Հակասահմանադրական ճանաչելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը՝ Սահմանադրական դատարանն այսօր պատմական որոշում կայացրեց: Այն աշխատողները, ում աշխատավարձից գործատուները ստիպուած են եղել անցած երկու ամիսներին փոխանցումներ կատարել, իրաւունք ստացան պահանջելու կառավարութիւնից՝ հետ վերադարձնել այդ գումարները եւ իրենց կամքով որոշել՝ կատարելո՞ւ են յետագայում կուտակային վճարումներ, թէ ոչ:
Սա նշանակում է նաեւ, որ գործադիրը ամբողջութեամբ պէտք է կանգնեցնի կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի սպասարկումն ապահովող համակարգը, որի վրայ հսկայական էներգիա եւ միջոցներ է ծախսել, կամ առնուազն համապատասխանեցնի ՍԴի որոշմանը:
Քաղաքական կայուն համակարգ եւ մշակոյթ ունենալու պարագայում ՍԴ այս որոշումից յետոյ կառավարութիւնը հրաժարական կը տար՝ թէ՛ այն պատճառով, որ, ըստ էութեան, հակասահմանադրական համակարգ էր փորձում պարտադրել քաղաքացիներին, թէ՛ այն պատճառով, որ սա, ըստ էութեան, այս տարուայ բիւջէի եւ կառարութեան ծրագրի հիմքում ընկած՝ սոցիալական ապահովութեան եւ սոցիալական պաշտպանութեան քաղաքականութեան ձախողման ակտ էր:
Այս իմաստով ՍԴն փաստացի կառավարութեանն անվստահութիւն յայտնելու նոր եւ հիմնաւոր փաստարկ տրամադրեց ԱԺ ընդդիմադիր ուժերին: Առանց վարանելու կարելի է ասել, որ սա հասարակութեան հերթական յաղթանակն էր իշխանութեան նկատմամբ, որին հնարաւոր եղաւ հասնել մի քանի գործօնների համադրման արդիւնքում: Առաջինը, բնականաբար, «Դէմ եմ» շարժման նախաձեռնումն էր եւ ձնագնդի էֆեկտով անընդհատ մեծացումն ու զարգացումը, որը ժամանակի ընթացքում աւելի ու աւելի էր թրծւում, փորձառութիւն ձեռք բերում, կազմակերպուած ու համակարգուած բնոյթ ստանում:
Երկրորդ գործօնը պառլամենտական քաղաքական ուժերի աջակցութիւնն էր այդ շարժմանը՝ ունեցած իրաւական ու ինստիտուցիոնալ (սահմանակարգային-Խմբ.) լծակների տրամադրմամբ, ինչը հնարաւոր դարձրեց պայքարը, հասարակական-քաղաքացիական հարթութեանը զուգահեռ, տեղափոխելը նաեւ իրաւաքաղաքական մակարդակ եւ զարգացնելը: Արդիւնքում՝ ստեղծուեց մի իւրօրինակ հասարակական-քաղաքական հիբրիդ (խառնածին-Խմբ.), որն իր տեսակով, հասարակութեան կողմից վստահութեան ռեսուրսով (միջո-ցով-Խմբ.) եզակի էր առնուազն վերջին 10 տարուայ կտրուածքով:
Երրորդ գործօնը՝ իշխանութեան եւ կառավարութեան, համակարգը ներդնելու հարցում ցուցաբերած չորկողութիւնը եւ փոխզիջումների չգնալու կեցուածքն էր, որն էլ աւելի էր մղում հասարակական ինքնակազմակերպման եւ դիմադրողական շարժման մոբիլիզացման (զօրաշարժին-Խմբ.): Կարելի է ասել՝ հէնց այդ գործօնը ստիպեց, որպէսզի շարժումը ծաւալուի ձնագնդի էֆեկտով: Կոմպրոմիսի (փոխզիջումի-Խմբ.) անհրաժեշտութիւնը գործադիրը հասկացաւ միայն այն ժամանակ, երբ վերջապէս տեսաւ շարժման իրական ներուժը, բայց միայն այն ժամանակ, երբ բանը բանից արդէն անցել էր, եւ արդէն կանխատեսելի էր ՍԴի նման որոշումը:
Եւ, վերջապէս, չորրորդ գործօնը՝ որքան էլ տարօրինակ հնչի, ՍԴի համար ստեղծեց հէնց գործադիր իշխանութիւնը: Դեռեւս Յունուարին, երբ ՍԴն որոշեց մինչեւ վիճարկուող հարցի կապակցութեամբ վերջնական որոշման կայացումը կասեցնել օրէնքի որոշ դրոյթներ, Ֆինանսների նախարարութիւնը, Կենտրոնական բանկը եւ Պետեկամուտների կոմիտէն իրենց իրաւունք վերապահեցին ոչ միայն իւրովի մեկնաբանելու ՍԴի այդ աշխատակարգային որոշումը, այլեւ փաստացի արհամարհելու այն եւ դրդելու գործատուներին ցանկացած պարագայում կատարել պահումները եւ կուտակայինի փոխանցումները:
Դեռ Մարտի 28-29ին ՍԴում հայցի քննարկումներից եւ ՍԴ անդամների հարցադրումներից էր պարզ, որ դա խոցել է ՍԴ անդամներին, եւ որ դա անհետեւանք չի լինելու: Նաեւ այլ առումով է ՍԴի այս որոշումը պատմական: Թէեւ ուշացած, սակայն այն բոլոր դէպքերում հասկանալի դարձրեց, որ ՍԴն կառավարութեան աշխատակազմի կառուցուածքային ինչ որ ստորաբաժանում չէ, որպէսզի վերադասերն իրենց իրաւունք վերապահեն կամակայանօրէն գնահատելու նրա գործողութիւնները, դեռ մի բան էլ հրահանգաւորեն կամ սովորեցնեն: Այս որոշման հիմնական իմաստը ՍԴի՝ իբրեւ պետական առանցքային ինստիտուտի, ունեցած սահմանադրական կարգավիճակի հաւաստման եւ պարտադրման, մեծ հաշուով՝ պետութեան հեղինակութեան վերականգնման փորձ լինելն է:
Սակայն ողջ հարցն այն է, թէ որքանով է, ՍԴ այս որոշմամբ պայմանաւորուած, հասարակութեան տարած յաղթանակը հիմնաւոր եւ երկարաժամկէտ: Նախ՝ հանրապետութեան նախագահի մակարդակով է յայտարարուել կենսաթոշակային այս «բարեփոխումն» անցկացնելու անխուսափելիութեան մասին: Սա նշանակում է, որ իշխանութիւնը ցանկացած պարագայում չի հրաժարուելու կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդնելու գաղափարից եւ փորձելու է նոր լուծումներ գտնել:
Գործադիրը երկու տարբերակ ունի՝ կա՛մ ՍԴ որոշումը շրջանցելու ձեւեր մոգոնել, կա՛մ գնալ օրէնսդրական փոփոխութիւնների, որոնք ՍԴ դիմելու անհրաժեշտութիւն չեն առաջացնի: Իսկ դա հնարաւոր է միայն քաղաքական եւ քաղաքացիական շրջանակների հետ կոնսենսուսի (համաձայնութիւն-Խմբ.) գնալու միջոցով:
Երկրորդ՝ դեռեւս պէտք է հասկանալ, անկախ բոլոր օբյեկտիւ իրողութիւններից եւ նման որոշման համար առաւել քան բաւարար հիմքերից, որն էր ՍԴի կողմից նման միանշանակ որոշում կայացնելու հիմնական շարժառիթը, ի՞նչ է իրականում թաքնուած դրա տակ: Որքան էլ ՍԴն վիրաւորուած լինէր գործադիրից, այն եղել եւ շարունակում է մնալ իշխանական կոնիւնկտուրային (իրավիճակին-Խմբ.) սպասարկող եւ դրա մի մասը հանդիսացող ինստիտուտ, որն ունակ չէ միայնակ, սեփական նախաձեռնութեամբ անկախ որոշումներ կայացնել, այն էլ այնպիսիք, որոնք մի ամբողջ համակարգ են քարուքանդ անում եւ հակասում են երկրի նախագահի ուղեգծին:
Չի բացառւում, որ ՍԴն այս որոշումը կայացրել է արդէն իսկ կառավարութեան կողմից այլընտրանքային լուծումներ գտած լինելու պարագայում: Այդ դէպքում որոշումը կարող է ընդամէնը ծառայել մէկ նպատակի՝ վերափոխել հանրային բացասական ընկալումը ՍԴի նկատմամբ:
Այսինքն՝ չի բացառւում, որ սա իրականում խոշոր PR օպերացիա է, որի ողջ իմաստն այս որոշման լոյսի ներքոյ կոնիւնկտուրայի շահերից բխող, իշխանութեան համար շատ աւելի կենսական նշանակութիւն ունեցող հարցերի, օրինակ՝ ընտրութիւնների արդիւնքները վիճարկելու հետ կապուած՝ ՍԴ յետագայ որոշումներն արդարացնելն ու լեգիտիմացնելն (օրինականացնելը-Խմբ.) է: Եթէ իսկապէս այդպէս է, ապա որքան յուսադրող է թւում ՍԴ այս որոշումը, այնքան էլ, գուցէ, աւելի մտահոգիչ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.