
ԳԷՈՐԳ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ
Մուտք
Քսաներրորդ դարը իմ էութիւնից
Անբաժան է դեռ.- ուսերս կքած,
Սիրտս արիւնած. դառն ու խոցոտուած՝
Եկել, կանգնել ենք նոր դարի շեմին.
Ես՝ միլիոնաւոր զոհերի զաւակ,
Հոգուս մէջ հազար մորմոք ու կասկած՝
Այս նոր դարի հետ քայլել եմ ուզում.
Այս նոր դարի մէջ նոր կեանք եմ կերտում.-
Ես Հայաստանն եմ, դարերի վկան.
Հազար դարեր եմ կուտակել իմ մէջ,
Հոգուս մէջ խեղդել ե՛ւ ողբ, ե՛ւ կական,
Ես միշտ ծաղկել եմ, փիւնիկուել անվերջ,
Չեն սարսռել երբեք մրրիկները գոռ
Իմ հզօր ոգին որ տարտարոսի
Միջով է անցել, հասել լուսաւոր,
Վեհ բարձունքները համամարդկային…
Ա.
Հայոց երկինքը կապոյտ էր ու ջինջ.
Հայոց գարունը բերկրանքով էր լի,
Արեւն է ծնւում հայոց արգանդից,
Լոյս է ճառագում Հայոց հանճարից:
Մեսրոպեան տօն էր Հայոց աշխարհում,
Մեր Այբուբենն էր իր լոյսը սփռում
Հայոց լեռներում ու հովիտներում,
Եւ ծաղկում էր այն մեր օջախներում,
Եւ մեր սրտերում ծաղկունք էր գարնան,
Մեր հոգիներում զարթօնք էր բուրեան,
Հազար հինգ հարիւր տարիներ առաջ
Նոր Այբուբենը ծաղկեց մեր հողում,
Ծորենի արտի նման ծփծփաց,
Ցորենի հունդի նման մեր հոգում
Նորանոր ծիլեր տուեց ու ցնծաց.
Մեսրոպ Մաշտոցի հզօր հանճարով
Բերդեր գրաւեց մեր Այբուբենը
Եւ մեր գոյութեան անմար կրակով
Մեզ առաջնորդեց լուսէ դարերը:
Բ.
Մեր լուսէ դա՜րը՝ քսաներորդ.
Այս մեծ խաբկանքը,
Որ քսան շապիկ
Ունէր իր մաշկին,
Քսան գլխանի դեւ էր՝ հեքիաթից
Մեզ բաժին ընկած,
Քսան անգամ քսան
Դէմք ու դիմակով
Այն մեր դէմ ելաւ,
Ագահ ու անկուշտ իր որովայնով,
Բիւր ու բիւրակեր իր ժանիքներով
Կափկափեց հզօր ու ահասարսուռ.
Ի՞նչ եղաւ, չեղաւ, սատանան գիտի,
Դարը փոթորկուեց. մրրկեց մի օր,
Պայթեց մրրիկը համամարդկային
Ու եղաւ աղէտ ու եղաւ նախճիր,
Եւ արեան գետեր հոսեցին անլուր,
Եւ աղէտների աղէտն ահարկու
Մեր գլխին պայթեց ապրիլեան մի օր,
Ապրիլ էր, գարուն եւ թոյն էր կաթում
Արեւի սրտից, թոյն էր անձրեւում
Երկինքը դաժան. Աստծոյ տիրոյթից
Գոռ շանթեր էին կայծակում Հայոց
Լեռներին, սրտին ու հոգուն.
Դու, հայոց Աստուած, երկհազարամեայ
Մեր մեծ Քրիստոս, մեր անմնացորդ
Հաւատի, սիրոյ անբասիր բագին.
Դու ինչպէ՞ս իջար մեր լոյս լեռներին
Ու կրկնակի խաչուեցիր մեզ հետ,
Հարազատ եղար Դու քո բնոյթին
Եւ քո արիւնը խառնեցիր մեր բորբ,
Արդար արիւնին եւ տաք Տէր Զօրի
Անապատներում մեզ հետ զոհուեցիր…
Գ.
Եւ հազարադէմ, քսան գլխանի
Դեւը քրքջում, մռնչում էր գոռ,
Իր յաղթարշաւն էր տօնում արիւնոտ՝
Վանում, Բիթլիսում, Սասունում, Մուշում.
Եւ մշուշուել էր աշխարհը Հայոց:
Հայոց մեծ հոգու անտառներն հատուած՝
Մի դար է արդէն ծխում են, այրւում,
Գարուն ու ձմեռ այստեղ մէկտեղուած՝
Մեր հարիւրամեայ Եղեռն են ողբում…
Իսկ ցեղասպան դեւը մեր հողում
Արմատ է նետում, ուռճանում ահեղ,
Դեռ ցեղասպան թուրքը բազմանում
Մեր հովիտներն է լցնում անուղեղ
Իր լամուկներով՝ բիրտ ու անանուն:
Դ.
Մեր միջնադարը նոր էր իր մէջքը
Ուղղել, կանգնել աշխարհի
Բիրտ հողմերի դէմ.
Հայոց լեռներում եւ հովիտներում
Հայ շինականի կարօտն էր ծաղկում,
Սասունցի Դաւթի հզօր բազուկը
Եւ Թուր Կեծակին
Վանել էին բիրտ բռնակալներին
Մեր լոյս աշխարհից.
Գութանի երգն էր անուշ շնկշնկում
Մեր Արարատեան այգեստաններում,
Մշոյ դաշտերում, Շիրակի հովտում,
Եւ Վանից մինչեւ Զանգեզուր,
Արցախ գարունն էր ծաղկում
Հորովելների ազատ շնչի տակ…
Հայոց հանճարը Անի էր կերտում,
Բերդեր, պարիսպներ, պալատներ հիւսում,
Մարգարտակերտում վանքեր, խաչքարեր,
Որդան կարմիրի արեւն էր քամում
Իմ Արարատեան արգաւանդ հողից
Եւ արեւավառ մատեաններ երկնում,
Մեր ոգու ճիչն էր մանրանկարը՝
Կարմիր ու պուրպուր, պարզ ու թրթռուն,
Հայի երազը երկինք էր միտում,
Մարմին էր առնում ոգու խոյանքը…
Ե.
Ծնուեց Մեծ Հայը՝ Նարեկայ վանքի,
Հզօր քերթողը հայոց հանճարի
Մեծ նաւավարը՝ Գրիգոր անուամբ,
Որն իր ոգեղէն խօսքի տքնութեամբ
Կապուեց Արարչի թագաւորութեանն
Անըմբռնելի, անիմանալի տիեզերածին
Ոգու հրաշքին, լուսէ խորանին.-
Ի խորոց սրտի գթութիւն հայցեց
Համայն մարդկութեան մեղքերի համար,
Դանթէից առաջ եւ Դանթէի պէս
Եղաւ քննախոյզ ոգեղէն հանճար,
Հայոց քանքարի ծառը նորոգեց,
Վերածննդի նոր աստղեր վառեց
Հայոց մշակոյթի խորունկ երկնքում.
Եւ արեւերես հանեց նա մարդու
Հոգու ծալքերում դարերով ննջած,
Բազում, բազմադէմ ախտերը բոլոր,
Առաքեց դրանք Աստծու վեհապանծ
Ողորմութեան օջախը անչար,
Եւ խաւարի մէջ մթնած սրտերի
Մեր ապագայի գոյատեւութեան
Լուսեղէն ու ջինջ կանթեղը վառեց…
Զ.
Ողբերգութի՞ւն էր մատեանն այդ հրաշք.
Թոյլ տուր կասկածեմ, քննեմ խորունկ,
Ողբերգութիւնը մարդ արարածի,
Ոգու թուլութեան, մեծ կասկածանքի
Եւ վհատութեան պահերն են միայն:
Իսկ այս մատեանից լոյս է ճառագում.
Այս մեծ մատեանից յոյս է կայծկլտում,
Մեր Նարեկացու հոգու կրակից
Հողն է այրւում, քարն է շիկանում,
Նրա հանճարեղ մտքի խոյանքից
Երկնքում աստղաբոյլեր են ծնւում,
Մեր Նարեկացու մեծ սրտի սիրուց
Նոր գարուններ են բացւում ու ծաղկում,
Պտղաւորւում է տիեզերքն անգամ,
Նրա մեծ շնչով Նարեկայ վանքից
Լուսեղէն սիւներ ձգուեցին երկինք.
Մեղքի գիտակցուած շիկացման բովում
Մաքրագործուեցին սերունդներ բազում,
Մեծ բանաստեղծի խօսքի մելանով
Ժամանակների վէրքերն են բուժւում,
Մեր միջնադարը իր խռովքներով
Եղաւ խժալուր, բիրտ ու անաստուած,
Մեր սուրբ հաւատը խաչեց, քառատեց,
Խաչուած հաւատը ծուարեց մեր մէջ՝
Լոկ Նարեկացու ոգեղէն երգից
Բխող, կարկաչող բիւրակնեայ հրով,
Եւ հայ արիւնի՝ մեր արիական
Գեների արթուն, անարատ հրով…