Յիշում է նաեւ խորհրդային տարիներին, երբ արգելւում էր Ցեղասպանութեան մասին խօսել, ամէն տարի Ապրիլի 24ին բանաստեղծի մեկուսացման պահերը. «Առանձնանում էր իր աշխատասենեակում, ես փոքր էի ու ինձ համար շատ տարօրինակ էր, բղաւում էր՝ մենակ եմ, մենակ եմ: Ու յետոյ հասկացայ՝ ինքն իր պայքարի մէջ, փաստօրէն, մենակ էր»:
Շիրազը արգելքի տարիներին զրկուած է եղել Գրողների միութեան միջոցառումներին, հանդիպումներին մասնակցելուց, գործերը տպագրելուց, նրան պարտադրել են Ապրիլի 24ին մնալ տանը ու դուրս չգալ տնից:
«Գլաւլիտը (գլխաւոր գրական յանձնախումբը-Խմբ.) կտրում էր պօէմի կարեւորագոյն մասերը, մեխերը, ասելիքը ու ասում՝ այ էսպէս կարելի է տպագրել: Բայց հայրիկը չէր համաձայնում, նա ամէն մի բառի համար պայքարում էր, ինչպէ՞ս կարող էր համաձայնել առանց այդ բառի տպագրուել», Panorama.am-ի թղթակցի հետ զրոյցում ներկայացնում է Վանանդ Շիրազը:
Որդին ասում է՝ յիշում է խորհրդային արգելանքի տարիներին իրենց ընտանիքն ապրում էր այլ իրականութեան մէջ, իսկ դրսում միանգամայն այլ իրականութիւն էր:
«Իմ զգացողութիւններն այդ տարիներից այնպիսին էին, որ մեր տանն այլ կեանք էր, այլ իրականութիւն, իսկ տնից դուրս կեանքը փոխւում էր», ասում է մեր զրուցակիցը:
1965ից յետոյ, երբ Հայոց Ցեղասպանութեան զոհերի 50րդ տարելիցի միջոցառումները տեղի ունեցան, ու դրանից յետոյ, Վանանդ Շիրազի խօսքով, բանաստեղծի բեռը փոքր ինչ թեթեւացաւ, սկսեցին խօսել Ցեղասպանութեան, ցաւի մասին:
«Բայց միեւնոյնն է՝ ինքը շարունակում էր իրեն միայնակ զգալ: Ճիշդ է, ժողովրդի շրջանում արդէն ընկալում կար, բայց միեւնոյնն է, ինքը խորութեամբ էր զգում ցաւը ու ազգային խնդրի լուծման կարիք էր զգում: Հայրիկն ասում էր՝ ազգը ամբողջական կարող է լինել միացեալ հայրենիք ունենալով», նկատում է գեղանկարիչը:
Կորցրած հայրենիքի ու դրա հետեւանքով ապրած ցաւը Յովհաննէս Շիրազն ամփոփել է «Հայոց Դանթէականը» պօէմում, որը բանաստեղծը, որդու ներկայացմամբ, համարել է Դատաստանագիրք:
«Մի քանի օր առաջ Շիրազի տուն-թանգարանում տեսայ ձեռագրերը, որոնցում նշուած էր, որ «Հայոց Դանթէականը» 1942ին արդէն պատրաստ է եղել: Փաստ է՝ առաջին պահանջատէրն ինքն էր», նշում է նա:
Եւ պօէմը տպագրւում է միայն 1991ին, այն էլ ոչ ամբողջութեամբ, եւ ինչպէս շիրազագէտ Սամուէլ Մուրադեանն է նշել, 200 տող պակաս է տպագրուել:
Վանանդ Շիրազը մտահոգիչ է համարում, որ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի շրջանակներում ամբողջութեամբ չթարգմանուեց ու չներկայացուեց Շիրազի «Հայոց Դանթէականը», որտեղ բանաստեղծը ներկայացնում է Եղեռն տեսած հայ ժողովրդի ցաւը: «Գոնէ կարելի էր այդ հսկայական արժէք ներկայացնող գործը թարգմանել ու տարածել, բայց տարօրինակ լռութիւն է պահպանւում», նշում է Վ. Շիրազը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.