Թարգմանեց՝ ԳՈՌ ԵՐԱՆԵԱՆ
«ԱԿՕՍ».- Դուք Դիարբեքիրում եւ դրա յարակից շրջաններում ուսումնասիրութիւններ էք կատարել: Քրդերն ինչպէ՞ս են յիշում 1915ը:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Նախեւառաջ ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ լուրջ դժուարութիւններ է առաջանում, երբ նման իրադարձութիւնը (Հայոց Ցեղասպանութիւնը-«Սիվիլնե»չ) պատմական կոնտեքստում (պարունակի մէջ-Խմբ.) չի քննարկւում, եւ գնահատականներ են տրւում միայն սահմանափակ տարածքում էթնիկ որոշակի խմբի ուսումնասիրութեան հիման վրայ: Վերջապէս 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնն իրականացուել է շատ աւելի մեծ տարածքում եւ կեանքի կոչուել՝ կենտրոնական իշխանութեան կամքով: Քրդերի պատմածները, մասամբ բացայայտ եւ մասամբ սքօղուած ձեւով, ցոյց են տալիս, որ կոտորածները կենտրոնական իշխանութեան կամքով են եղել: Օրինակ, 1915ի մասին խօսելիս քրդերի շրջանում ամենատարածուած արտայայտութիւնը ֆերմանն է կամ ferman- filehan-ը: (Քրդերէն է, նշանակում է հայերի ֆերմանը՝ հրամանը, այսինքն՝ հայերին աքսորելու եւ կոտորելու հրամանը-«Սիվիլնե»չ): Ֆերմանը սուլթանի հրամանն ու պետութեան կամքն է: Երկրորդ՝ տեսնում ենք, որ այս ֆերմանը զինուորների ղեկավարութեան տակ գտնուող միջնորդների միջոցով հաղորդւում եւ արագօրէն հասնում է կայմակամներին (գաւառների ղեկավարներին-«Սիվիլնե»չ)՝ տարածուելով ամէնուր: Իմանում ենք նաեւ, որ պետութիւնը բոլորին պարտադրել է մասնակցել կոտորածներին: Քրդերն ընդգծում են, որ գոյութիւն ունէր կոտորած իրականացնելու պետական հրաման: Պետութիւնը քրդերին ասել է հետեւեալը. «Սպաննէ՛ք «ձեր հայերին», իսկ եթէ չէք սպանում,- սպառնում է՝ ասելով,- հայերի ճակատագիրը նաեւ ձեզ է սպասում»: Սպանութիւններն օրինականացնելու համար յաճախ օգտագործւում էր իսլամի գործօնը. քրդերի շրջանում տարածուած պատմութիւն կար այն մասին, թէ հային սպաննողը դրախտ է ընկնելու: Այսինքն՝ մի կողմից օգտագործւում էր պարտադրանքն ու սպառնալիքը, միւս կողմից սպանութեան ցանկութիւն առաջացնելու նպատակով առաջ էր քաշւում կրօնական գործօնը:
«ԱԿՕՍ».- 1915ի դէպքերում քրդերն ինչպէ՞ս են մեկնաբանում իրենց դերը:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Թուրքիայում մշտապէս շեշտում են, որ Ցեղասպանութեան հիմնական դերակատարը եւ մեղաւորը պետութիւնն է: 1915ին գնահատական տալու ժամանակ կամ իրադարձութիւնների վերաբերեալ պատմութիւններում մշտապէս շեշտում են այս հանգամանքը: Առանց պետութեան դերի մասին խօսելու՝ քրդերի դերակատարութեան հարցին անցնելու դէպքում կ՛անտեսէք կարեւոր հանգամանքներ:
«ԱԿՕՍ».- Իսկ դուք ի՞նչ կ՛ասէք քրդերի դերակատարութեան մասին:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Յայտնի է, որ ամէն ինչ տեղի է ունեցել պետութեան որոշումով եւ իրականացուել է, որպէսզի ստեղծուի մէկ ազգ եւ մէկ տարածք: Այն վայրերում, որտեղ քրդերն էին ապրում, կենտրոնացման քաղաքականութեան շնորհիւ 19րդ դարում պետութիւնն իր գերիշխանութիւնն է հաստատում: 1848թ. բէյլիքների համակարգը վերացւում է, ստեղծւում են Համիդէի գնդերը։ (Համիդէի գնդերը, որոնք բաղկացած էին քրդական աշիրեթներից, կազմակերպել եւ իր անունով էր կոչել սուլթան Աբդուլ Համիդը 2րդը: Նրանց հիմնական նպատակը հայերի ազատագրական պայքարը ճնշելն ու կոտորածներ կազմակերպելն էր: Համիդիէի գնդերը մասնակցել են 1894-1896թթ. կոտորածներին, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեանը-«Սիվիլնե»չ): Կենտրոնական իշխանութեան դէմ թէպէտ ապստամբութիւններ տեղի ունեցան, սակայն, գալով 1915ին պէտք է արձանագրել, որ պետութիւնն այդ նահանգներում ամբողջովին իշխանութեան տէրն էր: Եւ այն պատկերացումը, թէ այդ տարածքներում պետութիւնն իրական իշխանութիւն չունէր եւ շարժւում էր միայն քրդական աշիրեթների վրայ ճնշում գործադրելով, պատմութեան տեսանկիւնից ճիշդ չէ: Բոլոր տարածքներում քրդերին իրենց կողքին կանգնած հայերին մէկ վայրկեանում սպաննելու համար հարկաւոր էր յաւելեալ մի միջոց, կոչ (նկատի ունի պետութեան հրամանը-«Սիվիլնե»չ):
«ԱԿՕՍ».- Այսինքն՝ սխա՞լ է «քրդերի մասնակցութիւն» արտայայտութիւնը:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Այդ հարցի վերաբերեալ սխալ ընկալումներ կան: Եթէ խօսում ենք մարդուց, որ էթնիկ քուրդ է, անշուշտ, սակայն, վերջիններս չեն սպաննել այն պատճառով, որ քրդական ինքնութեան կրողներ էին, դա աւելի շատ պայմանաւորուած էր կրօնական գործօնով:
«ԱԿՕՍ».- Դիարբեքիրում ապրող միւս էթնիկ խմբերի մասնակցութիւնն է՞լ է իսլամի գործօնի հետեւանք:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Գործ ունենք տարասեռ գաւառի հետ, որտեղ ապրում էին տարբեր ազգեր: Դիարբեքիրի ղեկավար շերտն էլ էր իրենից չափազանց բազմազան պատկեր ներկայացնում: Օրինակ՝ Դիարբեքիրի հին ընտանիքներից Իսքենդերփաշազադէները չերքեզ են, կան նաեւ թուրքմէնական ծագմամբ առաջնորդներ: Այդ պատճառով կոտորածների մոբիլիզացնող (շարժող-Խմբ.) գործիքը դարձաւ իսլամը, եւ, պէտք է ասել նաեւ, որ հէնց իսլամի միջոցով ապահովուեց ժողովրդական զանգուածների մասնակցութիւնը: Չնայած այս ամէնին՝ էթնիկ քրդերը լրջօրէն հանդէս եկան կոտորածների դէմ:
«ԱԿՕՍ».- Ժամանակաշրջանը հասկանալու համար պէտք է գաւառներում իշխողների՞ն ուշադրութիւն դարձնել:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Խմբային գիտակցութիւնն այդ ժամանակ զարգացած չէր, եւ, եթէ քննարկում ենք, թէ ինչ դերակատարութիւն են ունեցել քրդերը եւ միւս ժողովուրդները, պէտք է հասկանալ տեղում իշխողների մտայնութիւնը: Կարող ենք ասել, որ ժամանակի նշանաւոր ընտանիքների մեծ մասը միացել է պետական քաղաքականութեանը եւ մասնակցել կոտորածներին: Մի կողմից՝ եթէ իրենց պատկանող գիւղերում հայերին սպաննում էին, կային աղաներ, որոնք թաքցնում էին հայերին, պաշտպանում նրանց, աղաներ էլ կային, որոնք սպաննում էին՝ հայերի գոյքին տիրանալու մտադրութեամբ: Բանաւոր պատմութիւններում հիմնականում ոճրագործ են համարւում աղաները, բէյերը եւ շէյխերը: Բոլոր աղաները, բէյերը եւ շէյխերը, անշուշտ, այդպիսին չէին: Յատկապէս շատ է խօսւում հայերին փրկած շէյխերի մասին: Պատմում են, որ Մարդինում շէյխ Ֆեթուլլահը, Դիարբեքիրում շէյխ Սայիդը ֆեթուա են հրապարակել նրանց դէմ, ովքեր կոտորում էին հայերին: Չնայած պատմութիւններում առաջին պլան է մղւում Դիարբեքիրի ղեկավար տարրը, սակայն շարքային քաղաքացիներն էլ են ներգրաւուել կոտորածներին, ոմանք կրօնական ֆանատիզմից (մոլեռանդութենէ-Խմբ.) դրդուած, ոմանք էլ՝ հայերի տուն ու տեղին տիրանալու նպատակով:
«ԱԿՕՍ».- Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայում 1915ի մասին ամենաշատը քրդերն են յիշում:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Անկախ ամէն ինչից խօսում ենք Դիրաբեքիրի բնակչութեան 30 տոկոսի ամբողջական ոչնչացման մասին: Բացի այդ՝ տարբեր գաւառներից եկող աքսորեալների քարաւանները Դիարբեքիրի վրայով էին անցնում: Գործ ունենք շատ մեծ կոտորածի հետ: Մարդիկ, որ սպանւում ու ոչնչացւում էին, տարիներ շարունակ ապրել էին քրդերի հետ. դա խորը վէրք է բացել: Թէպէտ չորս սերունդ է անցել, սակայն քրդերը շատ կենդանի ձեւով են յիշում եւ պատմում տեղի ունեցածը: Ֆաթմա Մուգէ Գեօչէքը «Ակօսին» տուած հարցազրոյցում, պատմելով այն մասին, թէ ինչպէս են թուրքերը եւ հայերը յիշում 1915 թուականը, ասում է. «Թուրքերն այս իրադարձութիւնների վերաբերեալ յիշողութիւն չունեն, իսկ հայերը պատմում են այնպէս, կարծես երէկ է պատահել»: Յենուելով կատարածս դաշտային ուսումնասիրութեան վրայ՝ կարող եմ ասել, որ քրդերն էլ յիշում են այնպէս, ինչպէս հայերը: Մեր լսած շատուշատ պատմութիւններում 1915ի վերաբերեալ քրդերն այնպիսի մանրամասներ են ներկայացնում, կարծես երէկ է տեղի ունեցել: Մէկը պարզապէս չի կարողանում մոռանալ սպանութիւնները, միւսը չի կարողանում մոռանալ այն պատճառով, որ ներգրաւուած կամ ականատես է եղել սպանութիւններին: Մենք հանդիպել ենք շատ մարդկանց, որոնք կրկնում էին իրենց հայրերի խօսքը. «Տեղի ունեցածը երբեք չեմ մոռանայ»:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Տարբեր պատճառներ կան, թէ ինչու են քրդերը 100 տարի շարունակ յիշում տեղի ունեցածը: Ըստ իս՝ կարելի է առանձնացնել յիշողութեան երկարակեցութեան երեք հիմնական պատճառ:
Առաջինը՝ յիշողութեան բնակավայրի հետ կապն է: Կոտորածները տեղի են ունեցել որեւէ բնակավայրում, ինչն էլ ապահովում է յիշողութեան շարունակականութիւնը: Շատ բնակավայրերում հայերը մեծ թիւ էին կազմում, սա եւս պատճառներից մէկն է: Գիւղերի, արօտավայրերի, նոյնիսկ տների անունները հայերին են յիշեցնում: Այժմ, երբ ասում են՝ վերադարձրէք բնակավայրերին իրենց նախկին անունները, այդ անուններն էլի հայերէն են: Միաժամանակ հայ աքսորեալների քարաւանների կոտորածը տեղի է ունեցել կոնկրետ վայրում, ինչն էլ պատճառ է դարձել, որ այն շարունակի յիշուել որպէս ջարդի վայր: Գրքի շապիկին Չունգուսում գտնուող հորի լուսանկարն է պատկերուած: Չունգուսի շրջակայ տարածքներոմ հորի պատմութիւնը բոլորը գիտեն: Երբ մենք հանդիպման համար աւտոբուսով այդտեղ էինք գնում, վարորդը մեզ ասաց. «1915ին հայերին սպաննեցին ու այդ հորը նետեցին»: Կեսարիայում քրդաբնակ Սարըզ բնակավայրում էլ պատմեցին, որ տեղի հայութեանը սպաննել ու նետել են æանջան կոչուող հորը: Ճիշդ այդ հորի պէս æերմիկում՝ Լանա Գաւուրան, Լիջէում՝ Կունայ Ռոմի անունով վայրեր կան, որտեղ էլ տեղի է ունեցել կոտորածը:
Երկրորդը՝ պատմութիւններում առկայ դաժանութիւնն է: Բանաւոր պատմութիւններում շատ են յիշատակում յատկապէս կանանց եւ երեխաների սպանութիւնը: Այնպիսի դաժան սպանութիւններ են եղել, որ մարդիկ չեն կարողանում մոռանալ իրենց տեսածը: Միայն նորածին երեխաների սպանութեան վերաբերեալ առնուազն հինգ տարբեր պատմութիւն լսեցինք, եւ դրանք այնպիսի սարսափելի պատմութիւններ են, որ այստեղ ասելու բան չեն: Միաժամանակ՝ կրօնական հաւատալիքներով պայմանաւորուած անպաշտպան մէկին սպաննելը ցաւի եւ ամօթի զգացում է առաջացնում:
Երրորդ պատճառը՝ հայերի եւ քրդերի ընդհանուր ու երկարատեւ անցեալն է: Մենք խօսում ենք նոյն աշխարհագրական եւ մշակութային միջավայրում ապրած երկու ժողովրդի մասին: Այդ պատճառով շատ տարածուած է «Հայերը գնացին, այս կողմերն ամայացան» արտայայտութիւնը: Ահմեթ Թիւրքը, Դերիք բնակավայրի մասին խօսելիս, օգտագործեց հէնց այս արտայայտութիւնը: Նա նաեւ Չունգուշ բնակավայրի լքեալ դառնալն է կապում նոյն իրողութեան հետ:
«ԱԿՕՍ».- Քրդերը մտավախութիւն ունե՞ն, որ քաղաքական առումով Ցեղասպանութեան պատասխանատուութիւնը իրենց վրայ են բարդելու:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Այս հարցի շուրջ զրոյցներ վարելիս նկատեցինք, որ քրդերն անհանգստացած են 1915թ. պատասխանատուութիւնն իրենց վրայ գցելու առումով: Մի կողմից անհանգստութիւնն անտեղի է, միւս կողմից՝ գոյութիւն ունի արդարացի վախ: Պետական մակարդակով նման շեշտադրումն սկսւում է Թալէաթ փաշայից: Թալէաթ փաշան Գերմանիա փախչելուց յետոյ մի անգամ յայտարարել է, որ հայերին քրդերն են սպաննել:
Պետութիւնը խնդիրն ուրիշների վրայ գցելու փորձերը աւելի ու աւելի է շատացնելու: Թուրքիայի խորհրդարանում այս կապակցութեամբ մի յայտարարութիւն է արել Եուսուֆ Հալաչօղլուն (Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւոր, Թուրքական պատմագրական ընկերութեան նախկին ղեկավար՝ յայտնի իր հակագիտական տեսութիւններով-«Սիվիլնե»չ): Պետական ժխտողականութիւնը աշխատում է մեղքը քրդերի վրայ գցելու ուղղութեամբ: Այս պատճառով քրդերի անհանգստութիւնն արդարացի եմ համարում: Միւս կողմից, սակայն, անտեղի անհանգստութիւն է, որովհետեւ քրդերի հաւաքական յիշողութիւնը դատապարտում է տեղի ունեցածը: Առերեսման տեսակէտից անկեղծութիւնը իսկապէս կարեւոր է:
Քրդերը, յատկապէս քուրդ կանայք, առանց վարանելու պատմում են իրենց լսած ողբերգական պատմութիւնները: Պէտք չէ մերժել անկեղծութիւնն ու փախչել ամօթով ներողութիւն խնդրելուց, դա ոչ մի տեղ չի տանի: Այսօր տեսնում ենք, որ Թուրքիայի քրդական քաղաքական շարժման ազդեցիկ ներկայացուցիչները նոյնպէս չեն փախչում:
«ԱԿՕՍ».- Բռնագրաւուած հողերի վերաբերեալ ի՞նչ կարծիքների էք հանդիպել:
ՆԱՄԸՔ ԴԻՆՉ.- Հանդիպումների ընթացքում հողային խնդրի վերաբերեալ տեսում ենք հետեւեալը.թէպէտ հողերն անցել են քրդերի ձեռքը, սակայն հողային բաժանումը տեղի է ունեցել պետութեան վերահսկողութեան ներքոյ: Աղաներից եւ բէյերից անկախ՝ գիւղացիների մեծ մասը պետութիւնից փողով գնել է այդ հողերը:
Թէպէտ հիմնականում հողերը քրդերին վաճառուել են ինքնարժէքից շատ ցածր գնով, սակայն պետութեանը հողի դիմաց փող են վճարել: Անշուշտ կան եւ առանձին օրինակներ: Գիւղերից մէկում մի մարդ սպաննել է 4-5 հայ ընտանիքի եւ իւրացրել նրանց պատկանող գոյքը: Սակայն մեծ հողակտորների պարագայում պետութիւնն անձամբ է բռնագրաւման գործը ղեկավարել: Պետութիւնը Սիլվանի, Բաթմանի հայկական գիւղերը տուել է տեղի առաջնորդներին: Կրկին պետական թոյլտուութեամբ որոշ յայտնի ընտանիքներ հաւաքել են այդ հողերի վարձը: Երբեմն նրանք չունեն սեփականութեան վկայական՝ հողերը նրանց է տրուել Ցեղասպանութեանն իրենց մասնակցութեան փոխարէն: Այսինքն՝ հողերի հիմնական բաժինը վերցրել է պետութիւնը, յետոյ այն բաժանել է տեղացիներին:
Գրքում ներկայացւում է Էզոյի (Ազիզ) պատմութիւնը, որը պատմում է 48ամեայ æունէյթը.
«Ինչպէս մի խաղ՝ գնում էին հայերին սպաննելու»
Նախակրթարանում սովորելու տարիներին ուսուցիչները մեզ նրա մօտ ուղարկեցին: Մենք հարցնում էինք Էզոյին՝ քանի՞ մարդ է սպաննել, ո՞նց է սպաննել: Ուսուցիչները ցանկանում էին, որ մենք փոխանցենք այն, ինչ Էզոն մեզ ասել է: Էզոն էլ մեր հարցերին պատասխանում էր. «Էսքան հայ եմ սպաննել, էնքան հայ եմ սպաննել»: Ինչքան հասկանում էի՝ միայն իր քէֆի համար սպաննել էր բազմաթիւ մարդկանց: Մօտաւորապէս այնպէս, ինչպէս երեխան իր ընկերներին կ՛ասի՝ գնանք գնդակ խաղանք, Էզոն էլ ընկերներին ասում էր՝ գնանք հայ սպաննենք, եւ ինչպէս խաղ՝ գնում էին հայեր սպաննելու: Մուսուլման քուրդ երիտասարդները մրցութեան էին մտել՝ ով ինչքան հայ կը սպաննի: Նրանք սկսում էին հայ կոտորել՝ ասելով՝ տեսնենք, թէ ով աւելի շատ հայ կը սպաննի:
Որպէս վերջաբան ուզում եմ ասել, որ այսօր քրդերը, ամօթով եւ խղճի խայթով յիշելով 1915ը, այն կապում են իրենց պայքարի հետ: Անհատական յիշողութեան՝ հաւաքական յիշողութեան վերածուելը, վերջին 30 տարուայ ընթացքում քրդերի մղած պայքարը եւ կրած զրկանքները նրանց յիշեցնում են հայերի հետ 100 տարի առաջ տեղի ունեցածը: Շատ ենք լսել, որ մինչեւ 1960ականները մարդիկ, գլուխ գովելով պատմում էին, թէ ինչպէս են հայերին սպաննել, սակայն այժմ այդպիսի մարդկանց չէք հանդիպի:
«ՍԻՒԻԼՆԵԹ»
————————————————————————————————————————–
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական Եկեղեցի Սան Ֆրանսիսքօ
Մուսա Լերան Հայրենակցական Միութիւն
ՀԱՅ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏԱՐԵՑՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ
իր 5 մասնաճիւղերի անդամ-անդամուհիները, իրենց հոգու, ու նաեւ մարդասիրական խորը զգացումով, իրենց ցասումը կը յայտնեն մարդակերպ, մարդակեր գազանների, կանխամտածուած ու ծրագրուած 1915 թուականի անմարդկային արարքի այն է՝ մէկ ու կէս միլիոն անմեղ ու անպաշտպան մարդկանց ոչնչացման համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հայ են, որովհետեւ ստեղծագործ են։ Այսու, լի հաւատքով ու վճռականութեամբ՝ մեր զօրակցութիւնը կը յայտնենք Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առթիւ կազմակերպուելիք միջոցառումներին եւ, եթէ հարկը պահանջի, արիւններս չենք խնայի։
———————————————————————————————————————–