Պատրաստեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Մարտի 28ին Գլենդելի «Ջոն Ուէյն» համերգասրահում տեղի ունեցաւ ջազային արուեստում աշխարհահռչակ երգչուհի Տաթեւիկ Յովհաննիսեանի Jazz Variations համերգը, որպէս մեծարանք Կոմիտասին եւ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան բոլոր զոհերին:
Տաթեւիկ Յովհաննիսեանի անունը առնչւում է խորհրդային ժամանակների այն Հայաստանին, ուր ջազը ընդունւում էր մի փոքր վերապահութեամբ, մի բնագաւառ, որտեղ արուեստագէտների ներդրած ջանքերը թւում էին ապարդիւն, կարճաժամկէտ, օտարամոլ: Սակայն միաժամանակ ծնւում էր ջազի սիրահարների մի առողջ սերունդ: Այս մթնոլորտում Տաթեւիկ Յովհաննիսեանի անունը Հայստանում հաստատուեց որպէս ջազային պրոֆեսիոնալ արուեստի հիմք, եւ նրա ներկայութիւնը ոգեւորեց ջազային կոմպոզիտորների մի սերունդ, յանձինս Վարդազարեանի, Շաքարեանի եւ Վռամ Գրիգորեանի:
Մարտի քսանութի համերգին իմ եւ հանդիսատեսի համար Տաթեւիկ Յովհաննիսեանի արուեստն ամրապնդուեց նոր չափանիշներով: Նրա համար երաժշտութեան մէջ նոր, չտրորուած որակներ յայտնաբերելը մասնագիտական հնարաւորութիւնների սահմանը մշտապէս գերազանցելն է եւ այն էլ ինչպիսի ինքնավստահութեամբ, որոշակիութեամբ, արուածի պարզորոշ գիտակցութեամբ: Սկսելով արգելուած երաժշտութան բնորոշում ունեցող ժանրից, աշխատելով պահպանողական ունկնդրի խիստ հայեացքի տակ, Տաթեւիկն այսօր նշանաւորել է հայկական էթնօ ջազի մուտքը Արեւմուտք: Նա հայ երաժշտութեան ձայնային ելեւեջները այնպէս սահուն է վերածում ջազային ռիթմերի, որ ինչպէս ինքն է համեմատում՝ «հայ երաժշտութեանը ես տուեցի մի հագուստ, եւ ինձնից ծնուեց նոր երաժշտութիւն»: Այս դէպքերում է հանդիսատեսը լսում իր արուեստագէտին, հմայւում, սիրահարւում ու նրան մէկընդմիշտ անուանում բեմի թագուհի: Հանդիսատեսներից մէկը խոստովանեց, որ համերգի ողջ ընթացքում արտասուել է. «Երկու հայ արուեստագէտ կայ, նրանցից մէկը Տաթեւիկ Յովհաննիսեանն է, ով կարողանում է հիացնել, յուզել ու բռնկել ինձ»:
Կոմիտասն էլ է Հայոց Ցեղասպանութեան զոհերից մէկը, կենդանի մնացած խորհրանշական զոհը, ում աչքերում պահպանուեց ու երբեք չլռեց Եղեռնի յիշողութիւնը: Համերգն էլ սկսուեց Կոմիտասի «Հով արէք»ի ձայնային կատարմամբ: Համերգի ողջ ընթացքում, հիմնական առանցքի պէս, կոմիտասեան գործերի ջազային մեկնաբանումներն էին: Տաթեւիկ Յովհաննիսեանի եւ իր ջազային նուագախմբի հետ համատեղ համերգին ելոյթ ունեցան դաշնակահար Վարդան Յովսէփեանն ու երգչուհի æեսիքա Զեզա Վոութերը, նաեւ Տիգրան Մարտիկեանն իր քառեակով:
Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ Զարեհ Սինանեանը համերգի վերջում բեմ բարձրացաւ՝ փաստելով, որ այսօրուայ միջոցառումը վկայութիւն է, որ մեր մշակոյթը բարձունքում է եւ դրանով՝ Թուրքիան պարտուած է:
Համերգի կազմակերպիչը Hi.Am բարեգործական հիմնադրամն է՝ Նշան Աճէմեանի գլխաւորութեամբ: Հիմնադրամը, որ գործում է 2001 թուականից եւ առաքելութիւն է համարում իր ծրագրերի միջոցով խթանել մշակութային եւ հոգեւոր աճը: Հիմնադրամին կից գործելու է ամէնամսեայ լրատու հանդէս, կազմաւորուել է նաեւ եւ Hi.Am լարային քառեակ, որի առաջիկայ համերգը սպասւում է Մայիսին: Այս տարուայ բոլոր նախագծերը, որոնց թւում նաեւ այս համերգը, նուիրուած են լինելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի 100ամեակին:
Տաթեւիկ Յոհաննիսեանն այժմ բնակւում է Նիւ Եորքում: Խորհրդային Հայաստանից հեռանալը ծրագրուած փախուստ չէր, այլ սիրոյ պատմութեան շարունակութիւն. նրա ապագայ ամուսինը բնակւում էր Նիւ Եորքում, եւ նա նոյնպէս տեղափոխւում է Միացեալ Նահանգներ: Լոս Անջելեսը երկրպագուների քանակով նրա համար երկրորդ Հայաստանն է, ուր վերջին անգամ ելոյթ է ունեցել տաս տարի առաջ:
«Ուրախ եմ, որ Արշալոյս Դարբինեանի համերգ կազմակերպելու գաղափարը իրականացաւ: Նրա ոգեւորութեան շնորհիւ հնարաւոր դարձաւ իմ հանդիպումը իմ հանդիսատեսի հետ։ Համերգին՝ իմ ու իմ հանդիսատեսի սրտերը կարծես նոյն ռիթմով էին աշխատում: Եւ եթէ համարենք, որ համերգը կայացաւ, ապա այդ միասնութեան օգնութեամբ: Հէնց այդ ուժի գոյութիւնն է, որ յաղթահարելի եւ հնարաւոր է դարձնում ամէն ինչ: Յուսով եմ շուտով կը վերադառնամ», ասում է Տաթեւիկ Յովհաննիսեանը։