Իւրաքանչիւր Հայ Պէտք Է Հնարաւորինս Աջակցի Համայնքին Ու Հայութեանը
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Տարիներ շարունակ, Միացեալ Նահանգներից Հայաստան եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումներն ապահով եւ արդիւնաւէտ իրականացրել է «Ջեթ Լայն Էր Քարգօ» ընկերութիւնը, որի հիմնադիր Գրիգոր Յովսէփեանի շնորհիւ, երեք տասնամեակից աւելի, անքակտօրէն գործել է ամերիկահայ համայնքի կապը հայրենիքի հետ:
Ռումինիայում ծնուած Յովսէփեանն ընտանիքի հետ 1961թ.ին տեղափոխւում է Միացեալ Նահանգներ եւ մի քանի տարի անց ներգրաւուում է տրասնպորտի (փոխադրամիջոցներու-Խմբ.) ոլորտում: 1982թ.ին Յովսէփեանը հիմնադրում է իր սեփական «Ջեթ Լայն Էր Քարգօ» ընկերութիւնը, որն զբաղւում է տեղական եւ միջազգային բեռնափոխադրումներով: «Մեր ընկերութիւնն իրականացնում է մեծաքանակ բեռների փոխադրումներ օդային ճանապարհով: ԱՄՆի տարբեր քաղաքներում կան տարատեսակ ապրանքների հաւաքագրման մանրածախ կենտրոններ, որ այնուհետեւ իրենց հաւաքած ապրանքը յանձնում են Ինգըլուուդում գործող մեր ընկերութեանը: Օդանաւով մենք բեռները փոխադրում ենք տարբեր երկրներ՝ հիմնականում Հայաստան, Չինաստան եւ Եւրոպա: Փոխադրումներ կատարւում են նաեւ այս երկրներից դէպի ԱՄՆ», տեղեկացնում է Գրիգոր Յովսէփեանը: «Ջեթ Լայն Էր Քարգօ»ն իրականացնում է նաեւ մաքսազերծման աշխատանքներ: «Հայաստանում տեղի են ունեցել որոշ օրէնսդրական փոփոխութիւններ, որոնց արդիւնքում, օրինակ ներկայում հնարաւոր է վեց ամիսը մէկ 400 դոլարի հասնող փաթեթներ ուղարկել, որոնք այլեւս չեն հարկւում»: Գրիգոր Յովսէփեանի խօսքով, այս հանգամանքն ինչ որ առումով թեթեւացնում է ԱՄՆից Հայաստան որպէս օգնութիւն մշտապէս ապրանքներ ուղարկողների հոգսը: «Ջեթ Լայն Էր Քարգօ»ի նախագահի խօսքով, դէպի հայրենիք ուղարկուող բեռների քանակն անհամեմատ մեծ է Հայաստանից Ամերիկա ուղարկուող բեռներից, որ վերջին շրջանում հիմնականում գրքեր են:
Երկարամեայ գործունէութեան ընթացքում «Ջեթ Լայն Էր Քարգօ»ն կարողացել է դառնալ վստահելի եւ մշտական գործընկեր բազմաթիւ ընկերութիւնների համար: «Յաջողութիւնը կայանում է նրանում, որ պէտք է սիրես գործդ եւ ճիշդ աշխատես», անկեղծանում է Գրիգոր Յովսէփեանը: Նա առաւել մեծ պատասխանատուութեամբ եւ սիրով էր ձեռնամուխ եղել դեռ 80ականներին Հայաստանի հետ հաղորդակցութեան հաստատմանը, եւ Միացեալ Նահանգներից բեռնափոխադրումներ իրականացնող առաջին եւ մինչ օրս միակ ընկերութիւնն է, որն ունի գրասենեակ Երեւանում:
Հայրենիքի անկախացման, 1988ի երկրաշարժի եւ արցախեան պատերազմի տարիներին, Գրիգոր Յովսէփեանն իր ընկերութեան միջոցով ուղիներ է գտնում հումանիտար մեծաքանակ օգնութիւն փոխադրելու համար Հայաստան՝ նեցուկ լինելով հայրենիքի դժուարին պահերին: «Իւրաքանչիւր հայ, իր հնարաւորութեան սահմաններում, պէտք է աջակցի մեր համայնքին եւ հայութեանը», այս սկզբունքով է առաջնորդուել Յովսէփեանն իր ողջ կեանքում՝ աջակցութիւն ցուցաբերելով համայնքին նաեւ Ռումինահայերի հայրենակցական ու մշակութային «Րաֆֆի» միութեան միջոցով:
Գրիգոր Յովսէփեանն իր նշանակալի աւանդն ունի այս կառոյցի ազգանուէր աշխատանքներում եւ ներկայում միութեան փոխնախագահն է: «Այս տարի Ռումինահայերի միութիւնը նշելու է հիմնադրման յիսուն ամեակը, որ պատրաստւում ենք տօնել մեծ շուքով: Յոբելեանական ձեռնարկին ներկայ են լինելու աշխարհի տարբեր երկրներից ռումինահայեր», յայտնում է Յովսէփեանը: 1963 թուականին Լոս Անջելեսում հիմնուած Ռումինահայերի միութիւնը հաւատարիմ է Պուքրէշում 1920 թուականին հիմնուած այս կառոյցի գաղափարական սկզբունքներին, այն է՝ «յետեւել որպէսզի Սփիւռքի ուծացնող պայմաններում հայը մնայ հայ, ապրի եւ ստեղծի հայօրէն, միշտ պատրաստ լինի հայակերտումի եւ հայապահպանման պատնէշին»: Այս կարգախօսով էր, որ Ռումինահայերի միութիւնը հինգ տասնամեակ առաջ զգալի ներդրում ունեցաւ Ամերիկայում հայկական վարժարանների ցանցի հիմնադրման գործում, այդ թւում՝ Ֆերահեան եւ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս դպրոցների: Այնուհետեւ միութեան անդամները ձեռնամուխ են լինում մարզական, մշակութային տարբեր կենտրոնների ստեղծմանը, մասնակցում են Ս. Կարապետ Մայր եկեղեցու հիմնադրմանը: Հոլիվուդի կենտրոնում գործող Ռումինահայերի միութեան կենտրոնատեղին 2000 թուականից ծառայում է որպէս միութենական կեանքի բարգաւաճման մի վայր, որտեղ տեղի են ունենում միութենական անդամական ընդհանուր ժողովներ, ընկերային, կրթական, մշակութային, նաեւ աւանդական ձեռնարկներ՝ տարեցների հաւաքոյթներ, մանկական եւ երիտասարդական ցերեկոյթներ: Գրիգոր Յովսէփեանն այն նուիրեալներից է, ով իր անխոնջ աշխատանքով օժանդակելով նաեւ այս միութեան աշխատանքներին, մասնակիցն է թէ՛ հայրենիքի բարգաւաճման, թէ՛ Ռումինիայում եւ Միացեալ Նահանգներում համայնքի զօրացման գործին:
«Մեր ապագայ սերնդի ձեւաւորման առաջին եւ հիմնական փուլը սկսւում է ընտանիքում, եւ շատ կարեւոր է հայեցի կրթութիւնն ու դաստիարակութիւնը: Իսկ հայկական միութիւնները շարունակում են այդ գործը», նշում է Գրիգոր Յովսէփեանը, ով իր սեփական օրինակով է հաստատում խօսքերը: