
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ուշացաւ գրութիւնը: Պէտք է գրուէր ճիշդ համերգի գիշերը՝ այն ոգեւորութեամբ ու խանդավառութեամբ, որ պատճառել էր ելոյթը: Թերեւս էլ ճիշդ էր ուշացումը՝ հասատատելու համար այն հիացումը, որ չէր փոխուել օրերի հեռաւորութիւնից:
Այդ օրը՝ Կիրակի, Հոկտեմբեր 6ի երեկոյեան, խմբավարուհի Ալենուշ Եղնազարի ղեկավարութեամբ, ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի Մշակութային բաժանմունքը ներկայացնում էր «Արարատ» երգչախմբի 7րդ տարեկան համերգը: հայ ազգային-յեղափոխական երգերն էին ծրագրում, որն ունեցել էր իր նախընթացը տարբեր գործիքային նուագախմբով:
Հայկական երաժշտական մշակոյթում իր ուրոյն եւ պատմական արժէքն ունի երգչախմբային արուեստը: Ներկայ օրերում մենք ոչ յաճախ ենք առիթ ունենում ունկնդրելու ազգային լեզուով խմբերգային երաժշտութիւն, մանաւանդ՝ Սփիւռքում: Ահա՛ այս հազուագիւտ պատեհութիւնն էր ընծայում մեզ «Արարատ» երգչախումբը:
«Արարատ» երգչախումբը հիմնադրուել է 2006 թուին՝ մի խումբ արարատականների կողմից: Հետզհետէ խումբը մեծանալով՝ հասնում է այս օրուան, երբ կարողանում է ստուար թուով ներկայանալ հանրութեանը: Ղեկավարի հիմնական նպատակներից մէկն է սիրողական անդամներին հնարաւորին չափով ուղղել արհեստավարժ երգեցողութեան, որը կատարւում է բազմաձայնային երգարուեստի կատարողական հն-արների ուսուցմամբ, երգացանկի թարմացմամբ ու արհեստավարժ երաժշտին յատուկ պահուածքի վարժեցողութեամբ: Իսկ երգչախմբին պէտք են նուիրուած անդամներ, հովանաւորող մարմին, հաւատարիմ ունկնդիր, զորս, փա՜ռք Աստծու, վայելում է «Արարատ» երգչախումբը:
Սկաուտական տարազներով եւ գլխարկներով թէ՛ երգչախումբը, թէ՛ նուագախումբը եւ թէ ղեկավարը բեմ էին բարձրացել՝ ներկայացնելու ազգային լեզուով, ազգային շնչով ստեղծուած երգերի մի ամբողջ շարք.
Ներկայացնենք համերգի ծրագիրը.
Առաջին բաժին՝ Ամերիկայի հիմներգ, «Մեր Հայրենիք», «Յառաջ Նահատակ», «Մենք անկեղծ զինուոր ենք», «Ատանայի ողբը», «Պանք Օթոման», «Խանասորի արշաւանքը», «Սօսէ Մայրիկ», «Արի իմ սոխակ», «Խաղաղ դաշտի որդիք», «Անդրանիկի երգը», «Մարտիկի երգը», «Կիկօն».
Երկրորդ բաժին՝ «Ով որ քաջ է», «Գետաշէն», «Զարթիր լաօ», «Երբ ալեկոծ ծովի վրայ», «Ձայն մը հնչեց», «Թիփի Բորան», «Իմ Անի», «Ղարաբաղ», «Արփա Սեւան», «Զէյթունցիներ», «Իմ նոր Երեւան», «Ես իմ անուշ Հայաստանի», «Երեւան Էրեբունի»:
Ծրագիրը ուղեկցւում էր Յովնան սրկ. Վարդանեանի պատրաստած՝ երգերին համապատասխանող նկարների պաստառների ցուցադրութեամբ, իսկ Անահիտ Եղնազարի մերթ ընդ մերթ խրոխտ ասմունքը բացայայտում էր կատարուող երգերի իմաստը եւ լրացնում դրանց բովանդակութիւնը:
Նուագախումբ էին կազմել Յովիկ Ոսկանեանը, Էդվին Գալստեանը, Յովսէփ Խաչերեանը եւ Մայիս Գրիգորեանը: Յովիկը առանձնանում էր ժողովրդային երգերի դաշնամուրային ընկերակցութեան վարպետութեամբ: Իսկ ընդհանուր ոգեւորութիւնը ստեղծում էր ինքը՝ Ալենուշը, իր արհեստավարժութեամբ, ազգային ոգին հարազատ մեկնաբանելու կարողութեամբ՝ դառնալով երգչախմբի բաբախող սիրտը: Գործակցելով նրա ղեկավարած ՀՄԸՄ «Արարատ» երգչախմբի հետ՝ որպէս դաշնակահարուհի, արդէն տարիներ է առիթ ենք ունենում մօտիկից հետեւելու նրա աշխատանքային եւ ստեղծագործական առաջընթացին: Այո՛, իրաւամբ առաջընթացին, քանի որ արհեստավարժ երաժիշտը անընդհատ պրպտումների մէջ է, որոնք յանգում են նորանոր ծրագրերի:
Արդէն իսկ ազգային երգերի այս երեկոն ծրագրուած աշխատանքի արդիւնք էր՝ երգեր, որոնք ժողովրդային են եւ երգեր, որոնք հեղինակ կոմպոզիտոր ունեն, բոլորն էլ՝ ժողովրդի էութեան մէջ անցած: Ունկնդիրները երգում էին միասին. ժամանակին երգել էին դրանք: Իսկ ոգեւորուած մեծահասակները, երգերի աւարտից յետոյ, բարձրաձայն, իրենց աղօթքներն ու մաղթանքներն էին ուղղում կատարողներին՝ «Ապրէ՛ք, ձեր ձենին ղուրբան»:
Մեներգողները՝ Սարգիս Եղնազարը, Էմմա Քէշիշին, Անահիտ Քուչուքեանը, Տիգրան Ստեփանեանը, Վագօ Նազարը, Ռազմիկ Չալեանը, Րաֆֆի Քերպապեանը եւ Լօլօ Սարոյեանը յաւելեալ փայլք էին տալիս համերգին:
Երգացանկն ինքնին պատկերում էր մեր ժողովրդի անցած ազգային-ազատագրական պայքարի ուղին, որ պսակւում էր Ղարաբաղով, Հայաստանով, Նոր Երեւանով, մեր գոյատեւմամբ, որն է՛լ աւելի էր հաստատւում փոքրիկն Արամէի մուտքով բեմ՝ սկաուտական տարազով, որպէս մեր շարունակելիութիւնը:
Դժուար է եւ դժուար չէ. հայ արուեստագէտների գործունէութիւնը, բոլոր ժամանակներում, մասնագիտական ոլորտ լինելուց աւելի, եղել է նուիրում եւ ազգային պարտականութիւն: Ահա այս գիտակցութիւնն է, որ թէ՛ ղեկավարներին, թէ՛ մասնակիցներին եւ թէ նրանց գնահատողներին առաջնորդում է մեր ազգային կեանքում, նոյնպէս՝ «Արարատ» երգչախմբին, որին ցանկանում ենք յարատեւութիւն եւ նորանոր նուաճումներ: