Սփիւռային ովկիանում ալիքն է ծփում,
Շլացնում է աչք ու սիրտ, երազով գերում,
Ալիքը բիւր բարիքի եւ առատութեան,
Ապրելու եւ վայելքի, կենցաղի փարթամ:
Եւրոպան իր պչրանքով ու գեղեցկութեամբ,
Արկածներով սիրային, հարբեցողութեամբ,
Ապահով ու գոհ կեանքի ճշդուած ընթացքով,
Ընկերային բարքերի գունեղ դրուածքով:
Ամերիկան իր յուռթի վատնումով շռայլ,
Դոլարի թանկ արժէքով, պերճանքով զմայլ,
Տարողունակ ու փափուկ, լուքս աւտոներով,
Ու գողութեամբ, ոճիրով, սպանութիւնով:
Միջարեւելքը խախտուած իր խաղաղութեամբ,
Դրամական յորդումով, արնայեղութեամբ,
Համայնքային կազմակերպ կեանքով ու կարգով,
Որ, աւաղ, այժմ փլում է ձիգ հոգեվարքով…
Սփիւռային ովկիանում հոսք է նոր գաղթի,
Էժան արիւն սպիտակ՝ սպիտակ ջարդի,
Որ կարծես չի գիտակցւում, ոչ էլ խնամւում,
Հայրենի թոյլ ձեռքը չի հովանաւորում:
Ու ցրիւ է գալիս այս ցրուած սփիւռքը,
Ինչ ցրիւ էր, վերստին ցրում է բուքը,
Խորտակւում է նաւակը սփիւռքահայի,
Բայց ոչ ինքն է կարեկից, ոչ՝ տէրն հայրենի…
Ով ժողովուրդ իմ հայոց, իմ հին տառապանք,
Սերունդներին ներշնչող հայկեան հաւատամք,
Իմ որբ սիրտը տալիս եմ քո սուրբ պայքարին,
Եւ այն ինչ որ կարող եմ դնել նժարին:
Նպատակդ գերագոյն վեհ է ու սրբեղ,
Մի՛ տատանուիր սփիւռքի ովկիանում ահեղ,
Եւրոպայի պչրանքով դու մի՛ շլացիր,
Ամերիկեան խոստումով մի՛ այլասերուիր:
Անգութ չէ ողջ աշխարհքը, բայց ամէն մէկը
Փոթորկածին այս ժամում կանգնում է տէրը
Ի՛ր ազգային, հայրենի ի՛ր ունեցուածքին…
Մենք էլ մերի՛ն տէր կանգնենք, մե՛ր ժառանգածին:
Մենք էլ մերի՛ն տէ՛ր կանգնենք, հայկեան հրիտակ,
Պայազատը թորգոմեան… աւանդ, ազգուտակ…
Նպատակին ազգային, սուրբ Արարատին,
Ու գալիքը կառուցող Մայր Հայրենիքին:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ