ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցին Հոկտեմբերի 27ին նշում է հիմնադրման 60ամեակը: Հայ կաթողիկէ համայնքի համար այս առիթն առանձնայատուկ նշանակութիւն ունի, քանզի նաեւ նշանաւորում է Միացեալ Նահանգների արեւմտեան ափին Հայ կաթողիկէ համայնքի պաշտօնական կազմաւորման սկիզբը հանդիսացող Լոս Անջելեսի այս եկեղեցու նորոգութիւնը:
«Մեր եկեղեցու շուրջ համախմբուած համայնքն ուրոյն պատմութիւն ունի, եւ շատ ընտանիքներ սերնդէ սերունդ փոխանցել են աւանդոյթները: Սակայն վերջին տարիներին, երբ շրջանի հայ բնակչութեան թիւը պակասեց եւ 2001թ.ին Գլենդելում բացուեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ կաթողիկէ եկեղեցին, Թագուհի Մարտիրոսաց եկեղեցին կարծես մոռացութեան էր մատնուել: Այսօր պատմութիւնը նորոգելու ժամանակն է», նշում է Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Արմենակ վարդապետ Պետրոսեանը:
Այս առաքելութեամբ էր, որ մէկ տարի առաջ հայր Արմենակը ստանձնեց Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցու հոգեւոր հովիւի առաքելութիւնը: «Եկեղեցին միայն կառոյցը չէ, այն շունչ է ստանում մարդկանց միջոցով եւ այդ առումով, իմ առաքելութիւնն այս եկեղեցում յաջողուած եմ համարում: Վերջին տասը տարուայ մէջ, ոչ մի պսակ եւ մկրտութիւն չէր կատարուել այստեղ, մինչ մէկ տարում արդէն ութ ամուսնութեան եւ տասը մկրտութեան արարողութիւն ենք իրականացրել», ուրախութեամբ նշում է հայր Արմենակը: Միաժամանակ, եկեղեցու զանազան ոլորտներում մեծ վաստակ ունեցող հոգեւորականի ջանքերով ստեղծուել է Կիրակնօրեայ դպրոց, Ծխական խորհուրդ, ընդլայնուել է եկեղեցու երգչախումբը, գործում է պարբերաթերթ, աշխուժացել է շրջանի Հայ կաթողիկէ երիտասարդաց միութիւնը: «Այս երկրում, նոր սերունդների համար շատ դժուար է պահպանել ազգային ինքնութիւնն ու մօտ մնալ մշակոյթին, ազգային արժէքներին: Մեր եկեղեցու նպատակներից է լինել այն հոգեւոր-մշակութային կենտրոնը, որտեղ մատուցւում է հայկականը: Այս նպատակով, մեր Կիրակնօրեայ դպրոցում դասաւանդում ենք հայոց լեզու եւ Սուրբ Գրքից ընթերցումներ եմ կատարում: Միաժամանակ, մանուկներին գրաւելու համար կազմակերպում ենք զանազան զուարճալի ձեռնարկներ, խաղեր, որոնց միջոցով նաեւ մօտեցնում ենք նրանց հայ մշակոյթին»: Հայր Արմենակը մեծ հոգածութիւն է ցուցաբերում երիտասարդներին՝ կարեւորելով նրանց ներկայութիւնը եկեղեցու կեանքում: Ըստ այդմ, հովուապետը տարբեր հոգեւոր եւ մշակութային ձեռնարկների միջոցով եկեղեցու շուրջ է հաւաքել երիտասարդների եւ նրանց օգնութեամբ էլ իրականացնում է եկեղեցու բարենորոգման աշխատանքները:
«Պարզում եմ, թէ ժողովուրդը ինչպէս է սիրում անցկացնել ժամանցը, եւ տարբեր կարգի միջոցառումներ եմ կազմակերպում, որ հաւասարապէս հետաքրքիր լինի ընտանիքի բոլոր անդամների համար, եւ մեր ձեռնարկները յաճախ ընտանեկան հաւաքների են վերածւում», պատմում է հայր Արմենակը, ով կարողացել է ջերմ ու բարեկամական միջավայր ձեւաւորել եկեղեցու շուրջ: Հոգեւոր առաքելութեան հարցում հայր Արմենակը նաեւ յատուկ ուշադրութիւն է դարձնում Սուրբ Գրքի սերտողութեանը՝ ամիսը երկու անգամ համայնքի համար կատարելով ընթերցումներ: Եկեղեցու ներքոյ գործող Տիկնանց միութիւնն էլ տօնական առիթներին կազմակերպում է տարբեր մշակութային հանդիսութիւններ:
Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցում գործունէութեան կարճ ժամանակահատուածում հայր Արմենակին յաջողուել է իրականացնել եկեղեցու եւ յարակից մասնաշէնքի վերանորոգման աշխատանքներ՝ այն յարմարաւէտ եւ գրաւիչ դարձնելու այցելուների համար: «Եկեղեցու ներսում մի շարք բարենորոգումներ ենք կատարել՝ ամէն ինչ վերափոխուել է հայկականի, նոյնիսկ խաչքարը բերել ենք Հայաստանից: Վերանորոգուել է կից մասնաշէնքը, եւ ներկայում այստեղ գործում է գրասենեակ, դասարան, տպարան եւ հոգեւորականների համար կացարան: Վերանորոգուած սրահը գործածւում է տարբեր առիթների համար, բակում եւս կատարուել են բարեկարգումներ: Նշեմ, որ այս աշխատանքները հնարաւոր են դարձել մեր համայնքի անմիջական օժանդակութեամբ», պատմում է հայր Արմենակը: Հարկ է նշել, որ բազմաթիւ աշխատանքներ հովուապետը կատարել է իր ձեռքերով՝ այդպիսով նաեւ սէր ու հոգի հաղորդելով իւրաքանչիւր հպումով: «Իմ համար ամենամեծ ուրախութիւնն այն է, որ ժողովուրդը լսելով Թագուհի Մարտիրոսաց եկեղեցու աշխուժացման մասին՝ վերադառնում է, եւ այսօր մեր ձեռնարկների ժամանակ քով քովի են հաւաքւում տարբեր սերունդներ: Երիտասարդները, ում մեծ ծնողների պսակն է եղել մեր եկեղեցում՝ ցանկանում են իրենք էլ ամուսնանալ եւ մկրտուել այս եկեղեցում, եւ սա չափազանց խօսուն է», նշում է նուիրեալ ժողովրդապետը: Հայր Արմենակ Պետրոսեանին, անխոջ աշխատանքի արդիւնքում յաջողուել է նոր կենդանութիւն հաղորդել Քալիֆորնիայի Հայ կաթողիկէ համայնքի առաջին եկեղեցուն: Նա իր սիրով կարողացել է վերականգնել եկեղեցու հոգեւոր եւ մշակութային կենտրոնի երբեմնի համբաւն ու աշխուժութիւնը:
Հայր Արմենակի նուիրուած գործունէութիւնն իր արձագանգն է գտել համայնքի սրտում եւ նրանք էլ իրենց աջակցութիւնն են յայտնել հովուապետին: Նման ջերմ մթնոլորտում էլ այս Կիրակի կը նշուի Թագուհի Մարտիրոսաց Հայ կաթողիկէ եկեղեցու տարեդարձը: Ս. պատարագը կը մատուցի Միացեալ Նահանգների եւ Կանադայի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Միքայէլ եպիսկոպոս Մուրատեանը: Պատարագին կը յաջորդի ժողովրդային ընդունելութիւն եւ ճաշկերոյթ: Հոկտեմբերի 27ին, Քալիֆորնիայի միակ զանգակատուն ունեցող եկեղեցու զանգերը կ՛աւետեն Հայ կաթողիկէ եկեղեցու տօնը:
Տեղեկանք. Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանում Հայ կաթողիկէ համայնքի պաշտօնական կազմաւորումը սկիզբ է առել 1952թ.ին, Լոս Անջելեսում, կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԷ. Աղաճանեան կաթողիկոս պատրիարքի նախաձեռնութեամբ, ում խնդրանքին ընդառաջելով՝ Լոս Անջելես է գալիս Վիեննայի Միխիթարեան ուխտից հայր Միքայէլ վարդապետ Ագեանը որպէս առաջին ժողովրդապետ՝ կազմակերպելու համար Հայ կաթողիկէ համայնքը: Նոյն տարում, Լոս Անջելեսի արքեպիսկոպոսը՝ կարդինալ æէյմս Ֆրանսիս Մաքնթայրը, Հայ կաթողիկէ համայնքին է տրամադրում «Թագուհի Մարտիրոսաց» եկեղեցին, որ գտնւում էր լքուած վիճակում: Կարճ ժամանակում, հայր Միքայէլի ջանքերով եւ հաւատացեալների համագործակցութեամբ բարենորոգւում են եկեղեցին եւ կից սրահը, որի պաշտօնական բացումը տեղի է ունենում 1956թ.ին, կարդինալ Մաքնթայրի եւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան աբբահայր Մեսրոպ արք. Հապոզեանի ներկայութեամբ: