Քրեսենթա հովիտի Հայ կենտրոնը աւելի քան 25 տարի է, որ իր դռներն է բացել հայ համայնքի առջեւ: Մէկ յարկի տակ հաւաքուած են տարբեր բնոյթի գործունէութիւն ունեցող կառոյցներ, ինչպիսիք են՝ ՀՕՄի «Թալին», ՀՄԸՄի «Շանթ», ՀԵԴ «Զարթօնք» եւ ՀԵԴ «Գարեգին Նժդեհ» պատանեկան մասնաճիւղերը: Կենտրոնը օժտուած է լողաւազանով եւ տարուայ ընթացքում բազմապիսի գործունէութիւն է ծաւալում: Նշենք մի քանիսը՝ «Զաւարեան» ամառային ճամբար, հայ-քորէական մշակութային փառատօն, այժմէական նիւթերով դասախօսութիւնների շարք, տարբեր միջոցառումների կազմակերպում, ընտանեկան հաւաքներ, շրջանի քաղաքային ձեռնարկների մասնակցութիւն եւ այլն:
Ստորեւ ներկայացնում ենք ընթացիկ տարուայ գործունէութիւնից հետեւեալ միջոցառումները.
Պարտամուրհակի այրում
Հայ կենտրոնի պարտքը փակելու համար «Զաւարեան» կոմիտէն նախօրօք բանակցեց ու հանդիպում ունեցաւ պարտատու «Crescenta-Canada Lions Club»ի գանձապահ Mr. & Mrs. Carl & Connie Johnson-ի եւ վարչական այլ անդամների հետ, ապա համապատասխան չեքով յանձնեց պարտքի վերջին գումարը, որից յետոյ մի շարք ընկերների մասնակցութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: Այսպիսով պարտքը մարեց եւ պարտամուրհակը այրուեց:
Պարտամուրհակի այրման յատուկ Կալա միջոցառումը տեղի ունեցաւ Շաբաթ, Մայիսի 17ին, երեկոյեան ժամը 8ին «De Luxe Banquete Hall»ի շքեղ դահլիճում:
Ճաշկերոյթ-պարահանդէսը խանդավառեց «Element Band»ը, իսկ Սօսէ Քեշիշեանը ազգագրական ու ժողովրդական երգերի նրբաշունչ կատարմամբ յատուկ ջերմութիւն հաղորդեց մթնոլորտին:
Կազմակերպիչ յանձնախումբը ամիսներ առաջ աշխատանքի էր անցել եւ որեւէ ճիգ ու ջանք չէր խնայել միջոցառումը կատարեալ տօնախմբութեան վերածելու: Տրամադրուած ջանքն ու նուիրումը լաւագոյնս արդիւնաւորուեցին, քանզի բոլոր ներկաները մեծ գոհունակութեամբ բացառիկ ընկերական-մտերմիկ միջավայրը վայելեցին եւ հոգեպարար երգն ու երաժշտութիւնը ըմբոշխնեցին:
Յանձնախումբը շատ գեղեցիկ մտայղացում էր ունեցել՝ պատրաստել ծիրանի ծառ, որովհետեւ ծիրանը նռան պէս խորհրդանշական բովանդակութիւն ունի: Ծիրանը հայկական պտուղ է համարւում եւ նրա հայրենիքը Հայաստանն է: Օտարները նրան կոչել են «Prunus Armeniaca», որ նշանակում է հայկական սալոր: Ծիրանը Հայաստանից է անցել Եւրոպա, ապա տարածուել աշխարհի այլ երկրներում: Այս ծառը գեղարուեստական ճաշակաւոր ձեւաւորմամբ պատրաստուել է եւ պիտի տեղադրուի Լա Քրեսենթայի Հայ կենտրոնի սրահի պատին իբրեւ մնայուն կոթող: Ծառի հիմքի, բնի, ծիրանների ու տերեւների վրայ կը փորագրուեն նուիրատուների ցանկացած անունները՝ ըստ նուիրատուութեան պայմանների: Նուիրատուութիւնը բաց է պահւում. որեւէ նոր նուիրատու կարող է ունենալ իր ծիրանը կամ տերեւը՝ նուիրուած որեւէ սիրեցեալի պատուին կամ յիշատակին (Մանրամասն տեղեկութեան համար կարելի է զանգահարել Հայ կենտրոն՝ 818- 527-6361 հեռախօսահամարով):
Հանդիսութեան բացման խօսքով «Զաւարեան» կոմիտէի հերթապահը՝ Մայք Քէլէշեանը ողջոյնի ջերմ խօսքեր ասաց եւ խորին շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչ յանձնախմբի բոլոր անդամներին ու ներկաներին՝ իրենց ներկայութեան եւ Հայ կենտրոնին անվերապահօրէն օժանդակելու համար: Նա կարեւորութեամբ նշեց, որ այսպիսի նիւթա-բարոյական հովանաւորութեան շնորհիւ այսօր տօնախմբում ենք կենտրոնի պարտամուրհակի այրումը: Ապա հրաւիրեց Քրեսենթա հովիտի Հայց. առաք. եկեղեցւոյ հովիւ Ղեւոնդ քհնյ. Քիրազեանին սեղանները օրհնելու: Այնուհետեւ հրաւիրեց կազմակերպիչ յանձնախմբի ատենապետուհի Սոնա Մէնէշեանին յանձնախմբի ողջոյնի խօսքը փոխանցելու եւ երեկոն վարելու: Տօնախմբութեան կազմակերպչական աշխատանքներում իրենց անմնացորդ նուիրումն էին ներդրել կազմակերպիչ յանձնախմբի բոլոր անդամները՝ Սոնա Մէնէշեանը, Քարմէն Օհանեանը, Նորա Քէլէշեանը, Արփի Տապպաղեանը, Լուիզա Կիւրճեանը, Սիլվի Քիլիսեանը, Տալիտա Փանտազոսը, Արփի Տոքմաճեանը եւ Էւլին Ռոստոմեանը:
Տեղում ներկաների կողմից եղան նուիրատուութիւններ (5000ական տոլար նուիրեցին տէր եւ տիկին Մհեր եւ Սաթիկ Տէր Օհանէսեանները եւ Մանուկ Օհանէսեանը՝ ի յիշատակ Մնացական եւ Արուսեակ Օհանէսեանների:
ԴԱՍԱԽՕՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
Համատեղ կազմակերպութեամբ Լա Քրեսենթայի Հայ կենտրոնի եւ Մաշտոց քոլեջի՝ տեղի է ունենում դասախօսութիւնների շարք՝ իւրաքանչիւր ամսուայ 3րդ Հինգշաբթին, երեկոյեան ժամը 7:30ին, Հայ կենտրոնի սրահում (հասցէ՝ 2633 Honolulu Avenue, Montrose, CA 91020):
Մասնագէտ դասախօսների միջոցով արծարծւում են հայ իրականութեանը եւ Հայաստանին ու Արցախին վերաբերող բազմաբնոյթ եւ հետաքրքրական նիւթեր:
Այս շարքից առաջին դասախօսութիւնը տեղի ունեցաւ Փետրուարի 20ին: Մաշտոց քոլեջի տնօրէն դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանը, ընկերակցութեամբ սահիկների ցուցադրութեան ու բացատրութեան, ներկայացրեց «Արեւմտեան Հայաստանի պատմական վայրերն ու կոթողները» (հիմնականում՝ եկեղեցիներն ու վանքերը):
Երկրորդը կայացաւ Մարտի 20ին: Պատմաբան դոկտ. Կարօ Մոմճեանը ներկայացրեց «Պատմական տուեալներ թաքնուած հայերի մասին» նիւթը:
Երրորդը տեղի ունեցաւ Մայիսի 15ին: «Իւ.Սի.Էլ.Էյ.» համալսարանի ֆիզիկայի դասախօս դոկտ. Վահէ Փիրումեանը սահիկների ցուցադրութեամբ ու բացատրութեամբ ճամբորդութիւն կատարեց հայրենի բնաշխարհում եւ հետաքրքրական տեղեկութիւններ հաղորդեց Հայաստանի եւ Արցախի պատմա-մշակութային մի շարք կոթողների մասին:
Չորրորդը տեղի կ՛ունենայ Յունիսի 19ին: Լեզուաբան դոկտ. Օննիկ Հայրապետեանը կը ներկայացնի «Նախամեսրոպեան շրջանում գոյութիւն ունեցող հայոց տառերի օրինակներ եւ հայոց լեզուի պատմական շրջանաբաժանումները» նիւթը:
Հինգերորդը կը կայանայ Յուլիսի 17ին: Քաղաքագէտ դոկտ. Ռազմիկ Շիրինեանը կը ներկայացնի «Միջին Արեւելքի տագնապը եւ Հայաստանը» նիւթը:
Ապրիլ ամսուայ դասախօսութիւնը ապրիլեան միջոցառումների ու զատկական տօների խճողումների պատճառով տեղի կ՛ունենայ յառաջիկայ Սեպտեմբերի 18ին, երեկոյեան ժամը 7:30ին: Գլենդելի կրթաշրջանի խորհրդի անդամ Նայիրի Նահապետեանը կը ներկայացնի «Հանրային վարժարաններ յաճախող հայ աշակերտութեան կրթական վիճակը եւ ակադեմական ծրագրեր» նիւթը:
Բոլոր դասախօսութիւնները տեղի են ունենում Լա Քրեսենթայի Հայ կենտրոնում, ժամը 7:30ին: Հասցէ՝ 2633 Honolulu Avenue, Montrose, CA 91020, հեռ. 818-527-6361:
Մուտքն ազատ է: Բոլորը սիրով հրաւիրւում են ներկայ գտնուելու:
ԶԱՒԱՐԵԱՆ ՃԱՄԲԱՐ (ZAVARIAN SUMMER DAY CAMP)
Անցեալ վեց տարիների աննախընթաց յաջողութիւններից յետոյ, այս ամառ, 7րդ տարին լինելով՝ ճամբարը տեղի կ՛ունենայ վերամշակուած ծրագրով ու նոր լիցքաւորումով, Յունիսի կէսից մինչեւ Օգոստոսի կէսը՝ 8 շաբաթ, Երկուշաբթիից Ուրբաթ օրերը, առաւօտեան ժամը 8ից մինչեւ երեկոյեան 6ը:
Ճամբարին կարող են մասնակցել 6-16 տարեկան երեխաներ: Շաբաթական սակագինն է 180 տոլար:
Ծրագրում ներառուած են բազմապիսի զբաղումներ՝ լող կենտրոնի լողաւազանում եւ հսկիչի ներկայութեամբ, մշակութային աշխատանքներ՝ երգ, պար, թատրոն, նկարչութիւն, ձեռնարուեստ, հայկական խոհանոց, մարզանք՝ զումբա, հայոց լեզու եւ պատմութիւն, նախաճաշ, ճաշ եւ տարբեր խաղեր:
Շնորհիւ կենտրոնի պատասխանատուների եւ աշխատակազմի հոգատարութեան եւ ուշադրութեան՝ ճամբարի միջավայրը կատարելապէս հայկական է եւ ապահով: Երեխաները մեծ սիրով ու հաճոյքով են մասնակցում ամենօրեայ տարբեր աշխատանքներին:
Արձանագրութիւնները արդէն իսկ ընթացքի մէջ են՝ դիմել www.CVAarmenianCenter.com կայքէջը եւ սեղմել Camp Zavarian կոճակը:
Մանրամասների ու յաւելեալ տեղեկութիւնների համար կարելի է գրել հետեւեալ հասցէին՝ CVArmenianCenter@gmail.com կամ զանգահարել (818) 527-6361 թուով: