25ամեայ Հայկ Քալանթարեանի գիւտը մեծ արձագանգ է գտել ԱՄՆում: Վերջին օրերին ամերիկեան լրատուամիջոցները՝ ABC, MTV, Popular Science, անդրադառնում են մեր հայրենակցի ստեղծած սարքին եւ մասնագէտների ուշադրութիւնը հրաւիրում այս գիւտին, որը տեխնոլոգիական եւ գաղափարի նորամուծութիւն է ոչ միայն տեղեկատուական տեխնոլոգիաների, այլեւ առողջապահութեան ոլորտում:
UCLA-ի համալսարանում դոկտորականը պաշտպանող Հայկ Քալանթարեանը ստեղծել է ուտելիքը տարբերակող սարք, որը կոչւում է WearSens: Այն հետեւում է կոկորդի տատանումներին եւ ինֆորմացիա ստանում ե՛ւ ուտելիքի, ե՛ւ ընդունած հեղուկի մասին:
Ինչպէս Panorama.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Հայկ Քալանթարեանի հայրը՝ ճանաչուած ծրագրաւորող Արտակ Քալանթարեանը, նոր «սմարթ» վզնոց ստեղծելու նպատակն է ուտելիքի բաժինը եւ բաղադրութիւնը կռահելու միջոցով զերծ պահել այն կրողին «ոչ պիտանի» սնունդ ընդունելուց:
Նրա խօսքերով՝ Հայկը սարքի ծրագրաւորումը կատարել է երկու տարուայ ընթացքում: Երիտասարդ գիտնականն ունի 9 գիտական յօդուած, որից 7ը կապուած են «Խելացի վզնոցում» օգտագործուած տեխնալոգիաների եւ ինֆորմացիայի ճանաչման ու մշակման ալգորիթմների հետ:
Սարքին անդրադարձել է նաեւ Փենսիլվանիայի պետական համալսարանի դիետալոգիայի պրոֆեսոր Բարբարա Ռոլսը՝ նշելով, որ գիրութեան համաճարակը կախուած է տեղեկացուածութիւնից, թէ որքան են մարդիկ ուտում, եւ թէ սննդակարգին հետեւողները իրօ՞ք փոխում են սնուելու իրենց սովորութիւնները: Ըստ նրա՝ սննդակարգի վերաբերեալ ծրագրերի լաւ օրինակները հիմնւում են դիետա պահողների «ազնիւ» օրագրերի վրայ: Բայց մարդիկ երբեմն ստում են, կամ դժուարանում են յիշել իւրաքանչիւր ուտելիքի մանրամասնութիւնները: «Ուստի այս սարքը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր իսկապէս ցանկանում են խուսափել ճարպակալութիւնից եւ հետեւեն իրենց առողջութեանը», ասել է պրոֆեսորը:
Եւ ահա WearSens վզնոցը փորձում է լուծել այս խնդիրներից մի քանիսը՝ հետեւել վզի մօտ թրթիռները:
«Ձեր վերին ծնօտը խոռոչ է, որն ուտելիքը կուլ է տալիս եւ օդը շնչելիս դղրդում է: Վզնոցը աշխատեցնում է պիեզօելեկտրական տուիչները, որոնք մեխանիկական խախտումների նկատմամբ զգայուն են: Սնունդը կամ հեղուկը կոկորդով իջնելիս այն առաջացնում է ցնցումներ, որոնք բարձրանում են դէպի մաշկը՝ վզի շուրջը, եւ տուիչները գրանցում են ցնցումները: Իւրաքանչիւր սննդամթերք իւրայատուկ ձեւով է հանդէս գալիս: Եթէ դուք փափուկ եւ թաց ուտելիք էք ուտում, ապա ձեր ծամելու եւ կուլ տալու ձայնը տարբեր է, իսկ երբ դուք ուտում էք կոշտ եւ խրթխրթան ուտելիք, այս դէպքում այլ ազդանշան է տալիս», ներկայացնելով իր գիւտը ասել է Հայկ Քալանթարեանը՝ յաւելելով, որ այնուհետեւ թրթռումների տուեալները փոխանցւում են «սմարթֆոն»ի յատուկ նախատեսուած ծրագրին, որը սովորեցնում է զգալ պինդն ու հեղուկը եւ յետոյ կազմում է կլանելու անհատական մոդելը:
Նշւում է նաեւ, որ սարքը կարող է 90 տոկոս ճշգրտութեամբ տարբերել պինդ ու հեղուկ սնունդը, ինչպէս նաեւ տաք եւ սառը ըմպելիքները: Ծրագիրը կարող է հետեւել մարդու օրական սննդակարգին եւ ազդանշան տալ, երբ մարդը բաց է թողել ուտելիքը կամ ջրազրկուել է: «Խելացի վզնոց»ը կարող է օգնել նաեւ հիւանդին՝ հետեւել դեղերն ընդունելու գրաֆիկին:
Արտակ Քալանթարեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ առայժմ դա գիտական հետազօտութիւն է, սակայն այն առողջութեան պահպանմանն ուղղուած կարեւոր նորարութիւն է: Նա չբացառեց, որ յետագայում պատրաստուի նաեւ սարքի կոմերցիոն տարբերակը, այն յատկապէս կարող է հետաքրքրել առողջապահութեան ոլորտի մասնագէտներին:
Նշենք, որ Հայկ Քալանթարեանը յայտնի ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախօս Արտաշէս Քալանթարեանի թոռն է: Երիտասարդ գիտնականը ծնուել է Երեւանում, նա ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխուել 1994 թուականին։
«Panorama.am»
հպարրտութիւն զգացի