Էդուարդ Նալբանդեանի Ճեպազրոյցը Փարիզից Յետոյ.

Այս մասին, Հոկտեմբերի 27ին, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած հանդիպումից յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը:
Ստորեւ ներկայացնում ենք ճեպազրոյցի ամբողջական տեքստը.
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, ինչպէ՞ս կը գնահատէք, կ՛ամփոփէք այսօրուայ հանդիպումները:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Հոլանդին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար:
Վերջին երեք ամսուայ ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծմանը նուիրուած նախագահների արդէն երրորդ հանդիպումն է: Դա ցոյց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիւ ջանքերը՝ ուղղուած հիմնախնդրի կարգաւորմանը:
Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ յատկապէս ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնութիւնները, որոնք հնարաւորութիւն են տալիս կողմերին աւելի լաւ ծանօթանալու միմեանց մօտեցումներին եւ հնարաւորութիւն են ընձեռում՝ մօտեցնել փորձելու դիրքորոշումները:
Այսօրուայ հանդիպումը կը բնորոշէի որպէս օգտակար, անկեղծ եւ կառուցողական:
Քննարկուեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող բազմաթիւ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Հոլանդի կողմից դեռ Մայիս ամսին տարածաշրջան իր այցելութեան ընթացքում առաջարկուել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահութեան ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունուել էր եռանախագահների կողմից: Մեր մօտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Ադրբեջանի մօտեցումը այլ է: Իրենք այլ ծայրից են մօտենում՝ կարծելով, որ եթէ բանակցութիւններում առաջընթաց արձանագրուի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահութեան ամրապնդման միջոցառումների իրականացման համար: Սա յայտնի ադրբեջանական մօտեցում է, որը եղել է նաեւ նախկինում:
Բաւականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաեւ հնարաւորութիւն եղաւ անդրադառնալու մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, որոնք ցոյց տուեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի մօտեցումները կարող են նաեւ մօտ լինել:
Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առաւօտեան Ֆրանսուա Հոլանդի հետ մեր նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նուիրուած էր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ յարաբերութիւններին:
Մենք առանձնաշնորհեալ յարաբերութիւներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւն, արդիւնաւէտ համագործակցութիւն միջազգային կազմակերպութիւններում՝ ՄԱԿում, եւրոպական կառոյցներում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպութեան շրջանակներում եւ տարբեր այլ միջազգային ձեւաչափերում: Առեւտրատնտեսական յարաբերութիւններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծաւալը մինչեւ 2013թ. ներառեալ հասել է մէկ մլրդ. դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական յարաբերութիւնները, ընդլայնւում է ապակենտրոնացուած համագործակցութիւնը, զարգանում եւ ամրապնդւում են կապերը մշակութային եւ կրթական բնագաւառներում:
Երկկողմ յարաբերութիւնների օրակարգը բաւական յագեցած է, եւ մենք միշտ բազմաթիւ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման իւրաքանչիւր առիթ հնարաւորութիւն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը Մայիսին պետական այցելութեամբ գտնւում էր Հայաստանում, այս տարուայ ընթացքում տարբեր միջազգային ձեւաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարաւորութիւններ են եղել: Միւս տարուայ առաջին կէսին սպասւում է Ֆրանսուա Հոլանդի այցելութիւնը Հայաստան:
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, այս հանդիպման արդիւնքում մենք կարող ենք արձանագրել ինչ որ մի տեղաշարժ եղե՞լ է, թէ ոչ: Ադրբեջանը շարունակո՞ւմ է մնալ իր դիրքորոշման վրայ:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Դուք երեւի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որաշակի դրական երանգ կար: Դա պատահական չէ: Երբ մենք ասում ենք, որ բանակցութիւնները կառուցողական, անկեղծ, օգտակար էին, դա ինչ որ մի բան նշանակում է:
Կարծում եմ, որ այսօր եւս մի փոքր քայլ արուեց դէպի կողմերի դիրքորոշումների մօտեցումը: Ի հարկէ սա բարդ գործընթաց է: Մէկ կամ մի քանի հանդիպումներով դժուար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտէք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսուած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կ՛ասէի, որ այս հանդիպումները հնարաւորութիւն են տալիս երկու երկրների ղեկավարներին առաւել ծանօթանալու միմեանց մօտեցումներին եւ պարզելու հնարաւորութիւների շրջանակը՝ դէպի հիմնախնդրի կարգաւորում առաջ շարժուելու համար: Կարծում եմ, այս իմաստով հանդիպումը դրական էր:
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, նախնական պայմանաւորուածութիւն ձեռք բերուե՞ց յաջորդ հանդիպման վայրի, ժամկէտի մասին:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Յաջորդ հանդիպման վայրի, ժամկէտների մասին պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ակտիւացնելու շփումները: Եթէ 2012թ. եւ 2013թ. մէկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդէն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիւացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով յետագայում այսպիսի շփումները կը շարունակուեն:
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, արդեօք քննարկուե՞լ է դիպուկահարներին յետ քաշելու հարցը:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Ես ասացի, որ Ֆրանսիայի նախագահ Հոլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահութեան միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաեւ շփման գծում եւ սահմանին միջադէպերի քննութեան մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների յետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ այլն:
Այդ բոլոր առաջարկները ողջունւում են նաեւ եռանախագահների կողմից: Ինչպէս գիտէք թէ՛ Հայաստանը, թէ՛ Ղարաբաղը միշտ դրական են արտայայտուել այս կարգի քայլերի իրականացման վերաբերեալ: Բայց ինչպէս ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մօտենում: Կ՛ասէի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրուի բանակցութիւններում, այդ ժամանակ հնարաւոր կը լինի քննարկել վստահութեան ամրապնդման միջոցները: Եթէ առաջընթաց լինի, եթէ ինչ որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդէն փոխվստահութեան ամրապնդման միջոցների անհրաժեշտութիւն էլ այս աստիճանի չի լինի: Ակնյայտ է, որ առանց փոխվստահութեան անհնար է հանգուցալուծում: Աւելի շուտ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումները պէտք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար:
ՀԱՐՑ.- Կարծես թէ Հոլանդը կոչ է արել սկսել մշակելու խաղաղութեան մեծ պայմանագիրը: Այս բանակցութիւններում, այսօրուայ ընթացքում նման ինչ որ հարց քննարկուե՞լ է, թէ ոչ:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Այդպիսի կոչեր մշտապէս եղել են: Դրանք պէտք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանաւորուածութեան գանք հիմնախնդրի կարագաւորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարաւորութիւն կը տայ, հիմք կը հանդիսանայ մեծ պայմանագրի մշակման համար: Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանաւորուածութիւն դեռ չի ձեռք բերուել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկուել:
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, իսկ օգոստոսեան իրադարձութիւններին ինչ որ կերպ անդրադարձե՞լ են:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Դուք պէտք է նկատի ունենաք, որ այս հանդիպումը շարունակութիւնն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բաւական լիցքաթափեց լարուածութիւնը սահմանին եւ շփման գծում: Նաեւ շարունակութիւնն էր Նիւպորտում Միացեալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնութեամբ կայացած հանդիպման: Այս հանդիպումների շարքը ցոյց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը՝ չնայած միջագային բեմահարթակում ի յայտ եկած որոշ դժուարութիւնների, շարունակում է մնալ բաւական գործուն ձեւաչափ: Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խօսում նաեւ այն, որ այսօրուայ հանդիպմանը հրաւիրուած էին նաեւ համանախագահները, մասնակցելու թէ՛ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թէ՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:
ՀԱՐՑ.- Իսկ կա՞յ արդեօք տրամադրութիւնների տարբերութիւն Սոչիից մինչեւ Փարիզ:
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Կարծում եմ, որ տրամադրուածութիւնները աւելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատուեց, որ գոյութիւն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը՝ ՄԱԿի ԱԽ՝ Անվտանգութեան խորհրդի, երեք մշտական անդամ երկրների մասնակցութեամբ, դա գործուն եւ արդիւնաւէտ ձեւաչափ է:
Կարեւոր է, որ նախագահների մակարդակով հաստատուեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ, եւ պէտք է գնալ խաղաղ կարգաւորման, խաղաղութիւն հաստատել մեր տարածաշրջանում, որպէսզի ժողովուրդները օգտուեն այդ խաղաղութիւնից:
NEWS.am