ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելի քաղխորհրդի անդամներ, ոստիկանութեան եւ հրշէջ ծառայութիւնների ղեկավարներ, երկրի եւ նահանգի օրէնսդիր մարմինների, կրթական եւ սոցիալական ոլորտների ներկայացուցիչներ՝ մէկ վայրում պատասխանում էին հայ համայնքի անդամների հարցերին, ուղղորդում էին նրանց եւ խոստանում աջակցել խնդիրների լուծման հարցում:
Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի «Նէյբըրհուդ քոնեքթ» կոչուող նոր նախաձեռնութան շնորհիւ բազմաթիւ քաղաքացիներ Դեկտեմբերի 21ին առիթ ունեցան իրենց մտահոգող բազմաբնոյթ հարցերի շուրջ կիսուելու պետական կառոյցների ներկայացուցիչների հետ: «Հայ Դատի յանձնախումբը ցանկանում է միջնորդ դառնալ, որպէսզի մեր հայրենակիցները իրենց յուզող հարցերի համար կարողանան դիմել պետական ճիշդ մարմինների եւ արդիւնքում՝ գտնել համապատասխան լուծումներ: Այդ նպատակով, մենք հրաւիրեցինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր նաեւ խորհուրդ եւ ուղղութիւն կը տան մեր համայնքին: Օրինակ, եթէ ցանկանում են մատչելի գնով բնակարան գնել կամ խօսել իրենց բակի լուսաւորութեան, անվտանգութեան, դպրոցների կամ սոցիալական ծառայութիւնների մասին, կարող են անմիջական հարցեր ուղղել ոլորտի ներկայացուցիչներին»: Նախաձեռնութեան բնոյթը ներկայացրեց Գլեդնելի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Պերճ Կարապետեանը:
Քաղխորհդի անդամ Զարեհ Սինանեանը խոստացաւ օգնել իրեն դիմած քաղաքացուն, ով սեփականութեան հետ կապուած խնդիրներ ունէր: «Մեզ դիմած մարդկանց մեծամասնութեան հարցն առնչւում է Գլենդելում մատչելի բնակարաններին: Այս հարցը մեծ խնդիր է քաղաքի համար, եւ ես քաղաքապետարանում մշտապէս առաջադրում եմ ցածր եկամուտ ունեցող բնակիչների համար տների աւելացման հարցը: Մի քանի տարբեր ծրագրերի միջոցով այս խնդիրը մօտ ապագայում կը մեղմուի՝ մի քանի տասնեակ տներ կ՛աւելացուեն, սակայն դա վերջնական լուծում չէ: Միաժամանակ, աշխատում ենք կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, որպէսզի պետութիւնը այս հարցի լուծման համար ֆոնդեր յատկացնի», ներկայացրեց Սինանեանը: Քաղխորհդի միւս անդամ Արա Նաջարեանն էլ տեղեկացրեց, թէ ինչպէս կարելի է ձեռք բերել մատչելի բնակարան Գլենդելի կենտրոնում կառուցուող շէնքերից. «Քաղաքի նորակառոյցներում անցկացուելու է խաղարկութիւն, որտեղ իւրաքանչիւր շէնքից ներառուած է առնուազն 10-15 բնակարան: Քաղաքապետարանը տարբեր ձեւերով փորձում է հանրութեանը տեղեկացնել, թէ ինչպէս կարելի է մասնակցել, այն է՝ պէտք է լրացնել յատուկ հարցաթերթիկ եւ սպասել խաղարկութեանը»: Այս հարցում, ըստ Նաջարեանի՝ կ՛օգնեն նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները:
ՀՕՄի Գլենդելի «Սիփան» մասնաճիւղի վարչական անդամ Աիդա Բաբայեանը ներկայացնում էր Հայ Օգնութեան Միութեան սոցիալական ծառայութիւնների բաժինը: Ներգաղթեալների իրաւունքների, սոցիալական տարաբնոյթ հարցերի շուրջ հայկական այս կազմակերպութիւնն առաջարկում է աջակցութիւն: «Շատ են դէպքերը, երբ օրէնքներին եւ իրենց իրաւունքներին չտիրապետելու պատճառով մեր հայ բնակիչները մեծ խնդիրներ են ունենում: ՀՕՄը միշտ պատրաստ է օգնելու մեր հայրենակիցներին»: Գլենդելի Միացեալ Դպրոցների վարչաշրջանի անդամ Արմինէ Ղարպետեանն էլ պատմում էր դպրոցներում տեղի ունեցող տարբեր բարեփոխումների, մասնաւորապէս՝ նոր երկլեզու համակարգի մասին: Հրշէջ ծառայութեան եւ ոստիկանութեան ներկայացուցիչները պատրաստակամ էին մանրամասն ծանօթացնելու իրենց ծառայութիւնները: Կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Քալիֆորնիայի խորհրդարանի անդամ Մայք Գատոյի գրասենեակներից պատասխանատուները յայտնեցին, որ շատ հարցերում են աջակցում քաղաքացիներին, այդ թւում՝ գործազրկութեան, հարկային դաշտի խնդիրների: Դիմելու դէպքում, իրենք անձամբ կապւում են ծառայութիւնների ղեկավարների հետ եւ արագօրէն պարզում իրավիճակը, հետամուտ են լինում խնդրի լուծմանը:
Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի «Նէյբըրհուդ քոնեքթ» ձեռնարկը ողջունեցին թէ՛ պետական հաստատութիւնների ներկայացուցիչները, թէ՛ համայնքի անդամները: «Նախաձեռնութիւնը գովելի է, որովհետեւ տարբեր երկրներից գալով Միացեալ Նահանգներ, շատ օրէնքների ծանօթ չենք եւ չգիտենք ինչպէս պաշտպանուել. օրինակ՝ մեր սեփականութեան հետ կապուած իրաւունքները: Շատ գնահատելի է, որ Հայ Դատի յանձնախումբը նման հանդիպում է կազմակերպել, եւ այսօր մի վայրում հնարաւոր եղաւ հանդիպել տարբեր ծառայութիւնների ներկայացուցիչների հետ, բարձրաձայնել մեր խնդիրները եւ ստանալ անհրաժեշտ պատասխաններ», նշեց ձեռնարկի այցելու Անահիտ Մելքոնեանը:
«Նէյբըրհուդ քոնեքթ» ծրագրի յաջորդ հանդիպմանը կարելի է մասնակցել, հետեւելով Հայ Դատի գրասենեակի ձեռնարկի անցկացման մասին յետագայ յայտարարութիւններին՝ «Ասպարէզ» թերթի, Հայ Դատի գրասենեակի կայքի եւ հայկական հեռուստաալիքների միջոցով: