ԱՐՄԵՆԱԿ ՉԱՏԻՆԵԱՆ
Անցած տարի Հայաստանի արտաքին պարտքն աւելացել է 4.4 տոկոսով, ընդհանուր պետական պարտքը՝ 5 տոկոսով:
Անցած տարի Հայաստանի պետական պարտքը դրամային արտայայտութեամբ աւելացել է 5.5 տոկոսով կամ 96.8 մլրդ. դրամով՝ Դեկտեմբերի վերջին կազմելով 1.86 տրլն. դրամ: Դոլարային արտայայտութեամբ պետական պարտքի աճը կազմել է 216 մլն. դոլար կամ 5 տոկոս՝ մինչեւ 4.588 մլրդ. դոլար: Հայաստանի պետական պարտքը կազմել է 2012թ. ՀՆԱի 46.5 տոկոսը: Ընդ որում, պետական պարտքի ծաւալը, ինչպէս նաեւ պարտք-ՀՆԱ յարաբերակցութիւնը գերազանցել են «Կառավարութեան պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրով» նախանշուած ցուցանիշները:
Ֆինանսների նախարարութեան «Պետական պարտքի տեղեկագիր» հրապարակման համաձայն՝ պետական պարտքի 85 տոկոսը կամ 3.9 մլրդ. դոլարը կազմել է արտաքին պարտքը: Արտաքին պարտքը 2012թ. համեմատ անցած տարի աւելացել է 164.7 մլն. դոլարով կամ 4.4 տոկոսով՝ Դեկտեմբերի վերջին կազմելով 3.9 մլրդ. դոլար: Արտաքին պարտքի ծաւալը նոյնպէս գերազանցել է գործադրի ռազմավարական ծրագրում նշուած ցուցանիշը (2013թ. համար ծրագրուած էր 3.83 մլրդ. դոլար):
Ֆիննախի հաշուետուութիւնից երեւում է, որ Հայաստանի արտաքին պարտքն ամբողջովին աւելացել է կառավարութեան կողմից ներգրաւուած նոր միջոցների հաշուին: Անցած տարուայ ընթացքում Կենտրոնական բանկի պարտքը կրճատուել է 86.3 մլն. դոլարով՝ Դեկտեմբերի վերջին կազմելով 508 մլն. դոլար: Սա հիմնականում պայմանաւորուած է Արժոյթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. տրամադրած վարկի մարումով. ըստ համաձայնագրի մարման պիկն ընկնում էր 2013թ. վրայ:
Անցած տարի արտաքին պարտքի սպասարկմանն ընդհանուր առմամբ ուղղուել է մօտ 860 մլն. դոլար, որից 809 մլն. դոլարը մայր գումարի մարմանը եւ 50 մլն. դոլարը՝ տոկոսավճարներին: Կառավարութիւնը 2013թ. բիւջէում ամրագրել էր, որ պետպարտքի սպասարկմանը պէտք է ուղղի 418 մլն. դոլար: Գործադիրը, սակայն, Հոկտեմբերին վաղաժամ մարեց 2009թ. ներգրաւուած 500 մլն. դոլար ռուսական վարկի 476.8 մլն. դոլար մնացորդը: Ռուսական վարկի վաղաժամ մարմանն ուղղուեց Սեպտեմբերին տեղաբաշխուած եւրաբոնդերից ստացուած 690 մլն. դոլարի մի մասը: