդիներին ձուլուած հեզաճկուն աղջիկների պարը:
Հաճելի էր անդորրի մէջ վերանալ դասական երաժշտութեան ոլորտներում: Ռազմիկ Շահգալդեանը ապրումներով եւ ըմբռնումներով մէջ ընդ մէջ արտասանում էր Պարոյր Սեւակի «Գլխապտոյտ» քերթուածից հատուածներ՝ լարային քառեակի ընկերակցութեամբ:
Բարձրորակ էին գրական գեղարուեստական կատարումները: Առաջարկում ենք կրկնել սոյն միջոցառումները՝ աւելի մեծ թւով հանդիսատեսների ներկայութեամբ: Պիտի քաջալերել եւ գնահատել մեր արժանաւոր արուեստագէտներին:
Յ.Գ.- Այս յօդուածը զուգադիպելով «Ասպարէզ» օրաթերթի 105ամեակին, սրտիս անհուն զգացումներով ու խօսքերով ցանկանում եմ շնորհաւորել եւ իմ երախտագիտական խօսքը ուղղել «Ասպարէզ» թերթի խմբագրական կազմին ու աշխատակիցներին, որոնք իրենց անխոնջ եւ նուիրեալ աշխատանքով պահել ու սատարել են այս սուրբ գործին՝ յանուն հայի, հայապահպանութեան եւ յանուն ժողովրդի ծոցից ծնուած Դաշնակցութեան: Վարձքներդ կատար: