
Ստորեւ կը ներկայացնենք «Թրանսփերընսի Ինթերնեշընըլ» կեդրոնի յայտարարութիւնը՝ հրապարակուած կաշառակերութեան դէմ պայքարի միջազգային օրուան առթիւ.
10 տարի առաջ, 2003 թուականի Դեկտեմբերի 9ին Մեքսիկայի Մերիդա քաղաքում յատուկ այդ առիթով կազմակերպուած բարձր մակարդակի համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿի Կոռուպցիայի դէմ պայքարի կոնվենցիան (համաձայնագիրը-Խմբ.) (ուժի մէջ մտաւ 2005թ. Դեկտեմբերին), որը մինչ այդ, նոյն տարուայ Հոկտեմբերի 31ին ընդունուել էր ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի կողմից: Այսպիսով, Դեկտեմբերի 9ը հռչակուեց Կոռուպցիայի դէմ պայքարի միջազգային օր:
Անցած տասնամեակի գլխաւոր նուաճումը կարելի է համարել թերեւս այն, որ, եթէ նախկինում կոռուպցիայի հիմնախնդրի մասին խօսում էին շշուկով եւ հանրութեան ճնշող մեծամասնութիւնը միայն մօտաւոր պատկերացում ունէր այդ չարիքի եւ դրա հետեւանքների մասին, ապա այժմ այդ հիմնախնդիրը բոլորի ուշադրութեան կենտրոնում է: Ներկայումս մարդկութիւնը յստակ ընկալում է, որ կոռուպցիան տնտեսական զարգացման գլխաւոր խոչընդոտներից է: Նրա բարձր մակարդակը խթանում է աղքատութիւնը, բիւջէի թալանը զրկում է մարդկանց որակեալ կրթութիւն եւ բժշկական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից: Վերջապէս, պետութեան զաւթումը օլիգարխիկ կլանների կողմից եւ քաղաքական կոռուպցիան, մանաւանդ, ընտրական գործընթացներում, զրկում են մարդկանց ապագայի նկատմամբ հաւատից եւ, կազմալուծելով ժողովրդավարութեան ինստիտուտները, թուլացնում են պետութիւնը սպառնալով պետականութեան կորստով:
Հետաքրքիր զուգադիպութեամբ 10 տարի առաջ այս նոյն օրերին (Դեկտեմբերի 20ին) ուժի մէջ մտաւ Հայաստանի առաջին հակակոռուպցիոն ռազմավարութիւնը եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Վեց տարի անց, հէնց նոյն օրերին ընդունուեց նաեւ ՀՀ հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարութիւնը եւ միջոցառումների ծրագիրը: Բնական հարց է առաջանում, թէ ինչ փոխուեց այս տարիների ընթացքում, ինչպիսի ձեռքբերումներով եւ կորուստներով ենք ունեցել եւ ուր ենք գնում:
Ինչպէս եւ ողջ աշխարհում, Հայաստանում նոյնպէս հասարակութիւնը շատ աւելի լաւ է իրազեկուած կոռուպցիայի երեւոյթի մասին, քան տասը տարի առաջ: Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007թթ. եւ 2009-2012թթ.) իրականացման ընթացքում ընդունուեցին մի շարք օրէնքներ եւ այլ իրաւական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ (կարողականութիւն-Խմբ.): Քաղաքացիներն աւելի ակտիւ են օգտւում տեղեկատուութիւն ստանալու իրենց իրաւունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնութիւններ եւ շարժումներ աւելի ու աւելի յաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայութիւնը: Շնորհիւ գոյքի եւ եկամուտների յայտարարագրման աւելի մեծ թափանցիկութեան՝ հանրութիւնն աւելի յաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտօնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցուածքի խնդիրը: Վերջապէս, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաեւ կոռուպցիոն մեղադրանքների հիման վրայ մի քանի բարձրաստիճան պաշտօնեաների ձերբակալութեանը:
Դժբախտաբար, աւելի մեծ է ձախողումների եւ չօգտագործուած հնարաւորութիւնների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ «Թրանսփերընսի Ինթերնեշընըլ»ի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթուի (ԿԸՀ) Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հաւասար էր 36ի եւ Հայաստանը այս տարուայ ԿԸՀ դասակարգման աղիւսակում ընդգրկուած 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եւ եթէ այն ԱՊՀ անդամ երկրների թւում լաւագոյն ցուցանիշն է, ապա Եւրամիութեան երկրների հետ համեմատելիս ՀՀն զիջում է նոյնիսկ Միութեան անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Յունաստանին (40): Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եւրասիական ինտեգրումը (միաւորումը-Խմբ.) նախընտրած Հայաստանը ապագայում կ՛արձանագրի լուրջ յաջողութիւններ կոռուպցիայի յաղթահարման ուղղութեամբ:
Հայաստանը շարունակում է զիջել նաեւ իր հարեւան Վրաստանին (ԿԸՀ 2013թ. ցուցանիշը՝ 49, դասակարգման աղիւսակում կիսում է 55-56 տեղերը), այն ինչ 10 տարի առաջ՝ 2003թ.ին Հայաստանը զգալիօրէն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղիւսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: Հարկ է է նաեւ նշել, որ 2003-2011թթ. ՀՀ ԿԸՀ ցուցանիշի դինամիկան (զարգացումին ընթացքը-Խմբ.) ունեցել է նուազման միտում՝ 2003-2008թթ. մնալով նոյնը՝ 3.0, սկսած 2008թ.ից այն դանդաղօրէն նուազել է՝ հասնելով իր նուազագոյն արժէքին (2.6) 2010-2011 թուականներին:
ԹԻի մէկ այլ՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այս տարուայ տուեալները ցոյց են տալիս, որ շարքային քաղաքացիների ընկալումները եւ կարծիքները Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերեալ նախորդ տարիների համեմատ նոյնպէս էական փոփոխութիւնների չեն ենթարկուել: Հարցուածների 43 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում վերջին երկու տարիներին աճել է եւ միայն 19 տոկոսի կարծիքով այն նուազել է: Երկրի իշխանութիւնների գործունէութիւնն՝ ուղղուած կոռուպցիան նուազեցնելուն ոչ արդիւնաւէտ է գնահատել հարցուածների 53 տոկոսը, իսկ արդիւնաւէտ է գնահատել միայն 21 տոկոսը: Հարցուածների 69 տոկոսը դատական համակարգն ընկալում է որպէս ծայրայեղ կոռումպացուած կամ կոռումպացուած, 66 տոկոսը այդպիսին է համարում ոստիկանութիւնը: Սակայն առաւել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդիւնքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրաւուել կոռուպցիայի դէմ պայքարում եւ շատ քիչ են հաւատում, որ իրենք ինչ որ դեր ունեն այդ պայքարում: Այդ ցուցանիշներով Հայաստանը հարցման մէջ ներգրաւուած 107 երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Մասնաւորապէս՝ որեւէ ձեւով կոռուպցիայի դէմ պայքարում ներգրաւուել ցանկացել է հարցուածների ընդամէնը 43 տոկոսը, որը 107 երկրների մէջ ամենացածր ցուցանիշն է: Միջազգային այլ կազմակերպութիւնների ուսումնասիրութիւնները նոյնպէս լուրջ առաջընթաց կոռուպցիայի դէմ պայքարում չեն արձանագրել:
Ամփոփելով վերն ասուածը՝ կարելի է արձանագրել, որ անցած տասնամեակը Հայաստանի համար չդարձաւ լուրջ ձեռքբերումների տասնամեակ, եւ չարձանագրուեցին որակական լուրջ դրական փոփոխութիւններ կոռուպցիայի նուազեցման ուղղութեամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին «Թրանսփերընսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր յայտարարութիւններում, այդպէս էլ չեն յաղթահարուել, եւ իշխանութիւնների մօտ շարունակում է բացակայել դրանք յաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչութեան անտարբերութիւնը եւ հանդուրժողականութիւնը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկայ քաղաքական եւ տնտեսական համակարգերի արմատական փոփոխութիւն, որին կարելի կը լինի հասնել միայն հասարակութեան ակտիւ պայքարի արդիւնքում: