(Հեռակայ Զրոյց Վարդան Պետրոսեանի Հետ)
ՀԵՆՐՒԿ ԱՆԱՍԵԱՆ

Մէկ ամիս Երեւանում մնալուց յետոյ, Հոկտեմբերի 18ին վերադառնում ենք Լոս Անջելես: Մինչ այդ, Մարիետան տենդագին փորձում էր տոմսակ հայթայթել քո «Երկուշաբթի» ներկայացման համար: Եւ միայն վերջին պահին յայտնի դարձաւ, որ մենք հրաւէր ունէինք: Ի՞նչ բախտաւորութիւն. ինձ տանում նստեցնում են սրահի առաջին կարգի ճիշդ մէջտեղի աթոռին, բեմից մէկ-երկու մետր հեռաւորութեան վրայ, ուր սովորաբար «ընտրովի» մարդիկ են բազմում… դու՝ Վարդան, ինձ մագնիսացրել էիր: Չգիտեմ, թէ իմ ետեւում նստած հանդիսատեսները ինչ էին զգում, բայց ես «խաղում էի» քեզ հետ, ապրում, շնչում քո ամէն մի բառի, նախադասութեան հետ: Միայն թէ չէի կարողանում քեզ նման «ատլետաւարի» (ճկուն-Խմբ.) թռչել բեմի մի ծայրից միւսը: Եւ որտեղի՞ց քեզ այդքան թէթեւութիւն եւ այն էլ՝ յիսունն անց տարիքում: «Աստուած իմ, որտեղի՞ց այս արուեստագէտին այսքան շռայլ, բազմակողմանի տաղանդ. մնջախաղ, պար, բալետ, մարմնամարզութիւն, գրող, դրամատուրգ, բեմադրիչ, երաժշտութեան հեղինակ եւ ձեւաւորող», մտածում էի ես: Լինում էին վայրկեաններ, որ քո միայն դիմախաղով ու աչքերի արտայայտութեամբ, ինձ ֆրանսիացի դիմախաղի ականաւոր վարպետ Մարսել Մարսոյին (Marcel Marceau) էիր յիշեցնում: Կայ, անշո՛ւշտ կայ քո արուեստում ֆրանսիական թատրոնի եւ կոմեդիայի (Comedie Francaise) բարեբաստիկ ազդեցութիւնը: Բայց քոնը, քոնը իսկական հայկական կոմեդիան է (կատակերգութիւն-Խմբ.), որի մէջ ցաւն աւելի շատ է, քան խնդուքը: Դու մարդկանց, հանդիսատեսին «զուարճացնում ես» լացի, շատ յաճախ սգոյ լացի միջոցով: Նման արուեստը եւս յեղափոխութեան մարտահրաւէրի իւրօրինակ մի նմուշ է:
Գիտե՞ս, թող քեզ չթուայ, թէ ես քեզ առաջին անգամ եմ տեսնում բեմի վրայ: Ես քո բոլո՜ր ներկայացումները նայել եմ, ու գիտե՞ս որտեղ՝ իմ տանը, Երեւանում: Ստացուել է այնպէս, որ ամէն տարի լինելով Երեւանում, իմ այնտեղ եղած ժամանակը համընկել է քո ներկայացման օրերին:
Դու քո ամէն մի նոր ներկայացում բերում ես Լոս Անջելես: Այստեղ էլ են քեզ սիրում ու գնահատում: Դու միշտ ասելիք ունես, յորդոր, պատգամ: Բայց միեւնոյնն է, Սփիւռքը այնպէս չի զգում, հասկանում, թէ ինչե՜ր կան քո տողերի տակ թաքնուած, չի հասկանայ քեզ այնպէս, ինչպէս հասկանում է հայաստանաբնակ հայը, որովհետեւ նա իր սեփական մաշկի վրայ է զգում, էապէս ապրում ու շնչում այն ամէնով, ինչով որ դու: Թէեւ ասեմ, որ Սփիւռքն էլ, գնալով, է՛լ աւելի է «հայաստանանում», որովհետեւ ամէն ինչ գիտի Հայաստանի մասին, ապրում, շնչում է Հայաստանով: Հասկանում է, թէ ինչպիսին է Հայաստանի վիճակը եւ ուր է գնում: Աւելին՝ նա մշտապէս հոգու ցաւով է ապրում, հաց ունի, բայց աղը պակաս է այդ հացի մէջ: Նա թոնրի կողքին ծալապատիկ նստած, թոնրից լաւաշ հանող պառաւ նանի հացին է կարօտ:
…Քո ներկայացման օրը Հոկտեմբերի 21ն էր, եւ 20ին գնացել էիր Եղվարդ՝ ներկայացումից առաջ փոքր ինչ հանգստանալու, մտքերդ ի մի բերելու, գուցէ եւ ինչ որ բան շտկելու: Ի՞նչ իմանաս: Անցեալ եւ նախանցեալ տարի ես երկու-երեք ամիս գնացել-եկել եմ Եղվարդ եւ այն էլ՝ իւրաքանչիւր Շաբաթ օր. շնորհալի բանաստեղծ Արամայիս Սահակեանի առողջական վիճակը գնալով սրւում էր, եւ նա վերջին մի քանի տարին մշտապէս մարդ-ընկեր էր փնտռում իր կողքին, մանաւանդ ամառ ժամանակ, երբ ինքը հանգստանում էր Եղվարդում: Մտերիմ ընկերոջ իրաւունքով եւ իրեն տուած խոստման համաձայն, երեք ընկերներով անմոռանալի եւ յիշատակելի օրեր ենք անցկացրել բանաստեղծի
ամառանոցում:
Այս տարուայ Մարտին Արամայիսն արդէն չկար: Մահուան քառասունքի
արարողութեանը ես եւ Մարիետան ներկայ էինք: Հոգեճաշին դո՛ւ էլ կայիր, սիրելիս իմ, Վարդան: Որքան գիտեմ, իր տղան՝ Վահրամը քո ընկերներից է: Դուք՝ ընկերներով հարեւան սեղանին էիք: Ես փորձեցի մօտենալ քեզ ու մի քանի «քաղցր խօսք» ասել, բայց դուք շատ էիք տարուած ձեր խօսակցութեամբ…
Ինչեւէ. ինչպէս ասում են՝ «Եղվարդը քո վրայ չեկաւ»: Ափսո՜ս, շատ ափսոս: Դժուար է հաւատալ, որ ո՞վ գիտէ, որքա՞ն ժամանակով ես բացակայելու հասարակութիւնից, քո ժողովրդից, քո հանդիսատեսից, որը քեզ իսկապէս արժանիօրէն սիրում ու գնահատում է թէ՛ Մայր հայրենիքում եւ թէ նրա սահմաններից դուրս:
Այս մէկ ամսուայ ընթացքում շատ ջրեր հոսեցին, կապուած նախաքննութիւնը դեռ չ՛աւարտած քեզ արգելափակելու վերաբերեալ: Ի պաշտպանութիւն քեզ, ահագին ստորագրութիւններ հաւաքուեցին, մամուլում ելոյթներ ունեցան անուանի մարդիկ, անուանի արուեստագէտներ: Բայց նրանցից ոչ ոք չիմացաւ, թէ ինչ ապրումների մէջ էի ես Հոկտեմբեր 14ի՝ քո ժամանակաւոր Վերջին ներկայացման ժամանակ:
Դու հուր էիր այդ օրը, չմարող, անդադրում բոցավառուող կրակ: Ճիշդ է, դու մասնագէտ երգիչ չես, բայց քեզ համար մեղեդին միջոց էր քո բանաստեղծութեան միտք բանին (ինչպէս միշտ) տեղ հասցնելու հանդիսատեսի երեւակայութեանը եւ բորբոքելու նրա երակներում յուսահատութիւնից տակաւ առ տակաւ մարելու պատրաստ կրակը:
Ես ինձ կորցրել էի, թաշկինակ էլ չկար գրպանումս, որպէսզի կարողանայի չորացնել յուզմունքից անդադար թրջուող աչքերս:
Հիանալի մտայղացմամբ աւարտեցիր քո յօրինած «Երկուշաբթի»ն, սիրելի Վարդան, ու, ամենակարեւորը, մի պայծառ, լուսաւոր էջ աւելացրիր իմ կենսագրութեանը: Չգիտեմ, դու հասկացա՞ր, թէ ինչ հոգեկան ահռելի բեռան տակ թողեցիր ինձ, երբ բեմից իջար ներքեւ, մօտեցար, ձախ ձեռքդ մեկնեցիր ինձ՝ հասկացնելով, որ բարձրանամ աթոռից, իսկ աջով վերցրիր միջանցքի ձախ կողմի առաջին կարգի հանդիսատեսի ձեռքը, եւ երեքս շրջուած հանդիսատեսի կողմը, ամբողջ սրահի հետ միասին լսում էինք քո մարտակոչը.
Ահա այսպէս, իրար հետ միշտ, ինչ էլ լինի աշխարհում,
Լսո՞ւմ էք, մենք միասին, ձեռք-ձեռքի տուած կ՛երգենք միասին…
Ամբողջ սրահը՝ անսալով քո կոչ-հրամանին, մէկ մարդու պէս ոտքի ելած, ձեռք-ձեռքի բռնած սկսեցին մեզ հետ միասին երգել.

Ով դու գեղեցիկ, ինչո՞ւ մօտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար:
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Իսկ դու, անիրաւ, դաւաճանեցիր:
Դու այնքան ամուր էիր բռնել ձեռքս, կարծես թէ մտավախութիւն ունէիր, թէ ձեռքդ բաց կը թողնեմ: Բայց ո՞վ կը թողնէր սառոյցից էլ սառը, աներեւակայելի յուզմունքից սառած քո ձեռքը: Ամբողջ երգեցողութեան ընթացքին ես գլուխս հայրաբար դրել էի քո կրծքին եւ աչքերիցս հոսում էին արցունքները:
Այնուհետեւ, ողջ ներկայացման ասելիքը ամբողջացրել էիր մէկ ուրիշ երգի, 60ականներին Հայրիկ Մուրատեանի կատարմամբ շատ յաճախ հնչող, հայրիկիս ամենասիրած երգերից մէկի մէջ: Ողջ սրահի, իբր թէ մեր «չ՛երգող» ժողովուրդը երգեց միաձոյլ, միասնական, ինչպէս մի փառահեղ երգչախումբ.
Երազ իմ, երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, յոյսդ մեծ,
Հայրենի երկիր…
… Նման համաժողովրդական մի երգչախումբ ղեկավարող «մաէստրօ»ն իրաւունք չունի վհատուելու: Բաւական երկար տարիներ դու ասել ես այն, ինչ մտածել ես, ասել ես այն, ինչը գտել ես ճիշդ: Իսկ ճշմարտութիւնը, պատահում է՝ ուշանում է, բայց ի վերջոյ նա է յաղթողը:
Դու ճշմարտութեան ամենաառաջաւոր ջահակիրներից ես:
Մենք սիրում եւ հաւատում ենք քեզ:
Ամո՛ւր մնա, Վարդա՛ն: