
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայկական Սուրբ պատարագում, ամենանուիրական պահն է, երբ լսւում է Աստծուն ուղղուած աղօթքը: «Հայր Մեր»ը հայոց պատմութեան ընթացքում, սկսած 301 թուականից, երբ Հայաստանն առաջինը ճանաչեց քրիստոնէութիւնը, մշտապէս եղել է հայի շուրթերին, այդ թւում՝ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Մեծ Եղեռնի 100ամեայ տարելիցի առիթով, որոշեցի ստեղծել մի յուշանուէր, ինչը կը խորհրդանշի մեր ազգի միասնութիւնը:
«Լիւլի» ճանաչուած ապրանքանիշի հետ համագործակցում եմ տարիներ շարունակ, եւ չինական արուեստագիտական աւանդոյթները ներկայացնող ապակեայ իրերի այս ընկերութիւնը սիրով ընդունեց իմ միտքը՝ թողարկել իրենց այցեքարտերից համարուող որեւէ նմուշ՝ ձեւաւորուած հայկական թեմայով», պատմում է Նազ Աթիկեանը:
Համագործակցութեան արդիւնքում ստեղծուել է իւրատեսակ մի յուշանուէր, որի վաճառքից առաջացած հասոյթից Աթիկեանը կը նուիրաբերի հայ մանուկներին, ովքեր խորհրդանշում են հայ ազգի շարունակականութիւնը:
Մարտի 24ին, «Լէ Փափիյոն Բայ Նազ» խանութ-սրահում տեղի է ունենալու «Աղօթքի անիւ»ի ներկայացումն ու վաճառքը հետեւեալ հասցէում՝ 105 E Harvard St., Glendale CA 91205: 100 օրինակով թողարկուած այս յուշանուէրը թուագրուած է, եւ կարելի է նախապէս դիմել ցանկալի թիւը պատուիրելու համար: Մանրամասների համար զանգահարել՝ (818) 241-0700 կամ (818) 399-6060 հեռախօսահամարներով: