ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Բրբենքում Ապրիլի 7ը նշանաւորուեց Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած երկու իրադարձութիւններով: Քաղխորհրդի նիստում, քաղաքապետ Դէյվիդ Գորդոնը ներկայացրեց քաղխորհրդի անդամների կողմից հաստատուած հռչակագիրը, որտեղ 2015թ.ի Ապրիլի 24ը ճանաչւում է որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն էլ հեռուստաուղերձով անդրադարձաւ Մեծ Եղեռնին՝ նշելով, որ «մեր բոլորի ուղերձը 100 տարի անց էլ պարզ է՝ երբեք չենք մոռանալու»: Շիֆը յայտնեց, որ Ապրիլի 24ին Ներկայացուցիչների տանը նախատեսուած իր ելոյթում կարդալու է Հայոց Ցեղասպանութեան զոհ դարձած 1.5 միլիոն մարդկանց անուններից, ինչը խոհրդանշելու է, որ մէկ դար անց էլ նրանք չեն մոռացուել, եւ նրանց յիշատակը վառ է բոլորի սրտում: Կոնգրեսականը կոչ արեց հայ համայնքին՝ իրեն ուղարկեն զոհուած հարազատների ու բարեկամների անուններ, որոնք կը ներառուեն իր ցուցակում:
Քաղխորհրդի նիստում իրենց խօսքն ասացին Բրբենքի Հայ Դատի յանձնախմբի համանախագահ Զարեհ Խաչատուրեանն ու Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամ Յակոբ Մեսրոպեանը: «Ես ցանկանում եմ ուղերձս յղել երիտասարդներին: Հանրային թիւրըմբռնում է, թէ ներկայի Թուրքիայի կառավարութիւնը պատասխանատու է 1.5 միլիոն հայերի մահուան համար: Նրանք պատասխանատու չեն, սակայն մեղաւոր են, որ հերքում են Ցեղասպանութեան իրողութիւնը: Թուրքիայի կառավարութիւնը թաքցնում է իրական տեղեկութիւններն իր ժողովրդից՝ պահպանելու համար հեղինակութիւնը: Մինչդեռ, պէտք է կրթել այսօրուայ երիտասարդ սերնդին, ովքեր վաղուայ ղեկավարներն են, պէտք է նրանց պատմել ճշմարտութիւնը, որ վաղը չկրկնեն 1915թ.ի սխալները», իր խօսքում նշեց աւագ դպրոցի աշակերտ Մեսրոպեանը: Զարեհ Խաչատուրեանն էլ ներկայացրեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած իր մեծ հօր եւ ընտանիքի պատմութիւնը, որ վերջնական հանգրուան է գտել ԱՄՆում: «Մենք առաջնային փուլն անցել ենք, շատ երկրներ ճանաչել են Ցեղասպանութիւնը, այդ թւում եւ Միացեալ Նահանգների կառավարութիւնն ու կոնգրեսը մի շարք ձեւերով: Մեր ուժերը ներկայում պէտք է կենտրոնացնենք յիշատակման եւ նման գործողութիւնների կանխարգելման ուղղութեամբ ողջ աշխարհում, ինչպէս նաեւ հետապնդենք մեր իրաւունքները՝ հասնելով Թուրքիայի կողմից մեզ հասցուած վնասի հատուցմանը: Մեր պայքարը շարունակուելու է այնքան, մինչ բոլոր մեղաւորները պատասխանատուութեան կանչուեն 100 տարի առաջ կատարուածի համար եւ հասկանան, որ համաշխարհային ընտանիքում ընդունելի լինելու միակ ձեւը՝ ուրիշների իրաւունքը յարգելն է», նշեց Խաչատուրեանը:
Բրբենքի քաղխորհրդի նիստից յետոյ, Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկը շարունակուեց Հայ կենտրոնում: Արմէն Արթինեանի հանդիսավարութեամբ մշակութային ձեռնարկի յայտագիրը ներառում էր ժողովրդական պարային կատարումներ, ասմունք՝ Արիգա Ամիրեանի ներկայացմամբ, իսկ փոքրիկների երգչախումբը կատարեց հայրենասիրական երգեր: Հայ երիտասարդաց դաշնակցութեան կողմից օրուայ բանախօսներն էին Ռուբէն Գրիգորեանն ու Վաչէ Թովմասեանը, որ իրենց խօսքում յայտնեցին հայ երիտասարդի ու նոր սերնդի պայքարի եւ արդարութեանը հասնելու հաստատակամութեան եւ նոր մշակոյթի ձեւաւորման իրենց տեսլականի մասին:
«Հայ երիտասարդի եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան համար, հարիւրամեակը վերջը չէ: Այն նոր սկիզբ է՝ նոր Զարթօնք: Հայ երիտասարդներն այս տարելիցին ասում են. «Մենք ականատես ենք եղել, թէ ինչ է իրականացուել նախորդ հարիւր տարիներին, այժմ մենք կրկնելու ենք այդ ամէնը՝ աւելի լաւ: Անելու ենք եւս 100, 200, 500 տարի՝ մինչեւ Գետաշէնից Ադանա իւրաքանչիւր կիլոմետրը միանայ եւ դառնայ միացեալ, անկախ ազատ Հայաստան: Այս հարիւրամեակին մենք յիշատակում ենք Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն մենք նաեւ պահանջում ենք: Պահանջում ենք ճանաչում եւ հատուցում», իր խօսքում նշեց Ռուբէն Գրիգորեանը:
«Թուրքիայի մտադրութիւնների ձախողման ապացոյցն ամէնուր է. այս պատերի ներքոյ, մեր պատանիների այստեղ ներկայութեամբ, մեր ամէնօրեայ կեանքով։ Այս ամէնն ապացոյցն է, որ Թուրքիան ձախողում է ամէն օր», յայտարարեց Թովմասեանը: «Մենք այստեղ ենք՝ Հայոց Ցեղասպանութիւնը իրականացնողներից պահանջելու, որ պատշաճօրէն ճանաչեն իրենց պատմութիւնը, վերջ դնեն հերքմանը, ԱՄՆի մեր քաղաքական ղեկավարներից պահանջելու, որ մի կողմ թողնեն քաղաքական յարմարաւէտութիւնն ու հանգիստ խօսեն պատմութեան մասին: Հարաւային Կալիֆորնիայում, Բրբենքում այսօր ուրախ ենք, որ կան պաշտօնեաներ, որոնք ընդունում եւ ճանաչում են մեր պատմութիւնը, ճանաչում են մեր պատմութեան մութ էջը, համայն մարդկութեան պատմութեան մութ էջը: Բանաձեւը, որն այսօր ընդունեց քաղխորհուրդը, նշան է մեր համայնքի յաղթանակի, պաշտօնեաների յաղթանակի, ովքեր մի կողմ թողնելով յարմարութիւնը՝ խօսում են մեծ ճշմարտութեան մասին: Սակայն, մենք դեռ շատ բան ունենք անելու ազգային մակարդակով հասնելու համար արդարութեան կայացմանը եւ առաջինը՝ Թուրքիայի կառավարութիւնից: Անցել են օրերը, երբ մենք սգում էինք մեր զոհերին գլխիկոր, անցել են օրերը, երբ մենք խնդրում էինք ճանաչել մեր պատմութիւնը:
Հարիւրամեակը խոհրդանշելու է նոր դարաշրջան՝ պահանջատէր լինելու, հատուցում պահանջելու, որ վերադարձուի այն ամէնն ինչ խլուել է, պահանջելու մեր արժանապատուութեան վերադարձը», իր խօսքում մասնաւորապէս նշեց Վաչէ Թովմասեանը: Դիմելով սրահում ներկայ պատանիներին ու երիտասարդներին, նա կոչ արեց պայքարելու իրաւունքների համար՝ անկախ խոչընդոտներից, որոնք կարելի է յաղթահարել, եթէ համախմբում լինի ընդհանուր տեսլականի շուրջ: Ներկայացնելով իր տեսլականը, Վաչէ Թովմասեանը նշեց, որ նոր սերունդն է, որ պէտք է ստեղծի նոր քաղաքական, սոցիալական եւ իրաւական մշակոյթ՝ ուղղուած ապագային:
Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Բրբենքի «Վարագ» մասնաճիւղի, Հայ Դատի յանձնախմբի, ՀՄԸՄ Բրբենքի «Սիփան» մասնաճիւղի, ՀՕՄի Բրբենքի «Արազ» մասնաճիւղի եւ Ջոն Բըրոզ աւագ դպրոցի հայկական ակումբի համատեղ կազմակերպած ձեռնարկն աւարտուեց Բրբենքի Հայ կենտրոնի բակում՝ մոմավառութեամբ, որ յարգանքի տուրք էր Հայոց Ցեղասպանութեան նահատակներին: