ՀԱՅԿԱՆՈՒՇ ԹՈՐՈՍԵԱՆ
Հայաստանն ակնկալում է ՄԱԿի Եունիֆիլ խաղաղապահ առաքելութեան կազմում Լիբանան գործուղել մէկ դասակ:
Բէյրութի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն «Առաջին Լրատուական»ի հետ զրոյցում նշեց, որ որոշմանը միանշանակ գնահատական տալը դեռեւս վաղ է, սակայն դա արդէն բանակցութիւնների առարկայ է:
«Արդէն շուրջ մի տարի է, գուցէ մի քիչ պակաս, որ այս բանակցութիւնները վարւում էին հայկական կողմի եւ միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարութիւնը ստանձնած իտալական կողմի միջեւ: Կարծում եմ՝ միջազգային խաղաղապահ ուժերի կամ նման միջազգային կառոյցների հայկական ներգրաւուածութիւնը որոշակի առումով օրինաչափ է: Իհարկէ, սա եւս պէտք է դիտարկել ընդհանրապէս միջազգային ընտանիքի, միջազգային կազմակերպութիւնների եւ կառոյցներին հայկական կողմի ներգրաւուածութեան համատեքստում: Կարծում եմ՝ այս պահին պէտք է նորմալ ընկալել քայլը, անհանգստութեան տեղիք տալու որեւէ խնդիր չկայ այստեղ: Սա, ինչպէս ասացի, նորութիւն չէ: Ակնկալւում է, որ որոշումն ի վերջոյ կը լինի: Չմոռանանք, որ միջազգային խաղաղապահ ուժեր Լիբանանում տեղակայելու որոշումից յետոյ առաջին անգամ նաեւ Թուրքիան էր ինքնառաջադրուել՝ մաս կազմելու», ասաց նա:
Գանտահարեանը նշեց, որ առաջին րոպէից, երբ Լիբանանի եւ Իսրայէլի պատերազմից յետոյ միջազգային ընտանիքը որոշեց խաղաղապահ ուժեր ուղարկել, Թուրքիայի ինքնառաջադրումը դիտարկւում էր նաեւ ընդհանրապէս տարածաշրջանում թուրքական գործօնի աշխուժացման ընդհանուր համատեքստում, բայց պէտք է ասել, որ վերջերս Թուրքիան արդէն իր զօրքերը վերադարձրեց, այսինքն՝ այժմ այնտեղ թուրքական զօրամիաւորում չկայ խաղաղապահ ուժերում:
Նրա խօսքով՝ ընդհանրապէս տարածաշրջանում նախկին աշխուժութիւնը չկայ, չի երեւում թուրքական գործօնը, ընդ որում՝ նաեւ Լիբանանում, չկայ ընդհանուր համակրանքը, որ ալիքաւորուել էր, բարձրացել էր Անկարայի նկատմամբ: Այսօր նոյն պատկերը չէ:
Գանտահարեանը կարծիք յայտնեց, որ այս պահի դրութեամբ պիտի նորմալ ընկալել ինչպէս տարբեր երկրներում, այնպէս էլ այնտեղ՝ Լիբանանում, հայկական դասակի տեղակայումը: «Միջազգային խաղաղապահ ուժերը որեւէ կոնֆլիկտային յարաբերութեան մէջ չեն քաղաքական ուժերի հետ: Այդ գօտում մէկ-մէկ լինում են որոշ միջադէպեր, բայց ասել, որ միջազգային ուժերը թիրախաւորուած են այս կամ այն կողմից՝ ճիշդ չի լինի. որեւէ ձեւով այդ մարտերին նրանք չեն մասնակցում, միջազգային որոշումն են իրականացնում, եւ լիբանանեան կողմը, այսինքն՝ պաշտօնական Բէյրութը, համաձայնութիւն է տուել դրան: Ուրեմն այդտեղ արտաքին միջամտութեան կամ պաշտօնական Բէյրութի շրջանցումով չի այդ որոշումը. սա դիտարկւում է իբրեւ խաղաղապահ ուժերի ներկայութիւն, ասենք, Լիբանանի եւ Իսրայէլի սահմանում:
Ես կարծում եմ, որ բացասական բան չկայ այստեղ, նորմալ կ՛ընկալուի բոլորի կողմից: Այո, չասեմ՝ դրական կամ բացասական, հանգիստ, նորմալ է ընկալւում», ասաց նա:
Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ անդամ Յակոբ Բագրատունին «Առաջին լրատուական»ի հետ զրոյցում նշեց, որ իր վերաբերմունքը այս որոշմանը դրական է: «Սա ոչ միայն օգտակար է, այլեւ պէտք է ասել, որ ուժերի հաւասարակշռութեան մէջ կարեւոր քայլ է ՀՀ կողմից: Սա առաջին անգամ չէ, սրանից առաջ էլ մի խումբ էր ուղարկուած: Պէտք է ասել, որ երբ թուրքական զօրախումբ եկաւ մասնակցելու ՄԱԿի խաղաղապահ ուժերում, դա լուրջ մտահոգութիւն էր մեզ համար, սակայն այս ուժերը քաշուել են Լիբանանից, եւ հիմա հակառակը, մեզ համար օգտակար քայլ ենք համարում սա: Ոչ թէ Լիբանանի հայութեան համար, այլ Հայաստանի միջինարեւելեան քաղաքականութեան: Մենք, իբրեւ խաղաղապահ ուժ, իբրեւ խաղաղութեանը հաւատացող երկիր, տեսնում ենք, որ Լիբանանում խաղաղութեան պահպանման համար կարեւոր քայլ է արւում», ասաց նա:
Բագրատունու խօսքով՝ Հայաստանն աշխարհում կը դիտարկուի իբրեւ խաղաղութեան համար պայքարող երկիր, եւ սա օգտակար ու կարեւոր քայլ է մեր երկրի կողմից:
«Հըզբոլլահ»-ՀՅԴ յարաբերութիւններն այս որոշման հետեւանքով չեն կարող վտանգուել: Պատգամաւորը նկատեց. «Հըզբոլլահ»ն ինքը նաեւ համաձայն է եղել խաղաղապահ ուժերի ներկայութեանը, «Հըզբոլլահ»ի եւ ՀՅԴի միջեւ խնդիր տեսնելը ճիշդ չէ: Փաստօրէն, սա Հայաստանի պետութեան որոշումն է: Մենք յարգում ենք այդ որոշումը: Եթէ սրանից առաջ թուրքական ուժերին ընդունեցին, որ մասնակցեն այս խաղաղապահ առաքելութեանը, համարուեց, որ Թուրքիան խաղաղութեան ձգտող է: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզնից որեւէ քաղաքական ուժ չի կարող դէմ լինել նման քայլի: Լիբանանի համայնքը այս հարցի կապակցութեամբ նոյն դիրքորոշումն ունի, ինչպէս ցանկացած քայլի դէպքում, որ հայոց պետութիւնը կատարում է ի նպաստ խաղաղութեան եւ ի նպաստ Հայաստանի պետութեան ամրակայման», ասաց նա: