10 օրից Թբիլիսիում կը կայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ, մինչդեռ արդէն իսկ պարզ է, որ այնպէս, ինչպէս 23 տարուայ ընթացքում՝ Վրաստանի անկախութեան օրից ի վեր, քաղաք Թբիլիսիի նորընտիր Սակրեբուլոյում՝ քաղաքային խորհրդում, չի լինի հայկական ազգանունով ոչ մի պատգամաւոր: Այս մասին յայտնում է Վրաստանի հայ համայնքը:
21 քաղաքական սուբյեկտի կուսակցութիւնների ցուցակների հետ ծանօթանալուց յետոյ պարզւում է, որ ոչ «Վրացական երազանքը» (100 մարդուց բաղկացած ցուցակ է ներկայացրել), ոչ «Ազգային շարժումը» (50 անձից բաղկացած ցուցակ) հարկ չեն համարել իրենց ցուցակներում ընդգրկել ազգութեամբ հայ թեկնածուների:
Ինչ վերաբերում է միւս կուսակցութիւններին եւ քաղաքական միաւորումներին, որոնք յայտարարել են Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին իրենց մասնակցութեան մասին, ապա ընդհանուր առմամբ նրանց ցուցակներում ներկայացուած է հայկական ազգանուամբ 7 մարդ: Մինչդեռ բոլոր 7 թեկնածուներն էլ ցուցակներում զբաղեցնում են բացայայտ անանցանելի տեղեր, եւ համապատասխանաբար նրանց առկայութիւնը կուսակցական ցուցակներում աւելի շատ խորհրդանշական բնոյթ ունի, քան թէ այդ կոնկրետ կուսակցութիւնների ու միաւորումների կողմից Քաղաքային խորհրդում հայկական ազգանունով պատգամաւոր մտցնելու ցանկութիւն: Այստեղ իսկ հարկ է յիշեցնել, որ բնակչութեան մարդահամարի տուեալներով Թբիլիսիի հայերը կազմում են քաղաքի ընդհանուր բնակչութեան քանակի 7.4 տոկոսը:
Այն փաստը, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդում ներկայացուած չէ ոչ մի հայկական ազգանուամբ պատգամաւոր, ունի նաեւ դրական կողմ: Այդ իրականութիւնը ցոյց է տալիս, որ ոչ մի խոշոր քաղաքական կուսակցութիւն չի կարողացել քաղաքի հայութեան մէջ գտնել որեւէ թեկնածուի, որը մի կողմից, քիչ թէ շատ ընդունուած կը լինէր թբիլիսահայութեան մէջ, միւս կողմից՝ անբեկանելիօրէն կը կատարէր իշխանութիւնների հրահանգներն ու թելադրանքները: Օրինակի համար կարելի է յիշել այն, թէ ինչպէս է համալրուած Վրաստանի օրէնսդրական մարմինը:
Հայկական եւ ադրբեջանական ազգանուամբ պատգամաւորները աւանդաբար ներկայացուած են, աւելի ճիշդ ցուցադրուած են երկրի խորհրդարանում, մինչդեռ այդ պատգամաւորներից ոչ մէկը լիազօրուած չէ ներկայացնելու ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերը: Աւելին, ցաւօք, այդ պատգամաւորներից որեւէ մէկը նոյնիսկ շահագրգռուած չէ ներկայացնելու եւ պաշտպանելու այն քաղաքացիների շահերը, որի ազգանունը իրենք կրում են: Այդպիսով, ըստ էութեան, Թբիլիսիի քաղաքային խորհրդում խորհրդանշական հայ ներկայացուցիչների բացակայութիւնը, ի հարկէ, աւելի շատ դրական, քան բացասական փաստ է:
Դրութեան միւս կողմից, ըստ որի քաղաքի բնակչութեան 7.4 տոկոսը տեղական ինքնակառավարման մարմիններում չունի որեւէ իրական ներկայացուցիչ, եւ համապատասխանաբար, երբ այդ 7.4 տոկոսի շահերը ամբողջութեամբ ոտնահարւում են, առաջացնում է իրական խնդիր: Տուեալ իրավիճակը մատնանշում է Վրաստանի քաղաքական համակարգում առկայ իրական խտրականութիւնը եւ համապատասխանաբար պահանջում է արդար լուծում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.