

ԴԱՒԻԹ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
1988ի ղարաբաղեան ազգային-ազատագրական պայքարը, որի արմատները խորն են, վկայում է իր ազատութեան եւ անկախութեան համար ընդվզող արցախահայութեան անկոտրում կամքի ու արժանապատւութեան մասին: Բռնակցուելով Ադրբեջանին՝ ժողովուրդը երբեք չի հաշտուել օտարի լծի տակ համակերպուելու մտքին եւ 70 տարիների ընթացքում բազմիցս է իր ցասումն ու բողոքն արտայայտել գաղութացման դէմ՝ ցոյցերով եւ հանրահաւաքներով, Մոսկուա յղած նամակներով, զանգուածային ստորագրութիւններով: Ինչ խօսք, ցանկացած պայքար, դժգոհութիւն ճնշւում էր Խորհրդային Միութեան եւ Բաքուի իշխանութիւնների կողմից, եւ նրանց հեղինակները (նախաձեռնողները) հետապնդւում, աքսորւում եւ բանտ էին քշւում, դաժան հալածանքների ենթարկւում: Շատերին ազգայնամոլի պիտակ էր կպցւում եւ պարտադրւում լքել մարզի սահմանները: Նրանց շարքերում, բնականաբար, մեծ թիւ էին կազմում մտաւորականութեան ներկայացուցիչները, մասնաւորապէս գրողները, ովքեր փաստացի ուղղորդում, ղեկավարում էին համաժողովրդական շարժումը:
Այդպէս եղաւ նաեւ 1988ին, երբ ոգեւորուած Մ. Գորբաչովի կողմից հռչակուած վերակառուցման կուրսով, արցախահայութիւնը հրապարակայնօրէն արտայայտեց Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ մայր Հայաստանին միաւորուելու իր օրինաւոր պահանջի մասին: Ահա թէ ինչու մշտապէս ազերական իշխանութիւնների թիրախում են յայտնուել առաջին հերթին գրական ընտանիքի ղեկավարները՝ ազգանուէր գործունէութեան համար. Գրիգոր Ներսիսեան, Բոգդան æանեան, Բագրատ Ուլուբաբեան, Վարդան Յակոբեան… Մարդիկ, որոնք չեն ընկրկել ազերական բռնապետական մեքենայի առաջ: Եւ այս աստղաբոյլին հմայք են հաղորդել Գուրգէն Գաբրիէլեանը, Հրաչեայ Բեգլարեանը, Մաքսիմ Յովհաննիսեանը… Ոչ ոք չի կարող ուրանալ Բագրատ Ուլուբաբեանի անուրանալի աւանդը՝ Ադրբեջանի բռնապետութեան դէմ պայքարի կազմակերպման, ժողովրդի համախմբման գործում: Այդ տեսանկիւնից յատկանշական է ԽՄԿԿ Կենկոմ, ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդ եւ Մինիստրների խորհուրդ յղած մարզի մի խումբ ղեկավար աշխատողների նամակը, որում 1920ական թթ.ից վեր մանրակրկիտ փաստարկներով նկարագրւում էր Ադրբեջանի կողմից մարզում տարուող հայատեաց քաղաքականութեան մասին: Նամակի հեղինակները, բնականաբար, երկրամասի ժողովրդի միակ փրկութիւնը տեսնում էին Արցախը Հայաստանին վերամիաւորելու մէջ: Նման խիզախ քայլի համար թէ նամակագիրներն ինչպիսի դառն ճակատագրի արժանացան, բոլորիս է յայտնի: Նամակը չհասաւ իր նպատակին, բայց ունէր, անշուշտ, մեծ դերակատարութիւն: Արցախեան ազատագրական շարժումն առաւել յախուռն դրսեւորուեց 1988ին: Իսկ պայքարի ակունքներում դարձեալ Արցախի մտաւորականութեան լաւագոյն ներկայացուցիչներն էին: Գրողների միութիւնում, որը շարժման ակտիւ մասնակիցներին համախմբող շտաբի էր վերածուել, Գուրգէն Գաբրիէլեանի, Վարդան Յակոբեանի, Հրաչեայ Բեգլարեանի կողմից պատրաստւում է «23ի նամակը»: Յետագայում «շտաբը» տեղափոխուեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրութեան շէնքը. այնտեղից յարմար էր ղեկավարել նաեւ հրապարակի ցոյցերը: Այդ օրերին «շտաբից» անբաժան էին գրական ընտանիքի անդամներից շատերը (Սոկրատ Խանեան, Արկադի Թովմասեան, Կոմիտաս Դանիէլեան, Կիմ Գաբրիէլեան, տողերիս հեղինակը եւ ուրիշներ): Գրողների վեհ առաքելութեան մասին է հաւաստում նաեւ Մոսկուա մեկնած պատուիրակների խմբում (այն գլխաւորում էր Արցախի ԳՄ նախագահ Վարդան Յակոբեանը) գրողների ընդգրկուելու փաստը: Պատուիրակութեան միւս անդամների հետ նրանք Կրեմլում յամարձակ պաշտպանում էին Արցախի դատը եւ Ստեփանակերտ վերադառնալուց, անտեսելով իրենց սպառնող վտանգը, շարունակում էին առաւել ակտիւ գործունէութիւն ծաւալել հանրութեան շրջանում: Առանձնապէս մեծ ջանքերի հետ էին կապուած ժողպատգամաւորների արտահերթ նստաշրջանի հրաւիրման նպատակով նրանց կողմից իրականացուող նախապատրաստական (քարոզչական-բացատրական) աշխատանքները յանուն պահանջատիրութեան՝ ժողովրդի համախմբմանը միտուած աշխատանքները, որոնք ապարդիւն չանցան: Յատկանշական է, որ շարժման ակտիւիստները «շտաբում» գրողների հետ հաւաքւում էին անելիքները ծրագրելու եւ քննարկելու, իրենց քայլերը համաձայնեցնելու եւ իրականացնելու համար: Ճիշդ է, «շտաբ» մուտք գործելու համար «յատուկ անցաթուղթ» չէր պահանջւում, սակայն բոլորին արտօնուած չէր ներկայ գտնուել օրակարգային հրատապ հարցերի արծարծմանը եւ որոշումների կայացմանը: Յաճախ գործողութիւններն այնպէս արագ էին զարգանում, որ սկզբունքային նշանակութիւն ունեցող խնդիրների շուրջ վերջնական վճիռներ ընդունելու համար երկար ժամանակ էր պահանջւում, եւ իրավիճակից ելնելով՝ քննարկումները շարունակւում էին մինչեւ ուշ գիշեր, երբեմն էլ՝ մինչեւ լուսաբաց…
Ասուածի վառ ապացոյցը Փետրուարի 20ին ժողովրդական պատգամաւորների պահանջով ԼՂՀ Մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի կազմակերպումն էր, ինչի մասին իր յիշողութիւններում անդրադարձել է նաեւ պատմական նստաշրջանի նախագահ, հանրապետութեան վաստակաւոր ուսուցիչ Վիգէն Հայրապետեանը. «Փետրուարի 19ին հանրահաւաքի մասնակիցների պահանջով պատգամաւորներ Վարդան Յակոբեանը եւ Արմօ Ծատուրեանը, բանաստեղծ Գուրգէն Գաբրիէլեանի հետ այցելում են ԼՂՀ գործկոմի նախագահի տեղակալ Շմաւոն Պետրոսեանին եւ նրա սեղանին դնելով արտահերթ նստաշրջան հրաւիրելու վերաբերեալ թուով 67 պատգամաւորների ստորագրութիւններով հաստատուած տեքստը՝ պահանջում նոյն օրը սկսել նստաշրջանի աշխատանքները: Բայց քանի որ, կանոնակարգի համաձայն, նստաշրջանը պէտք է հրաւիրուէր խորհրդարանի գործկոմի որոշմամբ, հետեւապէս պիտի գործկոմի նիստ կայանար ու նոր միայն խօսք բացուէր նստաշրջանի հրաւիրման մասին: Որպէս գործկոմի անդամ՝ ես տուել էի իմ համաձայնութիւնը: Ցաւօք, նրանցից ոչ քչերը հրաժարուեցին իրենց ստորագրութիւնները դնել արտահերթ նստաշրջան հրաւիրելու առաջարկի տակ: Իսկ ինչ վերաբերում է մարզգործկոմի նախագահ Վ. Օսիպովին, այդ օրերին նա անբաժան էր Բ. Կէորկովից եւ գրեթէ դուրս չէր գալիս մարզկոմի շէնքից: Մինչդեռ, ի հեճուկս մեր հակառակորդների, նստաշրջանը Փետրուարի 20ին կայացաւ եւ քուորումն ապահովուեց»…
Նստաշրջանի մասին մանրամասներ պատմելով՝ որոշ ուշագրաւ դրուագների է անդրադառնում եւ Շարժման առաջամարտիկներից Ռազմիկ Պետրոսեանը. «Հէնց որ հրապարակում հաւաքուածներն իրազեկւում էին, որ պատգամաւորների թիւը թէկուզեւ մէկով աւելացել է, անսահման ուրախութիւն էին ապրում: Շատերը, շրջանցելով ազերի ոստիկանների կողմից հսկուող պահակակէտերը, վտանգից խուսափելու համար մարզկենտրոն էին հասնում անտառներով ու լեռներով: Յետոյ ակնյայտ դարձաւ, որ իր շքախմբով դահլիճում յայտնուած Ք. Բաղիրովը պատգամաւորներին փորձում է սիրաշահել ու խոստումներ տալ՝ «կանաչ լոյս փռել» նրանց ճանապարհին, միայն թէ նիստը չգումարուի եւ որոշում չկայացուի: Սակայն ներկաները, չհանդուրժելով նրա «կոկորդիլոսեան արցունքները», արհամարհում ու պահանջում են լքել դահլիճը: Իսկ ԼՂԻՄ գրողների միութեան նախագահ, պատգամաւոր Վարդան Յակոբեանը, ով դրանից յետոյ առաջինն էր մօտեցել ամբիոնին եւ նստաշրջանում հանդէս եկել Ադրբեջանի իշխանութիւնների հայատեաց քաղաքականութիւնը դատապարտող հիմնաւորուած, ընդարձակ զեկուցմամբ, բացայայտ դիմել է Բաղիրովին. «Դուք խանգարում էք նստաշրջանի աշխատանքները, կարող էք նստել կամ էլ գնալ՝ ինքներդ որոշէք»… Ելոյթ ունեցողներն էլ (թուով 44 հոգի) խստիւ քննադատում եւ անարգանքի սիւնին էին գամում Ադրբեջանի ղեկավարներին, ընդգծելով, որ այլեւս յետդարձի ճանապարհ չկայ, ու ժողովրդի փրկութիւնը միայն մայր Հայաստանին միաւորուելու մէջ է: Իսկ թէ 1988ի Փետրուարի 20ին ԼՂԻՄ պատգամաւորների արտահերթ նստաշրջանը պատմական ինչպիսի որոշում կայացրեց, բոլորին է յայտնի… Յիրաւի, մեծ ու անուրանալի է արցախեան ազատագրական շարժման գործում «23ի նամակ»ի դերը:
«Գրական Թերթ»