Հայ երաժշտարուեստի ժամանակակից պատմութեան մէջ երգահանների ամենայայտնի՝ Սաթեաններին ու այս գերդաստանի ամենավառ ներկայացուցիչներից Արամ Սաթեանին նուիրուած բացառիկ համերգը Լոս Անջելեսում կը միաւորի հայ սիրուած ու ճանաչուած կատարողների: «Ուիլշըր Էբել» (Wilshire Ebell) համերգասրահում Մարտի 15ին նախատեսուած երաժշտական այս տօնի ընթացքում կը հնչեն մի քանի սերունդների կողմից սիրուած Արամ Սաթեանի ստեղծագործութիւնները՝ յայտնի երգիչ-երգչուհիներիկատարմամբ:
«Թռչէի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»՝ այս տողերն ու հնչիւնները «Մարտիկի երգ»ից, հոգեհարազատ են աշխարհի տարբեր անկիւններում բնակուող իւրաքանչիւր հայի: ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Աշոտ Սաթեանի բազմաթիւ ստեղծագործութիւններ իրենց նշանակալի տեղն ունեն հայ երաժշտարուեստի գանձարանում ու ժողովրդի սրտում:
Այս երգերը կը հնչեն «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով համերգի ժամանակ, որ կազմակերպել է Հայ-Ամերիկեան թատերական եւ երաժշտական միութիւնը եւ «Արմինիան ինթըրթէյնմընթ փրոդաքըշն»ը: Ամերիկահայ համայնքին անմոռանալի ակնթարթներ կը պարգեւեն հայ երգարուեստի աստղաբոյլի ներկայացուցիչներ Ռազմիկ Մանսուրեանը, Անահիտ Ներսիսեանը, Գայիանէ Յովհաննիսեանը, Ռուբէն Թելունցը, Նառան, Անի Քրիստին, Մհեր Արմէնիան, Նարեկ Մակարեանը, Մարիամ Կարակիյեանը, Սոնիա Խանը, Յովհաննէս Շահբազեանը, Նարինէ Յարութիւնեանը, Դաւիթ Սաթեանը:
Համերգը նուիրուած է նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին: «Հնարաւոր չէ հային ոչնչացնել՝ մէկի տեղը եօթն է ծնւում: Մեր գերդաստանը եւս մէկ ապացոյց է, որ մենք ապրել ենք եւ պիտի ապրենք ու ստեղծենք», նշում է Հայաստանի Կոմպոզիտորների միութեան նախագահ Արամ Սաթեանը՝ ներկայացնելով երգարուեստում իրենց նշանակալի ներդրումն ունեցած Սաթեանների ընտանիքի եօթ յայտնի երգահաններին:
Շտապէք ներկայ գտնուել գեղեցիկ համերգային ծրագրին՝ Արամ Սաթեանի եւ որդու՝ Դաւիթ Սաթեանի մասնակցութեամբ: Համերգը տեղի կ՛ունենայ Մարտի 15ին, «Ուիլշըր Էբել» թատրոնում (Wilshire Ebell Theatre), 4401 W 8th St, Los Angeles, California 90005: Տոմսերի համար զանգահարել՝ 818.265.0506 կամ 323.668.1030:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.