«ԱՐՄԷՆՓՐԷՍ».- Դեր Զօր անապատը, որ մէկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացրած զարհուրելի սպանդի վկան էր, այսօր սպանութիւնների հող է դարձել նոր պատերազմի համար. այստեղ սպանուած հայերի ոսկորների վրայ այսօր բռնկուել է սիրիական հակամարտութիւնը: Իսկ Ցեղասպանութիւնից փր-կուած եւ Սիրիայում ապաստանած քրիստոնեայ հայերի ժառանգները ստիպուած են կրկին գաղթել Լիբանան, Եւրոպա, Ամերիկա: Ինչպէս հաղորդում է «Արմէնփրէս»ը, «The Independent»ը հրապարակել է Ռոբերտ Ֆիքսի յօդուածը, ուր հեղինակը ահանզանգում է Սիրիայի հայերի դէմ սպառնացող վտանգների մասին:
Աւելի քան 30 տարի առաջ հեղինակը մասնակցել էր հնագիտական պեղումների, որի ժամանակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոսկորներ եւ գանգեր էին յայտնաբերել Սիրիայի Խաբուր գետի մօտ գտնուող բլրի լանջին: Յայտնաբերուած գանկերի ա-տամները չէին քայքայուել, ուստի հնարաւոր էր եղել պարզել, որ սպանուածները երիտասարդներ էին, մի քանիսը՝ 20րդ դարի առաջին ցեղասպանութեան՝ 1915թ. օսմանեան թուրքերի կողմից կանխամտածուած եւ նախապէս ծրագրաւորուած զանգուածային բնաջնջման ժամանակ սպանուած մէկուկէս միլիոն քրիստոնեայ հայերից:
«Շատ դժուար էր գտնել ոսկորները, քանի որ սիրիական Դեր Զօր քաղաքից հիւսիս գտնուող Խաբուր գետը փոխել է իր ուղղութիւնը: Դիակների կոյտն այնքան մեծ է եղել, որ գետի ջրերը փոխել են հունը դէպի արեւելք: Հայ ընկերներս պեղուած մասունքները տեղափոխեցին Դեր Զօրի հայկական եկեղեցու դամբարան, որ նուիրուած է կոտորուած հայերի յիշատակին եւ ամօթանքի նշան է՝ ուղղուած ժամանակակից թուրքական պետութեանը, որը շարունակում է ժխտել ցեղասպանութիւնը», գրում է Ռոբերտ Ֆիքսը:
Դամասկոսի եպիսկոպոս Արմաշ Նալբանդեանը հեռախօսազրոյցի ընթացքում յայտնել է, որ պատերազմի հետեւանքով վնասուել է նաեւ եկեղեցին: «Եկեղեցին ինքնին նուազ կարեւոր է, քան Հայոց Ցեղասպանութեան յիշատակը, եւ այդ յիշատակն է, որ կարող է ոչնչացուել», նշել է եպիսկոպոսը:
«Եկեղեցին Հայոց Ցեղասպանութեան վկան է: Այն հայերի համար այնքան սրբազան է, որքան հրէաների Ողջակիզման եւ հերոսացման Եադ Վաշեմ յուշահամալիրը հրէաների համար: Թէեւ Իսրայէլը Թուրքիայի նման անամօթաբար չի ընդունում Հայոց Ցեղասպանութիւնը, բայց իսրայէլցիներն իրենք Հոլոքոստ բառն օգտագործում են նաեւ հայկական կոտորածները բնութագրելու համար:
Ֆիքսը նշում է, որ Հայոց Ցեղասպանութիւնից մօտ մէկ դար անց հայ ժողովուրդը կրկին կոտորւում է այս հողում: «Սիրիական ազատ բանակ» սիրիական ընդդիմադիր խմբաւորման վանդալիզմի (բարբարոսութեան-Խմբ.) զոհն է դարձել Սուրբ Նահատակների հայկական եկեղեցին: Իսկ Ռաքքա սալաֆիստական խմբաւորումներն աւերել են հայկական կաթոլիկ եկեղեցին եւ կրակի տուել եկեղեցական գոյքը: Այսօր հարիւրաւոր թուրք զինուորներ՝ 1915 թուականին հայերին բնաջնջել ցանկացող թուրքերի ժառանգները, միացել են Ալ Քաիդայի ենթաճիւղին եւ յարձակուել հայկական եկեղեցու վրայ: Ապստամբները ոչնչացրել են ժամացոյցի աշտարակի վրայի խաչը եւ փոխարէնը դրել Իրաքի իսլամական պետութեան եւ Լեւանտի դրօշը:
Նոյեմբերի 11ին ականի պայթիւնից փլուել է Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց Ազգային վարժարանի պատը եւ ընկել դպրոցական աւտոբուսների վրայ: Հայկական դպրոցի երկու սաներ՝ Յովհաննէս Աթոքանեանը եւ Վանեսա Բեդրոսը մահացել են: Մէկ օր անց Բէյրութից Հալէպ հայ ուղեւորներ փոխադրող աւտոբուսը հրաձգութեան եւ թալանի է ենթարկուել: Երկու օր անց կրկին ականի պայթիւնից Հալէպում սպանուել է Գէորգ Բոգասեանը:
Հեղինակը նշում է, որ թէեւ Սիրիայում սպանուած հայերի թիւը մօտ 65 է, բայց այն պէտք է հաշուել՝ 1,500,065: Աւելի քան հարիւրաւոր հայեր առեւանգուել են:
Երկու տարի յետոյ հայերը նշելու են Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: Իսկ Թուրքիան տօնելու է նոյն թուականին Գալիպոլիում տարած իր յաղթանակը դաշնակիցների զօրքերի դէմ: «Հայերը նոյնպէս կռուել են այդ մարտում, բայց ես պատրաստ եմ «գրազ գալ» այնքան գումար, որքան ցանկանում էք, որ թուրքական պետութիւնը չի յիշի նրանց», ամփոփում է յօդուածագիրը:
«The Independent»