ՄԱՀԱԽՕՍՈՒԹԻՒՆ
Իշխան-Աղասի Իսպիրեան
ՎԱՀՐԱՄ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Անցած դարի վաթսունականների կեսերից համայն հայութեան մէջ հասունանում էր մի անթեղուած կրակ։ Երեւանում եւ ամէնուր լիբանանահայ (սուրիահայ-Խմբ.) æորջ Թութունջեանի հայրենասիրական երգերն էին, Հայրիկ Մուրադեանի երգրից փրկած մեղեդիները, æոն Կիրակոսեանի՝ երիտթուրքերին խարազանող գրքերը, Պարոյր Սեւակի, Մեծն Շիրազի պոէզիան թեւածում էր ամէնուր, (չմոռանանք՝ խորհրդային ժամանակներ էին)։ Մարդիկ պատմում էին հայոց պատմութեան հերոսական եւ ողբերգաaկան դէպքերի մասին։ Հասունանում էր անընդգրկելի մի փոթորիկ, եւ անկախութեան ու ազատութեան բառարմատները իրենց կենսական արժէքներով, գոնէ շատերս, դեռեւս լիովին չէինք գիտակցում։ Մենք չէինք կարող նաեւ կանխատեսել, թէ ինչպիսի երկրաշարժ էին նախատեսում սարքել մեր գլխին։
Եւ եղաւ այն, ինչը որ եղաւ։
1986ի մի պայծառ օր հրաւիրուած էի Իսպիրեանների տուն։ Ընտանիքի կրտսերը՝ Ներսիկը, նոր-նոր սկսում էր… իր երգասացութեան արշաւանքը եղբօր՝ Գագիկի ջերմագին հովանու ներքոյ։
Երկար, մեծ սեղանի շուրջը բազմել էին մեծաթիւ հիւրեր՝ նաեւ արտասհմանից։ Եւ տան մթնոլորտը հագեցած էր ջերմ խորհրդով ու վեհութեամբ։ Ներկաներից մէկը (Վոլոդեա) օրը ցնծացրեց «Անդոկ-Ծովասար» երգի հազուագիւտ կատարումով։ Էպոսային ծիսակատարութեան նման այդ օրը սակայն հասկացայ, որ ընտանիքի հայրը, տան մեծը, սեղանապետը՝ Աղասի Իսպիրեանը իսկական, կ՛ասէի դասական հայ է, եւ որ նա կը լինի իմ կեանքում կարեւոր անձնաւորութիւն։ Նրա տոհմական ընտանիքում աւանդոյթները, կենցաղավարութիւնը, խօսքը (որ բացառապէս հայ ժողովրդի պատմութիւնից, երգրից ու մասնաւորապէս կարօտեալ Մուշից էր) հիացմունքի էին արժանի։ Յետագայում առիթ-անառիթ, մեր հանդիպումների ժամանակ, վիթխարի հասակով, թանձր ու բարի հայացքով Աղասի Իսպիրեանը քանդակագործիս հայեացքում աւելի էր «բրոնզանում»։ Յատկապէս առինքնող էին հայ դասականների, պատմիչների իր ընթերցումները եւ միասին քննարկումները։ Նա միայն իրեն յատուկ հումորով, ժողովրդական ֆոլկլորի հայհոյանքններով այնպէս էր սրբատաշում խօսքը, որ (կը ներէք) գրել այդ մասին հնարաւոր չէ։ Ազատախօս էր, երկրի իսկական տէր, իր ցեղային պաշտպանը՝ ջրկիր ռանչպարի ու զէնքին սիրահար ֆիդայու պէս։
Որդու երգերի տեքստերն էր ստեղծում, մինչեւ Ներսիկը թափ էր հաւաքում համայն հայութեան մէջ (ինչպէս որ երազում էր Գագիկ եղբայրը) ձայն տալով անցած եւ ապրող երեւելի ցեղակիցներին։
Իսկ ինչպիսի ապրումներ էր ունենում Աղասի Իսպիրեանը, երբ որդու երգերը թեւածում էին Արցախեան հերոսամարտում, որպէս աստուածային ներշնչանք ու նեցուկ հայ զինուորներին։ Ի հարկէ, հայ զինուորի կամքին ու Ներսիկի երգերի աւերիչ ուժին չէին կարողանայ դիմանալ ազերի ելուզակները ու նրանց սատարողները։
Հայաստանի անկախացումը, Արցախեան յաղթարշաւը իրենց հետ բերին քաղաքական փոթորիկներ (ներքին թշնամին չէր քնել), եւ իրօք վայրենի, չլսուած իրադարձութիւնները մեր ընդերքի տատանումները եղան, եւ պատահեց այն, որ առաջին նախագահը իր ոհմակով քանդեց եղած-չեղածը։ Եւ ժողովուրդը պատէպատ խփուեց՝ կեցութեան խնդիրներից մինչեւ քաղաքական ճաք տուող անորոշ անդունդներ։
Վերադառնանք տոհմապետին։
Անկարեւոր չեմ համարում ձեզ պատմել մեր հերոսի անուանադրութիւնը՝ «Իշխանաւորի կոչմանն արժանանալը»։
Ժողովրդի մէջ երբեմն շրջում է իր սովորոյթ-կամքի ազատամտութեան չգրուած անսահմանադրութիւնը։ Սրանով շարժւում-ապրում է ամէն տեսակի հանրութիւն։ Ահա, ե՛ւ հիացած իր անձի տոհմապետական թանձրոյթով, ե՛ւ ունենալով կրտսեր բարեկամը լինելու երջանկութիւնը, մի անգամ հաւաքոյթ-խնջոյքն էինք վայելում, որը ոչ աւելին էր, քան հանդիպման վայր ու գաղափարների իմաստաւորում, ներկաների համար անսպասելի, ինձ իրաւունք ընձեռեցի, բաժակաճառիս մէջ յայտարարելու շատ յարգելի եւ պաշտելի Աղասի Իսպիրեանին «Իշխան»ի տիտղոս շնորհելու մասին (երբեմն պետութեան մէջ ժողովուրդն էլ է կոնդակ ստեղծում)։ Բոլորը միաձայն ողջունեցին այսօրինակ անուանադրումը, եւ օրը շարունակուեց Իշխան-Աղասի Իսպիրեանի հրամանատարութեամբ։
Բնութեան մէջ (խորհում եմ) աստուածային ներդաշնակութեանը միշտ ու ամէնուրեք հակադրւում է մարդ արարածի քաոս ստեղծելու ահռելի ջանքը։
Եւ պատահեցին բաներ, որի արդիւնքում, շատերի հետ միասին Իսպիրեանները յայտնուեցին Միացեալ Նահանգներում։
1999ին ի՛մ ճակատագրի սեւ շան օրը, մենք էլ յայտնուեցինք այս կողմերում։ Վերագտայ Իշխանիս ընտանիքը։ Մտածեցի, դէ գնա՛, մարդ արարած, վերծանիր գաղթ ու տարագիր բառերը, երկրից հեռու լինելու վիճակը։
Բարեբախտաբար կեանքը շարունակւում է։
Ասում եմ՝ «Բարի լոյս, Իշխան ջան», ողջունում, իր տան շեմից ներս եմ մտնում՝ առաւօտ, իրիկուն, կարեւոր չէ։
Մի անգամ (առանց վերնագրի) սկսեց պատմել իր պատմութիւնը՝ Մուշից մինչեւ… Ամերիկա։ Իր տոհմի ոդիսականը. Եղեռնից փրկուելը, կարմիրների (որոնք երեւի պատմութեան առջեւ նախապէս ամօթից կարմրել էին) եւ խորհրդային տարիների մասին։ Յայտնւում է պետական մարմիններում մինչեւ այն պահը, որ հնարաւոր էր, յետոյ հետապնդումներ, փախուստ դէպի Թիֆլիս ու հարաւային Ռուսիա, ուր մշեցի բարեկամներ հրաշքով պատսպարում են նրան։ Յետոյ վերադարձը Հայաստան։ Նա պատմում էր թանձր ու գունագեղ, կարեւոր շեշտադրումներով։ Չէր վարանում խարազանել ում որ պէտք էր։ Դաշտենցի վէպից («Ռ. Կ.») յետոյ ես ըմբոշխնեցի մեծ կեանքի մի տարողունակ պատմութիւն։ Եւ այդ ամէնը շատ-շատ շքեղ էր։
Ուղղակի հայրենապաշտ էր Իշխան-Աղասին։
Տարիներն անցնում էին օրերի լուծոյթում, երբ մի անգամ ինձ ասացին, վերադառնում ենք հայրենիք։ Այդ օրը մենք նշում էինք Ներսիկ երգիչ որդու վաստակաւորութիւնը, որ իրեն շնորհել էր պետութիւնը։ Այդ երեկոյ նաեւ միասին դիտեցինք Իշխան-Աղասի Իսպիրեանի 90ամեակի հանդիսութեան տեսագրութիւնը։ Ժողովրդական ուրախութեան հրավառութիւն էր, պապս կ՛ասէր՝ «Ոչ երանի նրան, ով ներկայ չէր այնտեղ»։
Անցած ձմռանը նորից Երեւանում էի, այցելեցի մեծ եղբօրս (այդպէս էի անուանում յաճախ)։ Աննկարագրելի էր մեր հանդիպման ջերմութիւնը։ Իր 97 տարիների թագաւորական բարձունքից, ինչպէս միշտ, շքեղ էր Աղասի Իսպիրեանը։ Ներսիկը ասաց՝ 100ամեակը Մուշում ենք տօնելու։
Չէի կարող չհաւատալ։
Գաղափարական պայքարի լուսապսակով թագադրուած այդ վիթխարի սրտի տէր մարդը այլեւս գնացել է իր եւ իմ պաշտելի Հայկական բարձրավանդակում ընդմիշտ հանգրուանելու։ Եւ իր կեանքը իսկական երգ էր, յաւերժական պայքարի երգ։
Լոյս էիր եւ լոյս կը մնաս մեզ համար, իմ մեծ բարեկամ։