ԵՐԵՒԱՆ.– 4 Դեկտեմբերին Ազգային ժողովին մէջ տեղի ունեցած է 10 Հոկտեմբերին Մինսկի մէջ ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան՝ «Եւրասիական տնտեսական միութեան մասին» 2014 թուականի Մայիսի 29ի պայմանագրին միանալու մասին» համաձայնագիրի քննարկումը։ Նիստին ընթացքին խօսք առած է նաեւ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան, որ՝ անդրադառնալով Հայաստանի դիմաց ցցուած ներկայ մարտահրաւէրներուն, այդ լոյսին տակ արժեւորած է այս համաձայնագիրը։ Ռուստամեան իր խօսքին մէջ ըսած է.
«Ցանկացած ազգի, ինչու չէ նաեւ առանձին անձի որակն ի յայտ է գալիս, երբ նա ճիշդ է կարողանում որոշել ինչին յարմարուել, ինչի դէմ կեանքի ու մահու կռիւ մղել: Իսկ յարմարուելն ու պայքարելն էլ իմաստ է ստանում, երբ կատարւում է ոչ թէ ինքնանպատակ, այլ յանուն աստուածատուր քո տեսակի պահպանման:
Խնդիրն էլ հէնց ճակատագրական է դառնում նրանով, որ ստիպուած ես որոշել, թէ ինչպէս վարուես, որ քեզ պատահած փորձութիւնը այնպէս անցնես, որ տեսակդ պահպանուի: Հիմա սա նման մի փորձութիւն է, որ պարտաւոր ենք յաղթահարել նոյն այն համոզումով, որ եթէ փորձութիւնը չի սպանում քեզ, ուժեղացնում է: Բայց դրա համար պէտք է մեր իրավիճակը ճիշդ պատկերացնենք ու ներկայացնենք, որ լուծումն էլ լինի միակ ճիշդը: Իրավիճակի ճշգրիտ նկարագրութիւնը պահանջում է նշել վճռորոշ նշանակութիւն ունեցող փաստերը եւ դրա վրայ կառուցել մեր մօտեցումներն ու գնահատականները:
Միանգամից ասեմ, որ համաձայն եմ, որ կարելի էր աւելի լաւ բանակցել, աւելի ամուր դիրքեր ունենալ մինչ կամ կամի միջեւ ընտրութեան ճակատագրական այս պահին հասնելը: Բայց այսօրուայ որոշումը պէտք է կայացուի ստեղծուած իրավիճակում, երբ կանգնած ենք փաստերի ճնշող պարտադրանքի առաջ: Իսկ հիմնական եւ անհերքելի երկու գլխաւոր փաստերը ակնյայտ են:
1. Հայաստանը եւ Ղարաբաղը շրջափակման եւ պատերազմի մէջ են:
2. Աշխարհը յայտնուել է նոր սառը պատերազմի մէջ, որն աւելի ու աւելի գնալով լաւ էլ տաքանում է: Ազդեցութեան գօտիների վերաձեւմանն ուղղուած գերտերութիւնների պայքարը վեր է ածուել ուղղակի առճակատաման եւ աշխարհաքաղաքական նոր կատակլիզմների հեռանկար է առաջացրել:
Ինչպէս վարուել այս պարագայում՝ ահա գլխաւոր ճակատագարական խնդիրը: Ինչպէս վարուելու համար երկու ասացուածք մեզ կարող է օգնել: «Պատերազմում՝ ինչպէս պատերազմում», միւսը՝ «Երբ թնդանօթները որոտում են, մուսաները լռում են»: Ուստի, բոլոր տեսակի լիրիկական զեղումները ու ուրիշներին դասեր տալը թողնենք մի կողմ եւ լուրջ գնահատենք ստեղծուած վիճակը՝ ելնելով վերը բերուած երկու փաստարկից: Ըստ որի՝ առաջին փաստ-իրողութիւնը պարտաւորեցնում է, որ եթէ ուզում ենք խաղաղութիւն, պիտի պատրաստ լինենք պատերազմի:
Որպէսզի կարողանանք լուծել նորագոյն պատմութեան այս փուլի գլխաւոր խնդիրը, այն է՝ յաջորդ սերնդին փոխանցել 42,000 քմ. հայկական տարածք: Երկրորդ իրողութիւնը պահանջում է, որ եթէ չունես անվտանգութեան աւելի լաւ այլընտրանք, ամրապնդի այն, ինչ ունես: Ուրեմն ծանր ու թեթեւ անելը միայն քանակական իմաստով չի կարող կատարուել՝ էսքան բան ենք ստանում, էնքան՝ կորցնում, դու ասա՝ էդ ստացածը կամ կորցրածդ ինչ նշանակութիւն ու արժէք ունի: Թէ չէ սա յիշեցնում է այն պատմութիւնը, երբ հարց են տալիս, թէ ինչո՞ւ պարտուեցիք, ասում է՝ մի հինգ պատճառ կար՝ մէկը, որ փամփուշտ չունէինք, ասում է՝ դէ էն միւսները մի շարունակի:
Ուրեմն, ի՞նչ է մեր աշխարհաքաղաքական խաղերը հէնց կամուրջի վրա՞յ պիտի բռնէին կամ այսօր է՞ պահը կտրուկ շրջադարձեր կատարելու կամ էլ վիրահատական գործողութիւնների դիմելու: Չե՞նք մտածում, որ վիրահատութիւնը կարող է լաւ աւարտուի, բայց հիւանդը մահանայ: Յատկապէս, երբ բացայայտեցինք, որ դեռեւս 94թ. սկսած այս ընթացքը իրաւա-պայմանագրային մակարդակով արդէն իսկ որդեգրուել էր: Ինչը մեզ համար հասկանալի է, որ շատերին պիտի գցէր չդադարող ջղաձգումների մէջ:
Բայց հանգստացէ՛ք, փաստը մնում է փաստ: Մենք այն ժամանակ էլ ընդդիմութիւն ենք եղել, բայց այս ընտրութիւնը մեզ համար միանշանակ է եղել: Հետեւաբար, սա մեզ համար մշտապէս նախ անվտանգութեան հարց է իր ամբողջական ընկալման մէջ՝ որպէս այս աշխարհաքաղաքական լուրջ մարտահրաւէրը յաղթահարելու անհրաժեշտ պայման, որ կարողանանք պահել այն, ինչ ունենք, իսկ հետագայի համար շահէնք ժամանակ, որ կարողանանք սխալներն ուղղել ու առաջ գնալ: Իսկ այսպիսի վտանգի ամենամեծ զգացողութիւնը հէնց մեր ժողովուրդն ունի իր հաւաքականութեան մէջ: Դրա համար պատահական չէ, որ որեւէ ընդվզում այս հարցի հետ կապուած նա չցուցաբերեց: Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստնութեանը եւ վարուենք նոյն կերպ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
vakhkotner ! duk dashnaknert aidkan rusnerin dem eik ?ba inch stattsvets?davachanner!!!