Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղաքապետարանում գործում են քաղաքի տարբեր հարցերի համար պատասխանատու 16 յանձնաժողովներ, որոնց միջոցով մշակւում են հանրութեան համար տարաբնոյթ ծրագրեր: Դրանք են՝ Արուեստի եւ մշակոյթի յանձնաժողովը, Հաշուեքննութեան, Բրբանք-Գլենդել-Փասադենա Օդանաւակայանի իշխանութեան, Քաղաքային ծառայութեան, Կանանց կարգավիճակի յանձնաժողովները, Գծագրման վերաքննիչ խորհուրդ, Գլենդելի æրի եւ ելեկտրականութեան, Գլենդելի Բնակարանային հարցերով, Պատմական կառոյցների պահպանման յանձնաժողովները, Գլենդելի Վերահսկողութեան խորհուրդ, Մետրոպոլիտեն ջրային շրջան, Այգիների, Հանգստի եւ համայնքային ծառայութիւնների յանձնաժողովները, Ծրագրաւորման, Տրանսպորտային եւ աւտոկանգառների, Վեկտորային վերահսկման, Համայնքային զարգացման Դրամաշնորհի խորհրդատուական կոմիտէ յանձնաժողովները: Իւրաքանչիւրում ընդգրկուած է կամաւոր հիմունքով աշխատող հինգ յանձնակատար, ում ընտրում են քաղխորհրդի անդամները չորս տարի ժամկէտով: Ներկայում Գլենդելի քաղաքապետարանում գործում են 69 յանձնակատարներ, որոնցից 29ը՝ ամերիկահայեր են: Յանձնաժողովների անդամները տարբեր ոլորտների արհեստավարժներ են, որ ըստ իրենց մասնագիտութեան ներգրաւուած են համապատասխան յանձնաժողովում եւ օգնում են գտնել քաղաքացիների պահանջների եւ կարիքների բաւարարմանն ուղղուած առաւել արդիւնաւէտ լուծումներ: Խորհրդատուական այս մարմնի անդամները, որ ակտիւ բնակիչ եւ քաղաքի զարգացման ջատագովներ են, իրենց մասնակցութեամբ նաեւ կարեւոր դեր են կատարում քաղաքապետարանում ժողովրդավարութեան պահպանման հարցում:
Իւրաքանչիւր Հինգշաբթի, «Ասպարէզ»ի Գլենդելին նուիրուած թողարկման էջերում կը ներկայացնենք քաղաքապետարանի յանձնաժողովները, դրանց գործառոյթներն ու հանրութեան համար ստեղծուած ծրագրերը՝ քաղաքապետարանի հայ յանձնակատարների միոջոցով:
Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովը մշակում է աշխատակազմի գործունէութեան համար անհրաժեշտ օրէնքներ, կանոններ ու քաղաքականութիւն, ըստ որի, օրինակ գործաւորներն ընդունւում են աշխատանքի եւ յետագայում նոր պաշտօններ զբաղեցնում՝ հիմնուած իրենց կարողութիւնների, կրթութեան եւ փորձի վրայ: Այս յանձնաժողովը ծառայում է նաեւ որպէս դատական մարմին, որտեղ լսւում են աշխատաւորների եւ քաղաքապետարանի հայցեր՝ ինչպիսիք օրինակ գործաւորի առկախումը, կրճատումը կամ հեռացումը: Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովի մասին պատմում է նախագահ Կարօ Ղազարեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ պէտք է իմանայ քաղաքացին Գլենդելի քաղաքապետարանի Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովի մասին։
ԿԱՐՕ ՂԱԶԱՐԵԱՆ.- Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովը վերահսկիչ մարմին է, որտեղ մշակւում են քաղաքապետարանի բոլոր բաժինների, այդ թւում՝ ոստիկանութեան, հրշէջ ծառայութեան, գրադարանների, կառավարման, ֆինանսների եւ այլ բաժանմունքների շուրջ 1800 աշխատակիցների համար օրէնքները: Մեր յանձնաժողովում քննարկւում է, օրինակ նոր աշխատակիցներ ընտրելու համար գործի բնութագիրն ու պահանջուող չափանիշները, որը մեզ է ներկայացւում քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից: Մենք վերանայում ենք տուեալ յայտարարութիւնը եւ ներկայացնում ենք մեր առաջարկները, որի նպատակն է իրաւական առումով ճշգրիտ եւ առաւելագոյնս յարմար չափանիշներ մշակել: Մեր յանձնաժողովի գործառոյթներից է նաեւ աշխատակազմին յատկացուող բիւջէի քննարկումը:
Միաժամանակ, Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովն իրականացնում է դատական գործառոյթ քաղաքապետարանի ներսում: Օրինակ, եթէ որեւէ աշխատակից, ասենք ոստիկան, վտարուի աշխատանքից կամ պաշտօնի իջեցում ստանայ, նա մինչ դատարան գնալը դիմում է մեր յանձնախմբին: Մենք լիազօրուած ենք վկաներ հրաւիրելու, ցուցմունքներ ունենալու եւ իրականացնելու լիարժէք դատական գործընթաց: Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովը միակն է, որ անկախ է եւ չի ենթարկւում քաղաքապետարանի խորհրդի անդամներին: Այս հանգամանքն էլ թոյլ է տալիս լիարժէք արդար որոշում կայացնելու: Ես այս յանձնաժողովում՝ 2011թ.ից, իմ գործունէութեան ընթացքում մշտապէս ընդգծել եմ, որ անհրաժեշտ է լինել չեզոք, ինչը նշանակում է, որ իւրաքանչիւր յանձնակատար, չպէտք է հաշուի առնի կողմերի յետագայ արձագանգը եւ որոշում կայացնի՝ հիմնուած փաստերի եւ օրէնքների վրայ: Նախկինում գուցէ եղել են բողոքներ առ այն, որ յանձաժողովը պաշտպանում է քաղաքապետարանին, սակայն վերջին չորս տարիներին վստահաբար կարող եմ ասել, որ մենք առաջնորդւում ենք միայն արդարութեան սկզբունքով: Ինչեւէ, մեր որոշումները կարող են բողոքարկուել Գերագոյն դատարանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Քաղաքապետարանի յանձնակատարները գործում են կամաւոր հիմունքով եւ լաւ արդիւնքի համար անհրաժեշտ է լինել նուիրեալ:
ԿԱՐՕ ՂԱԶԱՐԵԱՆ.- Երբ ինձ առաջարկ եղաւ ներգրաւուելու այս յանձնաժողովում, համաձայնուեցի, որովհետեւ կարծում եմ, որ սա հանրութեան համար անհրաժեշտ ծառայութիւն է, եւ ես իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձով կարող եմ օգտակար լինել քաղաքին, որի բնակիչն եմ: Իմ կեանքի ընթացքում այնքան անարդարութեան եմ հանդիպել, որ դա ինձ մղել է մշտապէս պայքարել անարդարութեան դէմ: Թէեւ այստեղ սկզբունքային խնդիրներ չկան այդ հարցում, բայց ինձ համար մեծ պատիւ է լինել մի պաշտօնում, որ թոյլ է տալիս հաստատել արդարութիւն, նաեւ՝ համերաշխութիւն տարբեր բաժինների ու անհատների միջեւ:
Ուրախ եմ, որ աշխատանքիս արդիւնքում, մէկ տարի առաջ ընտրուեցի այս յանձնաժողովի նախագահ, ու նաեւ հպարտ եմ, որ Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովի հինգ անդամներից չորսը հայեր են:
Տեղեկանք: Քաղաքային ծառայութիւնների յանձնաժողովի անդամները հանդիպում են իւրաքանչիւր ամսուայ երկրորդ եւ չորրորդ Չորեքշաբթի օրերին: Նրանց ժողովները հեռարձակւում են ուղիղ եթերում՝ կաբելային 6րդ ալիքով եւ վերահեռարձակւում են ողջ շաբաթուայ ընթացքում: Ձայնագրութիւնները կարելի է նաեւ ձեռք բերել քաղաքապետարանի քարտուղարից: