
ԵՐԵՒԱՆ, «Հետք».– Պըրպենքի հայկական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ մեծատաղանդ երգահան, խմբավար Կոնստանտին Օրբելեանի հոգեհանգստեան արարողութիւնը: Առաջնորդարանի հսկայ դահլիճը լեցուն էր մօտիկ ու հեռաւոր, ծանօթ ու անծանօթ հարազատներով ու երկրպագուներով, որոնք եկած էին մասնակցելու Կոնստանտին Օրբելեանի վերջին հրաժեշտի երեկոյին եւ խոնարհելու անոր յիշատակին առջեւ: Սուգի եւ գնահատանքի պատգամով հանդէս եկաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովհան արք. Տէրտէրեանը, ընթերցուեցաւ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսին ցաւակցական ուղերձը: Արարողութեան մասնակիցներէն շատերը երգահանին մտերիմ արուեստագէտներ ու երաժիշտներ էին, որոնց հետ այս առիթով զրուցեց «Հետք»ի թղթակիցը։
Երգահանին մասին ժապաւէնի հեղինակ, երաժիշտ Տիգրան Մուսոյեան ըսաւ. «Չափազանց օրինաւոր ու օրինակելի մարդու տեսակ էր, որը հազուադէպ է հանդիպում Ներքին անխախտ կարգ ու կանոնով, հաշուարկով ու կարգապահութեամբ: Այդպիսի մարդու հետ առնչուելն իսկ արդէն բախտ է: Ինչ վերաբերում է ստեղծագործութեանը, ապա միայն այն հանգամանքը, որ նա կարողացաւ Խորհրդային երկրի նման բարդ մի պետութիւնում պատնէշներ ճեղքելու մեծ ճանաչում ձեռք բերել, արդէն իսկ խօսում է մեծ տաղանդի գոյութեան մասին»:
æութակահար Նորայր Վարդանեան նշեց. «Վերջին 2 տասնամեակում, երբ երկուսս էլ Միացեալ Նահանգներ էինք տեղափոխուել, չափազանց մտերմացել էր մեր ընտանիքի հետ: Նոր տարիները մեզ հետ էր անցկացնում, թոռնիկներիս հետ սիրում էր խաղալ ու այնպէս էր վերաբերւում նրանց, ասես իր սեփականը լինէին: Մայէստրոն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է 1979 թուականից, եւ նա հայ արուեստագէտների վերջին ներկայացուցիչն էր, որ արժանացել է այդ կոչմանը: Ինձ համար նա հայ երաժշտութեան Մոցարտն է: Նրա գեղարուեստական մտածողութեան հիմքում ազգային երաժշտութեան աւանդոյթներն են, շաղախուած այն նորի հետ, որ ժամանակի ծնունդ էր»:
Երգահանին եղբօրորդի, երաժիշտ եւ խմբավար Կոնստանտին Օրբելեան կրտսերը եկած է Մոսկուայէն՝ մասնակցելու հօրեղբօր յուղարկաւորութեան: «Իմ հօրեղբօր մահը մեծ կորուստ է ո՛չ միայն մեր ընտանիքի, այլեւ բոլորի համար, ովքեր սիրում են նրա երաժշտութիւնը, ովքեր բախտ են ունեցել առնչուել նրա հետ, եւ ովքեր հպարտացել են ամէն անգամ, երբ Կոնստանտին Օրբելեանի նուագախումբը շրջել է աշխարհի բեմերում եւ ամէնուր հնչեցրել հայկական երգը: Մարդ, որ Երեւանը Խորհրդային ջազի մայրաքաղաք դարձրեց հենց Երեւանը, ոչ թէ Մոսկուան կամ այլ քաղաք: Ռուսաստանի լաւագոյն երգիչներն ու երաժիշտները գալիս էին Երեւան, որպէսզի աշխատեն նրա հետ: Ես նրան միշտ կը յիշեմ իբրեւ բացառիկ նպատակասլաց ստեղծագործողի, մարդու, որ մշտապէս աշխատում էր եւ երբեք չէր հանգստանում: Անընդհատ ինչ որ բան էր ծրագրում, անընդհատ ինչոր բան էր ստեղծում: Մեզ կը պակասի նրա զարմանալի էներգիան, պայծառութիւնն ու տաղանդը»:
Ան պատմեց, որ ժամանակին, երբ Օրբելեան Հայաստանէն գաղթած է Միացեալ Նահանգներ, կարճ ժամանակ ետք Սան Ֆրանսիսքոյէն եկած է Լոս Անճելըս։ «Նրան մագնիսի նման ձգում էր այս քաղաքը, ուր ծուարել էր հայահոծ համայնքը, ուր իր գործընկեր երաժիշտներն էին ապրում, ուր Էռնա Իւզբաշեանն էր ու Ժորա Մինասեանը, այլ երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնց հետ տարիներ աշխատեց»:
Երգահանին դիակը պիտի տեղափոխուի Հայաստան, ուր 11 Մայիսին պիտի կայանայ հանգուցեալին յուղարկաւորութիւնը, եւ անոր մարմինը պիտի ամփոփուի Կոմիտասի անուան պանթէոնին մէջ: Միացեալ Նահանգներէն Հայաստան անոր դիակի փոխադրութեան ծախսերը հոգացած են անոր հարազատները։