Նկարը. նահատակ Վարդան Մկրտչեան
Լիլիթ Յարութիւնեան
«Ազատութիւն»
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի հարաւային եւ արեւելեան ուղղութիւններով հակառակորդը ձեռնարկել է դիւերսիոն հետախուզական երկու գործողութիւն:
Ըստ հաղորդագրութեան, Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում կորուստներ կրելով` հակառակորդը հետ է շպրտուել իր ելման դիրքերը:
«Աւաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհուել են ՊԲ զինծառայողներ Կարէն Սամուէլի Գրիգորեանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչեանը: Վիրաւորում է ստացել զինծառայող Վոլոդեա Գագիկի Յարութիւնեանը», – փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչութիւնը:
«ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», – ասուած է հաղորդագրութիւնում:
Միջադէպի մանրամասները պարզելու համար տարւում է քննութիւն:
«Ազատութեան» հետ հեռախօսազրոյցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է:
«Իրավիճակը վերահսկելի է, բնական է, որ հակառակորդը փորձում է յատկապէս այս տօնական օրերին իւրովի «շնորհաւորել» մեր Նոր տարին, բայց ասեմ, որ ստանալու է նոյնպիսի «շնորհաւորականներ», նոյնպիսի «բարեմաղթանքներ», – յայտարարեց Բաբայեանը:
«Ազատութեան» հարցին` հնարաւո՞ր է արդեօք, որ դիւերսիոն գործողութիւններ լինեն նաեւ առաջիկայ օրերին, Լեռնային Ղարաբաղի նախագահի խօսնակը պատասխանեց. – «Դժբախտաբար, գիտէք, հակառակորդը այդպիսի քաղաքականութիւնը որդեգրել է որպէս իր հիմնական, այսպէս ասած, պահելաձեւերից մէկը, եւ կարծում եմ` շարունակուելու է»: «Լարուածութիւնը, իհարկէ, ստանալով համապատասխան հակահարուած` նրանք միշտ հանգստանում են», – յաւելեց Բաբայեանը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակոյ Սահակեանը այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիութեան համար Պաշտպանութեան բանակի N զօրամասի շարքային Վարդան Մկրտչեանը յետմահու պարգեւատրուել է «Արիութեան համար» մեդալով, նոյն զօրամասի սպայ, լեյտենանտ Կարէն Գրիգորեանը յետմահու պարգեւատրուել է «Մարտական ծառայութիւն» մեդալով:
Գիշերուայ իրադարձութիւնների արդիւնքում վիրաւորուած զինծառայող Վոլոդեա Յարութիւնեանը, Դաւիթ Բաբայեանի փոխանցմամբ, վիրահատուել է, եւ նրա կեանքին վտանգ չի սպառնում. – «Վիրաւորի առողջութեանը ներկայ դրութեամբ որեւէ բան չի սպառնում, նրա առողջական վիճակը արդէն կայուն է: Եղել է վիրահատութիւն, նորմալ անց է կացրել եւ նորմալ վիճակում է»:
«Նրանք փորում են իրենց իսկ փոսը»
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը այսօր հաղորդագրութիւն է տարածել` հերքելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի տեղեկատուութիւնը ադրբեջանական զինուած ուժերի սադրիչ գործողութիւնների մասին: Ադրբեջանի ռազմական գերատեսչութեան պնդմամբ` տեղի է ունեցել հակամարտութիւն եւ փոխհրաձգութիւն «հայկական զինուած խմբաւորումների ներսում»:
Բաքուի այս յայտարարութեանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խօսնակը հետեւեալ կերպ արձագանքեց. – «Գիտէք, ի՞նչ պիտի ասենք հոգեկան խանգարումներ եւ մոլագար բնաւորութիւն ունեցող մարդկանց մասին` ոչ մի բան: Այսինքն, եթէ նրանք նման պահուածք են ցուցաբերում ամէն ժամանակ, նոյնիսկ` այս տօնական օրերին, բնական է, որ սա չի կարող նորմալ մարդու տպաւորութիւն թողնել եւ նորմալ, էսպէս ասած, ինչ-որ ձեւով մեկնաբանութեան արժանանալ: Նրանք ուղղակի եւս մէկ անգամ ցոյց են տուել իրենց իրական դէմքը, եւ այսպիսի քաղաքականութեամբ նրանք փորում են իրենց իսկ փոսը` ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»:
Այս տարի Բաքւում պէտք է անցկացուեն համաեւրոպական առաջին Օլիմպիական խաղերը: Դաւիթ Բաբայեանը տարակուսում է, թէ ինչպէս է քաղաքակիթ Եւրոպան որոշել խաղերը անցկացնել մի երկրում, որը Օլիմպիադայի անցկացման ժամանակահատուածին յատուկ կանոնները անգամ չի պահպանում:
«Հին աշխարհում, գիտէք, որ Օլիմպիական խաղերը նաեւ այսպիսի ժամկէտ էր, որ պատերազմնէր ու բախումներ չէր լինում, մօրատորիում էր, այսպէս ասած, օլիմպիական: Բայց այդ պետութիւնը նոյնիսկ դա չի յարգում», – շեշտեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խօսնակը` շարունակելով. – «Ին՞չ կարելի է ասել այս ուղղութեամբ` միայն ափսոսանք, բայց համապատասխան գործողութիւնները նրանք միշտ պիտի հակահարուածը զգան. միայն դա է իրենց պահում համեմատաբար աւելի, այսպէս ասած, «կայուն եւ հանգիստ» իրավիճակում»:
«Ցանկացած սադրանք 2015-ին նոյնպէս խստագոյնս պատժուելու է»
Ժամեր առաջ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը` նոյնպէս վստահեցնելով , որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները վստահօրէն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:
Հայաստանի ռազմական գերատեսչութիւնը յայտարարում է, որ Սուրբ Ծննդեան տօների շեմին ստեղծուած իրավիճակն «Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարութեան նենգ քաղաքականութեան արդիւնքն է եւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ոգուն ու տրամաբանութեանը»:
Միաժամանակ, Պաշտպանութեան նախարարութիւնը միջազգային հանրութեան եւ մասնաւորապէս Մինսկի խմբի համանախագահ պետութիւնների ուշադրութիւնն է հրաւիրում «այն անպատասխանատու քաղաքականութեան վրայ, որը, փաստօրէն, 2015 թուականի սկզբից եւեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանութիւնը, եւ վերահաստատում է միջազգային հանրութեան կողմից նման քաղաքականութեան հասցէական դատապարտման անհրաժեշտութիւնը»:
«Ադրբեջանի ղեկավարութեան սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թուականին նոյնպէս խստագոյնս պատժուելու է եւ անխուսափելիօրէն յանգեցնելու է ադրբեջանական զինուած ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատուութիւնը կրելու են այդ պետութեան իշխանութիւնները», – յայտարարում է Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը:
Բաքուին սթափեցնելու կոչ միջազգային հանրութեանը
Երեկոյեան յայտարարութեամբ հանդէս եկաւ նաեւ Հայաստանի արտգործնախարարութիւնը` խստօրէն դատապարտելով ադրբեջանական զինուժի դիւերսիոն գործողութիւնները եւ իր խորին ցաւակցութիւնը յայտնելով զոհուածների ընտանիքներին ու մերձաւորներին:
«Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերեալ Ադրբեջանի ղեկավարութեան անդադար սպառնալիքները, որոնք հնչեցւում են այդ երկրի ղեկավարութեան անգամ ամանորեայ ելոյթներում», – շեշտում է Արտգործնախարարութիւնը` շարունակելով. – «Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` յատկապէս կրօնական տօների նախաշեմին եւ ընթացքում, սադրիչ գործողութիւններից եւ իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան համոզմամբ` վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը սթափեցնի իր յորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարութեանը: