Վերտառութեանը նայելով կարող է կարծէք, թէ բժշկական կամ իրաւախորհրդատրուական ինչ որ ակնարկ եմ հրամցնելու: Վերջերս ինձ համար պարզեցի, թէ չափից աւելի ոչ մասնագիտական խորհուրդները (խօսքս բժշկի, փաստաբանի, խոհարարի կամ այլ մասնագիտական խորհրդի մասին չէ), մեղմ ասած, յոգնեցնող են, յաճախ էլ նաեւ վիրաւորական: Երբ խորհուրդ ես լսում ակնյայտի վերաբերեալ ոչ մասնագէտից, դիմացինդ կա՛մ իրեն է ցուցափեղկի վրայ դնում, կա՛մ էլ փորձում է իր գերակայութիւնը աղաղակել: Կարծիք յայտնելը տարբեր է ակնյայտի մասին խորհուրդ տալուց: Մի պահ ուշադրութիւն դարձրէք, թէ որքան պարապ խորհուրդ տուողներ կան: Կեանքի այս կամ այն դրուագում բոլորս էլ յայտնուել ենք «պարապ» խորհրդատուի կարգավիճակում: Խնդրում եմ ինձ ներէք, քանի որ բնաւ նպատակ չեմ ունեցել որեւէ մէկին վիրաւորելու, եւ ակամայ եմ յայտնուել նման իրավիճակում: Խոստանում եմ այլեւս չանել…
«Ասպարէզ»ի խմբագիր Աբօ Պօղիկեանի հետ զրոյցի ընթացքում կարծիք յայտնեցի, թէ հայկական մամուլը վերլուծական, ոչ մասնագիտական, «խորհրդատուական» ակնարկների պակաս չունի, այդ իսկ պատճառով գուցէ կարիք կայ ընթերցողին ներկայացնել աւելի փաստացի տուեալներ այն մասին, թէ ինչ է կատարւում աշխարհում եւ ինչու: Տեղեկութիւններն այս կարող են լինել ամէն տեսակի, տնտեսական բնագաւառից մինչեւ հետաքրքրական փաստեր ու երբեմն էլ՝ անձնական կարծիքներ: Այսպէս.
Տաւարի մսի մեծածախ վաճառքի արժէքը աննախադէպ չափի է հասել ընդհուպ մինչեւ այն աստիճանի, որ ռեստորանների տնօրինութեան ներկայացուցիչները վերանայում են իրենց ճաշացանկերը, համալրելով դրանք կա՛մ այլ տեսականիով, կա՛մ էլ փոքրացնելով տաւարի միս պարունակող ճաշատեսակների չափը: Չզարմանաք, երբ յաջորդ անգամ ճաշելիս պարզէք, թէ նոյն ճաշատեսակը պատուիրելիս տաւարի միսը 20ից 30 տոկոսով քիչ լինի ափսէի մէջ: Այս ամէնը պայմանաւորուած է Միացեալ Նահանգների տարածքում անձրեւաջրի սակաւութեան պատճառով մոլեգնող երաշտով, որը կործանիչ է նաեւ անասնական աշխարհի համար:
Հարաւային Ամերիկայում սնկային հիւանդութեան պատճառով այս տարի սուրճի պտուղները մօտաւորապէս արժանացել են հայկական ծիրանին այս տարի բաժին ընկած ճակատագրին: Եթէ Հայաստանի պարագայում ծիրանի բերքը գրեթէ ամբողջութեամբ փչացել է 2014ին, հարաւամերիկեան թանկարժէք սուրճի մի քանի տեսակներ օրհասական վիճակում են: Կոլումբիայում 13 տարի աշխատելուց յետոյ սրճի նոր տեսակ են պատուաստել, որ կարողանում է զերծ մնալ սնկային հիւանդութիւնից, բայց որոշ մասնագէտների կարծիքով այս սուրճը նկատելիօրէն զիջում է բարձրակարգ բրազիլական կամ կոլումբիական որոշ տարատեսակներին:
Ձեր տանը դպրոցակա՞ն ունէք, ով չգիտէ, թէ ինչ մասնագիտութիւն պէտք է ընտրել: Գուցէ նրան խորհուրդ տաք, որ առանց օդաչուի կառավարուող ինքնաթիռների (drones) մասնագէտ դառնայ: Այսպէս կոչուած «դրոնները» մօտ ապագայում կարող են պարզապէս գրաւել մեր իրականութիւնը, եւ դրանք կառավարելու համար տասնեակ հազարաւոր մասնագէտներ կը պահանջուեն:
Խնդիրն այն է, թէ Միացեալ Նահանգների Օդագնացութեան Դաշնային խորհուրդն առայժմ արգելում է դրոնների լայնածաւալ գործածութիւնը տարբեր ասպարէզներում: Բայց շատերի կարծիքով այս արգելքը երկար շարունակուել չի կարող: Դրոնները հէնց այսօր պատրաստ են օգտագործման ենթարկուելու գիւղատնտեսութեան, իրաւական, առաքման եւ այլ բնագաւառներում: Ռազմական եւ հետախուզական բնագաւառները արդէն զանգուածային ձեւով օգտագործում են դրոնները: Առայժմ մատների վրայ կարելի է հաշուել այն ուսումնական հաստատութիւնները, որոնք այս նոր մասնագիտութեամբ դասեր են առաջարկում: Սակայն անցեալ տարիների համեմատութեամբ հետաքրքրուած ուսանողների թիւը մի քանի անգամ աճել է:
Միացեալ Նահանգներում կտ-րուկ նուազել է իրաւաբանական բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ դիմող ուսանողների թիւը: 2010 թուականի ցուցանիշի հետ համեմատած, դիմորդների թիւը 37 տոկոսով նուազել է: Տեղեկութիւնն այս դժգոյն է ոչ միայն ուսումնական հաստատութեան, այլ նաեւ դիմորդների համար: Ուսումնական հաստատութիւնները խոշոր գլուխկոտրուկի մէջ են, թէ ինչպէ՞ս լրացնեն իրենց նախահաշուային ճեղքերը: Շատերի կարծիքով իրաւաբանական հաստատութիւնների նկատմամբ առկայ նուազող հետաքրքրութիւնը կարող է ցաւոտ ձեւով անդրադառնալ այն ուսանողների գրպանների վրայ, ովքեր այնուամենայնիւ կ՛որոշեն իրաւաբան դառնալ:
Չինաստանի տնտեսական աճը դարձեալ թափ է հաւաքում: Այս անգամ յայտնի չէ, թէ այս թռիչքը ինչպէս կ՛անդրադառնայ ամերիկացիների կեանքի վրայ, քանի որ աշխարհաքաղաքական առումով Չինաստանը դիտորդ-սպասողի կարգավիճակում է, միաժամանակ այն զգուշաւոր քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի կողմից խրախուսուող BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարաւ Աֆրիկեան հանրապետութիւն) տնտեսական դաշինքը ամրապնդելու առումով: Այսօր արդէն բացայայտօրէն հայտարարում են, թէ ԲՐԻՔՍի հիմնական նպատակը ամերիկեան դոլարի գերակայութեան վախճանն է: Ահա թէ որտեղ պէտք է փնտռել աշխարհում վերջին ամիսներին ի յայտ եկած խիստ լարուած իրավիճակի պատասխանը:
Աշխարհի ֆուտբոլի ախոյեան Գերմանիայի հաւաքականի ֆուտբոլիստները բացի իրենց հասանելիք (միլիոնաւոր դոլարների) դրամական պարգեւներից իւրաքանչիւրը ստացան 400 հազարական դոլարի պարգեւ: Նրանցից մէկը՝ ազգութեամբ թուրք Մեսութ Օզիլը, իրեն հասանելիք այս գումարը ամբողջութեամբ նուիրել է Բրազիլիայի հիւանդանոցներում գտնուող 23 երեխաների վիրահատութեան ծախսերը հոգալու նպատակով: Ճիշդ է, շատերը կը մտածեն, թէ անգլիական «Արսենալ» ակումբում Օզիլը տարեկան աւելի քան 12 միլիոն դոլարի աշխատավարձ կը ստանայ (չհաշուած այլ եկամուտները), բայց այնուամենայնիւ, մարզիկի ասպետական նուիրատուութիւնը բացարձակ անծանօթ մանուկներին գովասանքի է արժանացել համայն աշխարհի մարզասէրների կողմից:
Եւ քանի որ խօսքը գնաց ֆուտբոլի մասին, կարծում եմ ընթերցողին կը հետաքրքրի, թէ որքա՞ն փող վաստակեցին աշխարհի ախոյանութեան մասնակից թիմերը: Միայն մասնակցելու համար իւրաքանչիւր թիմ ստացաւ 1.5 միլիոն դոլար: 1/16 եզրափակիչում պարտուած իւրաքանչիւր թիմ ստացաւ 9 միլիոն դոլար: Զ. եզրափակիչում պարտուած թիմերը ստացան 14 միլիոն դոլար: 4րդ տեղը գրաւած թիմը վաստակեց 18 միլիոն, երրորդը՝ 20 միլիոն, երկրորդը՝ 25 միլիոն, իսկ ախոյեանը՝ 35 միլիոն դոլար:
Հայաստանի ներկայ հաւաքականը բաւական ուժեղ յայտ կարող է ներկայացնել, եթէ շտապ կերպով լուծի դարպասապահի եւ պաշտպանութեան խնդիրները: Յարձակումը բարենպաստ վիճակում է: Տեսնո՞ւմ էք, թէ ինչպէս ինքս ինձ հակասեցի, խորհուրդ տալով ակնյայտի վերաբերեալ, առանց դրա մասնագէտը լինելու: Դիտաւորեալ արեցի, որ օրինակով ցոյց տամ, թէ ինչ չպէտք է անէի: Յուսով եմ, ի զուր չանցան ձեր կեանքի մի քանի վայրկեանները՝ այս ակնարկը կարդալիս:
Լաւ եղէք…
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.