Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանն այսօր կայացաւ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ Բիւրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանին:
Վերջին հրաժեշտի արարողութեանը ներկայ էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Յովիկ Աբրահամեանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը, ով իր ելոյթի խօսքում անդրադարձաւ Վահան Յովհաննիսեան դիւանագէտի արժանիքներին:
Ներկայ էին նաեւ հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակոյթի ու արուեստի գործիչներ, պետական պաշտօնեաներ Հայաստանից եւ Արցախից, ԱԺ նախկին գումարումների պատգամաւորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ընկերներ, մարտական ընկերներ, գործընկերներ, դասընկերներ, համակուրսեցիներ, լրագրողներ:………………………..
Ոմանք նրա հետ վերջին հրաժեշտի համար եկել էին Եւրոպայից, ԱՄՆ-ից ու Լիբանանից:
Վահան Յովհաննիսեանի մարմինն ամփոփող դագաղի մօտ այս ընթացքում պատուոյ պահակ էին կանգնել դաշնակցականներ, իսկ Նիկոլ Աղբալեան միութեան երիտասարդները` դրօշներով:
Հրաժեշտի խօսքով հանդէս եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանը եւ Հ. Թումանեանի անուան Երեւանի Պետական Տիկնիկային թատրոնի տնօրէն Ռուբեն Բաբայեանը:
Երեւանի քաղաքային պանթէոնում, հողին յանձնուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան, ազգային քաղաքական, հասարակական գործիչ Վահայն Էդուարդի Յովհաննիսեանի մարմինը:
Վահանը յուղարկաւորուեց հօր` ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, քաղաքական գործիչ, հրապարակախօս եւ ականաւոր մտաւորական Էդուարդ Յովհաննիսեանի կողքին:
Վահան Յովհաննիսեանի ընկերները նրան անմահութիւն ճանապարհեցին «Վէրքերով լի ջանֆիդայ եմ» երգով: