
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Հրանդ Թադէոսեանը ժամանակակից ճանաչուած, տաղանդաւոր գեղանկարիչներից է: Աւարտել է Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական ֆակուլտետը: Չնայած դրան, որ սկսել է նկարել շատ վաղուց, իր աշխատանքները չէին ընդունում խորհրդային «լճացման տարիներին», չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ «աւանգարդիզմ»ը՝ աշխարհը նորովի տեսնելու, ընկալելու եւ արտայայտելու մօտեցումները: Միայն 80ա-կաններին սկսեցին լուրջ ընկալուել արուեստի գործերը: Կարծես թէ նոր մշակոյթային մթնոլորտ ստեղծուեց:
Դեռ ուսանողական տարիներին մասնակցել է տարբեր ցուցահանդէսների, բայց առաջին անհատական ցուցահանդէսը ներկայացրել է 1988թ.: Այդ տարիքում իր մօտ հասունացել, իմաստաւորուել էին հայկական բնաշխարհի ընկալման, կտաւի վրայ արտացոլման մտածմունքները, մտահղացումները՝ ժողովրդին, արուեստասէրներին հասցնելու իր փիլիսոփայական աշխարհը: Դրա հետ միասին՝ պահպանելով նկարելու իր ոճը, կոմպոզիցիա (յօրինուածք-Խմբ.) կառուցելու իր մտածելակերպը:
Հրանդ Թադէոսեանը մանուկ հասակում կորցնում է հօրը, ով զոհւում է Երկրորդ համաշխարհային պատերազմում, իսկ մայրն էլ՝ չդիմանալով ճակատագրի այդ հարուածին, մահանում է: Հրանդը մեծանում է մանկատանը, եւ ինչպէս շատ հայ մտաւորականներ, որոնք նոյնպէս մեծացել են մանկատանը, ուսում է առնում եւ իր արժանի տեղը գտնում հայ իրականութեան, հայ գեղանկարիչների, արուեստագէտների շարքում: Արուեստասէր հասարակութիւնը, ընկերները նրան դիմում են վարպետ Թաթօս անունով:
Նկարելիս, նկատում է բոլորովին աննշմարելի մի պատկեր, որի շուրջը սկսում է մտածել, որովհետեւ դրա մէջ տեսնում է կոմպոզիցիա կառուցելու մտածելակերպը, կտաւի վրայ արտացոլելու գաղափարը: Բայց բնապատկերներ նկարելիս, բնութեան գրկում բարի աչքով է նայում շրջապատին եւ նոյնիսկ դատարկութեան մէջ գտնում է գեղանկարը, բնանկարը հարստացնելու, կոմպոզիցիոն հարցերը լուծելու առարկաներ (ծառեր, թփեր, ծաղիկներ), որոնք նկարին շունչ ու հոգի են տալիս՝ ընտրուած գոյների ու նրբերանգների շնորհիւ:
Բնութեան գրկում նկարելիս խորշում է արհեստական առարկաներ ներգրաւել իր բնապատկերներում: Ուզում է, որ բնութեան այն անկիւնը, որտեղ որ ինքը յայտնուել է կամ մտածուած է եկել այդտեղ, պատկերուի ամենայն ճշմարտացի իրականութեամբ, որպէսզի նկարը ցանկացողը, եթէ ուզենայ տեսնել այդ անկիւնը, չհիասթափուի, հասկանայ, որ իր հարազատ բնութեան մի անկիւն արտացոլուել է կտաւի վրայ, յայտնուել իր բնակարանում, լոյս ու ջերմութիւն հաղորդելով այն դիտողներին:
Բնապատկեր նկարելիս միշտ չէ, որ այն ինչ ուզում ես նկարել, յաջողւում է: Մի անգամ աշնանը, Մասիս սարի ֆոնի վրայ նկատել է մի չորացած փշէ ծաղկի թուփ: Ցանկացել է այն նկարել ծաղկած, փթթուն տեսքով: Ամբողջ ձմեռ անհամբեր սպասել է, որ տեսնի ծաղկո՞ւմ է արդեօք այդ փշէ թուփը, թէ չորանալու է: Եւ երբ տեսնում է, որ փուշը ծաղկել է եւ ողջ հմայքով իշխում է շրջապատի վրայ, անմիջապէս վերադառնում է տուն, վերցնում նկարչական պարագաները եւ հասնելով այդ տեղը, փշէ ծաղկի թուփը պատկերում փառայեղ Մասիսի նկարի առաջին պլանում:
Նկարներ նկարելիս, ինքն իր հետ կռիւ է տալիս, որպէսզի այսօրուայ նկարը երէկուայ նկարի շարունակութիւնը չլինի: Ամէն մի նկար նոր միտք ու նոր կոմպոզիցիոն լուծումներով պէտք է առանձնացուի, փիլիսոփայական նոր մտքեր հաղորդի: Նկարները չպէտք է իրար կրկնեն, չհաղորդեն միապաղաղութիւն՝ նոյն գունային լուծումներով ու նոյն առարկաների պատկերմամբ: Ամէն նկար իր ուրոյն տեղն պիտի ունենայ միւս նկարների շարքում, որպէսզի նկար գնողը կամ հէնց նկարիչը չձանձրանայ, չկաղապարուի ինչ որ շրջանակներում կամ էլ որեւէ յայտնի նկարչի ազդեցութեան կնիքը զգայ:
Մի ամբողջ շարք կտաւներ է նկարել Լոռուայ բնաշխարհում: Նկարելու ժամանակ հովիւ է մօտեցել ու զարմացած նայելելով նկարին՝ ասել. «Միթէ՞ սա մեր բնութիւնն է, ես այսքան տարի ապրել եմ այստեղ, սակայն չեմ նկատել, որ մեր բնաշխարհն այսքան գեղեցիկ է»: Ամէն մի նկար նկարելիս նա ազնուօրէն է մօտենում իր աշխատանքին: Իր փիլիսոփայութեամբ՝ «Եթէ դու ազնուօրէն ես կատարում քո աշխատանքը, բնութիւնը ինչ որ կերպ քեզ վերադարձնում է»:
Հրանդ Թադէոսեանը ստեղծագործական մեծ ձիրք ունի: Ամէն մի նկար, ամէն մի բնապատկեր առանձնանում է իր իւրայատկութեամբ: Եւ այդպէս էլ պէտք է լինի, չէ որ դրանք տարբեր բնապատկերներ են: Իսկ որոշ նկարիչներ իրենց նկարներում նոյն ծառն են նկարում, ծառի ճիւղերի նոյն թեքութիւններով կամ էլ՝ նոյն ծաղիկներով: Սկսւում է բնութեան աղաւաղումը, աչքի է զարնում նկարչի մտածելակերպի սահմանափակութիւնը, ստեղծագործելու անկարողունակութիւնը:
Հրանդն ընտրում է մեր հայրենի բնաշխարհի տարբեր անկիւններ, գեղեցիկ ծառ ու ծաղիկ, եկեղեցի… եւ դրանք արտացոլում իր կտաւների վրայ:
Իր բնորոշումն է. «Նկարելիս կտրւում ես աշխարհից, քո քաշը չես զգում, ուզում ես ստեղծագործել, քո մտածմունքներն ու փիլիսոփայութիւնը, որոնք այդ պահին առաջանում են քո մէջ, ուզում ես արտապատկերել այդ նկարում»:
Հրանդի պատկերացմամբ, նկարիչը պէտք է ինքնաարտայայտուի, իր էութիւնը, մտածելակերպը, իր կենցաղը, փիլիսոփայութիւնը միաձուլի այդ նկարում, որպէսզի նկարին եւ նկարչին նայելիս հասկանաս, որ երկուսն էլ նոյն միտքն են արտայայտում՝ նկարն իր գոյներով, նկարիչն իր մտածելակերպով եւ թէկուզ արտաքին տեսքով: Նկարիչն իր նկարներում պէտք է արտայայտի, ներկայացնի ճշմարտացի պատկերներ, ազգային բնութագրումներով, որպէսզի նրան հասկանան թէ՛ հայրենիքում, եւ թէ արտասահմանում:
Հրանդը դասաւանդում է Երեւանի Ճարտարապետութեան եւ շինարարութեան համալսարանում: Երբեմն ուսանողներին սովորեցնելիս, նկատում է, որ ուսանողը ինչ որ բան է նկարել, որը կարծես պատահաբար, մեխանիկօրէն է յայտնուել կտաւի վրայ: Այդ առարկալի, օբյեկտի վրայ սկսում է աշխատել, զարգացնել նկարելու իր մտածելակերպը, ներդնել իր փիլիսոփայական եւ նկարելու զգայական վարպետութիւնը:
Հրանդ Թադէոսեանը Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ է, ՀՀ նկարիչների միութեան, Արուեստի միջազգային ընկերութեան եւ Պրոֆեսիոնալ նկարիչների միութեան (ԵՈՒՆԵՍԿՕ) անդամ: Պարգեւատրուել է Յակոբ Մեղապարտի, ԵՃՇՊՀ Ա. Թարխանեանի անուան ոսկէ մեդալներով, ՀՀԿԳՆ, ՀՀ ՄՆ, ՀՀ վարչապետի եւ Երեւանի քաղաքապետարանի ոսկէ մեդալներով: Իր նկարների շուրջ 40 անհատական ցուցահանդէսներ է կազմակերպել Երեւանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շուէյցարիայում, Չինաստանում… Այդ ցուցահանդէսների ժամանակ (առաջ կամ յետոյ) շատ արուեստագէտներ մտաւորականներ, յայտնի մարդիկ իրենց հիացմունքն են արտայայտել նրա գեղանկարների, աշխարհընկալման ու այն կտաւի վրայ իւրայատուկ մեթոդներով ու գունային զարմանահրաշ պատկերներով արտացոլմանը:
Իր նկարչական արուեստանոցը մտնելիս, սիրտդ, հոգիդ միանգամից բացւում է: Հիւրասէր տիրոջ ջերմ ընդունելութիւնը փոխանցւում է նկարներին, որոնց նայելիս, կարծես թէ տեղափոխուում ես մեր բնաշխարհի մի անկիւնից միւսը, զգում այդ տեղանքների ջերմութիւնն ու զովութիւնը, նկատում պատկերուած ծաղիկների ու բոյսերի, ալպիական մարգագետինների բոյրն ու բուրմունքը, սարերի ձեան սառնութիւնը, եկեղեցիների հիւրընկալութիւնը: Իսկ «Յօրինուածք» խորագրով նկարները քեզ ստիպում են մտածել, պատկերացնել, խորհել նկարչի ներաշխարհի փիլիսոփայութեան մասին: Իսկ երբ կարդում ես նկարի խորագիրը, աւելի ես հասկանում նկարի փիլիսոփայութիւնը, որը նաեւ նկարչի փիլիսոփայութիւնն է:
Հրանդ Թադէոսեանի նկարները զարդարում են բազմաթիւ բնակարաններ (դիւանագէտների, քաղաքագէտների, նաեւ շատ ճանաչուած մարդկանց) ու ցուցահանդէսներ: Նրանք այդ նկարները գնելիս ոչ միայն գնահատում են Հրանդի աշխատանքը, այլ նաեւ իրենց հետ են տանում Հայկական լեռնաշխարհի մի գեղեցիկ պատկեր: Այս առումով Հրանդը մեր բնաշխարհի գովազդողն է, հայրենասէր մի մարդ, ում հետ հաճելի է զրուցել, ով այնքան պարզ ու հասկանալի է բացատրում իր մտքերը, որ ակամայ դառնում ես նրա երկրպագուն, ցանկանում անվերջ զրուցել, թափանցել նրա փիլիսոփայական մտքերի ու արտայայտութիւնների խորքը: