«Ապրիլ» գրատունը, Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին առիթով, Ապրիլ ամսուայ ընթացքում ներկայացնում է Եղեռնի նահատակ եւ վերապրած հայ հեղինակներին: Գրական այս շարքի առաջին ձեռնարկը տեղի ունեցաւ Ապրիլի 2ին: Գլենդելի սիրուած գրախանութում, «Ապրիլ»ի տնօրէն Առնօ Երէցեանը խօսեց մտայղացման մասին. «Միշտ փորձել եմ պատկերացնել, թէ ինչպէս պէտք է նշեմ Ցեղասպանութեան 100ամեակը, եւ շատ մեծ երազներ ունէի այս կապակցութեամբ: Պայմանաւորուած ժամանակով եւ հնարաւորութիւններով, որոշեցի, որ գրախանութի առաքելութեան շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել եւ յիշատակել Ցեղասպանութեան զոհ մեր գրողներին: Երկար որոնումների արդիւնքում վերջապէս գտայ մեր նահատակ մտաւորականների ամբողջական ցանկն ու Վաչէ Մանկրեանի օգնութեամբ կազմակերպեցինք այս նախաձեռնութիւնը»: Առնօ Երէցեանը նշեց, որ երեք տարբեր օրերի նախատեսուած գրական երեկոների ընթացքում հանրութեանը կը ներկայացուեն միայն ամենայայտնի հեղինակներն ու կ՛ընթերցուեն նրանց գործերից:
Ձեռնարկի հանդիսավար, դաշնակահար եւ մշակութաբան Վաչէ Մանկրեանի կարծիքով, հայ գրողներին ներկայացնելու նման նախաձեռնութեամբ պէտք է հանդէս գայ Սփիւռքի իւրաքանչիւր համայնք: Մանկրեանը ներկայացրեց առաջին օրուայ համար ընտրուած հեղինակներին. «Սկսում ենք Թլկատինցիի քնարական ստեղծագործութիւններով, որ մեզ ծանօթացնում է արեւմտահայ գիւղին ու յատկապէս աւանդական սովորութիւններին, որոնք դարերով մեր կենցաղի մասն են կազմել, սակայն, ցաւօք, գրեթէ անհետացել են: Երուխանի գործերը ներկայացնում են Պոլիսի աշխատաւոր դասակարգի տաժանելի առօրեան: Հրանդը պատմում է արեւմտահայ գաւառացիի տանջալի կեանքը, որ ապրել է նաե՛ւ ինքը պանդխտութեան պատճառով: Իսկ Գրիգոր Զոհրապի աշխատանքներով ամփոփում ենք՝ ուղեւորութիւն կատարելով հեղինակի քնարական ապրումների միջավայրը»:
Նշուած հեղինակների, հայ գրականութեան մէջ նրանց դերի մասին խօսեցին՝ Գրիգոր Զոհրապի, Հրանդի (Մելքոն Կիւրճեան), Թլկատինցիի (Յովհաննէս Յարութիւնեան) եւ Երուխանի գործերից ընթերցեցին դոկտ. Միրնա Տուզճեանը, դոկտ. Գրիգոր Սիմոնեանն ու Լեւոն Ֆերմանեանը:
«Ապրիլ» գրատան մշակութային միջավայրում անցկացուած ձեռնարկն աննախադէպ էր բնոյթով, նաեւ այն պատճառով, որ գրական մեր ժառանգութեան շուրջ համախմբել էր տարբեր սերունդների հայ մտաւորականների ու ընթերցասէր հանրութեանը:
«Ի յիշատակ Մեծ Եղեռնի նահատակ եւ վերապրող հայ հեղինակների» խորագրով գրական շարքի յաջորդ ձեռնարկը տեղի կ՛ունենայ Ապրիլի 16ին, ժամը 7։30ին: Կը ներկայացուեն նահատակ հեղինակներ Ռուբէն Զարդարեանը, Սիամանթօն, Դանիէլ Վարուժանը, Գեղամ Բարսեղեանը եւ Ռուբէն Սեւակը: Ապրիլի 26ին, ժամը 4:30ի միջոցառումը նուիրուած կը լինի վերապրած հեղինակներ Երուանդ Օտեանին, Վահան Թէքէեանին, Յակոբ Օշականին ու Արամ Հայկազին:
Ձեռնարկի բանախօսներն են՝ դոկտ. Դալար Շահինեանը, Վարդի Դանիէլեանը, Մելօ Էքիզեանը, Յասմիկ Կիթցինեանը, Լիզա Մանոյեանը, Գրիգոր Սիմոնեանը:
«Ապրիլ» գրատան կազմակերպած այս ձեռնարկների մասին յաւելեալ տեղեկութիւնների համար հեռաձայնել (818) 243-4112 կամ դիմել noor@abrilbooks.com հասցէով: «Ապրիլ» գրատունը գտնւում է՝ 415 E. Broadway, Glendale հասցէում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.