
ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչութիւնը (City of Los Angeles Department of Cultural Affairs) իւրաքանչիւր երկու տարին մէկ անգամ կազմակերպում է ցուցադրութիւն, ուր ներկայացւում են քաղաքի արուեստագէտների հարիւրաւոր աշխատանքներ: Մարտի 30ին, Հոլիվուդի Բարնսդալ պուրակում բացուեց Լոս Անջելեսի քաղաքային արուեստի ցուցադրութիւնը՝ Los Angeles Municipal Art Gallery (LAMAG), որի շրջանակում արուեստագէտները ներկայացրել էին գրեթէ երկու հազար աշխատանք՝ կերպարուեստի, քանդակի, լուսանկարչութեան, ճարտարապետութեան, դիզայնի, վիդէօ-արուես- տի բնագաւառներում: Լոս Անջելեսի մշակութային հարուստ միջավայրում իրենց առանձնայատուկ աշխատանքերով առանձնանում էին հայ արուեստագէտները, իսկ լաւագոյն մրցանակը շնորհուեց երիտասարդ արուեստագէտ Լարիսա Սաֆարեանին: Երիտասարդ աղջնակի ձուի կեղեւից պատրաստուած «Թէյնիկ», «Բոյն» եւ «Տիեզերական մարմին» աշխատանքները ճանաչուեցին լաւագոյները՝ ցուցահանդէսին ներկայացուած հարիւրաւոր արուեստագէտների գործերի շարքում: «Ցուցադրութեան մասնակցութեան համար իմ յայտը լրացրի առանց կարեւորութիւն տալու»: Իմ աշխատանքներից որեւէ սպասելիք չունէի: Մտածում էի, որ անպայման հայրիկիս գործերը ուշադրութեան կ՛արժանանան» ասում է մրցանակից շփոթուած Լարիսան:
Հայրիկի՝ Նաիրի Սաքարեանի փայտի փորագիր քանդակները նշանաւոր են: Լարիսան երբեք արուեստի դասեր չի ստացել, աշխատել սկսել է հօր օգնութեամբ: Լաւագոյն դասերը նրան հէնց հայրիկն է տուել: Հայր ու աղջիկ հիմա պատրաստւում են անհատական ցուցադրութեան, որը տեղի կ՛ունենայ մէկ ամիս անց, Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոսարանի շէնքում:
Լարիսան ծնուել է Երեւանում, սովորել հոգեբանութիւն, տնտեսագիտութիւն, մասնագիտական կրթութիւն է ստացել նաեւ այստեղ՝ Լոս Անջելեսում: «Առանց արուեստի ինձ չեմ պատկերացնում, իմ կեանքի մեծ մասն է: Ես տարբեր ոճերում եմ աշխատել, տարբեր նիւթեր օգտագործել, բայց հիմա հետաքրքրութիւնս ձուի կեղեւի վրայ փորագրութիւնն է: Հայրս փայտի վրայ է աշխատում, սակայն փայտն ինձ համար կոպիտ է, ձեւի կեղեւի նրբութիւնն ու փխրունութիւնն ինձ աւելի են գրաւում», ասում է Լարիսան:
Լոս Անջելեսի մշակութային հարցերով վարչութիւնը՝ Los Angeles Municipal Art Gallery-ն (LAMAG) ցուցադրութիւնը կազմակերպում է 1954 թուականից: Իւրաքանչիւր երկու տարին մէկ անգամ Հարաւային Քալիֆորնիայի ստեղծագործողներին ազատ հնարաւորութիւն է տրւում ներկայացնելու իրենց աշխատանքները: Այս ցուցադրութեան նպատակն է մեկնաբանել լոսանջելեսեան արուեստը, կանխազգալ ընդհանուր ստեղծագործական դաշտը: Այս տարուայ մրցականակրի աշխատանքը տարբերւում էր իր իւրօրինակութեամբ: Լարիսայի գործերը ոչ միայն դատակազմի մասնակիցներին էին հիացրել ու զարմացրել, այլեւ իրենց շուրջն էին հաւաքել հազարաւոր ներկաների:
«Մարդկանց արձագանգներն են որոշում չափանիշները: Նրանց համար անսովոր է տեսնել քանդակած ձուի կեղեւ, իւրօրինակ է, դժուար է, ու երեւի սա էլ գրաւել է ժիւրիի ուշադրութիւնը», հանդիսատեսի հետաքրքրութիւնն է բացատրում Լարիսան:
Երազանքի պէս թեթեւ ու փխրուն աշխատանքները Լարիսայի մտքի թռիչքներ են: æայլամի ձուի կեղեւը վերածուել է թէյնիկի, ժանեակի նման փորագրուել ու զարդարուել: Մանրակրկիտ աշխատանքի նրբութիւնն ու գեղեցկութիւնը հիացնում են, նիւթը կորցնում է իր կշիռը եւ վերածւում մարմնաւորուած երա-զանքի:
«Ստեղծագործողի համար քիչ բան է պէտք, միայն ստեղծագործել: Մարդիկ խոչընդոտների հանդիպում են բոլոր ասպարէզներում: Իսկ ինչո՞ւ պէտք է արուեստագէտների համար ամէն ինչ հասանելի լինի: Միշտ մի դուռ փակւում է, մէկ ուրիշը բացւում: Ես պարզապէս իրականացնում եմ իմ երազանքները. ինձ համար հաճելի է ստեղծագործելը», ասում է Լարիսան:
Սա Լարիսայի հինգերորդ ցուցահանդէսն է եւ չորրորդը՝ Լոս Անջելեսում: Իր աշխատանքների յաջողութեան մասին չանհանգստացող եւ իր երազանքին հաւատարիմ աղջկայ պարգեւը այս մրցանակն է, որը հաւատացած եմ՝ վերջինը չէ:
«Բարնսդալ» ցուցասրահում LAMAG-ի ցուցադրութիւնը կը շարունակուի մինչեւ այս տարուայ Ապրիլի 12ը: Մասնակիցների շարքում են հայ արուեստագէտներից Գալուստ Գէօդելը, Ալեքսանդր Սադոյեանը, Նարէ Հայկազեանը, Աշոտ Խուդաւերդեանը, Էլլա Սարգսեանը, Նարինէ Իսաջանեանը, Արմէն æանոյեանը, Արշակ Նազարեանը, Մինաս Հալաջը, Ռուզաննա Բերբերեանը, Վահէ Մանուկեանը, Բարիս Գիւլեանը, Գագիկ Ֆարադեանը եւ այլոք:
Լարիսա եւ Նաիրի Սաֆարեաների աշխատանքներին կարելի է ծանօթանալ
www.woodsymphony.com կայքում: