ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Համահայկական ամառնային 6րդ խաղերը 2-13 Օգոստոսին պիտի կայանան եւ նուիրուած պիտի ըլլան Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին։
«Համահայկական 6րդ ամառային խաղերը աննախադէպ կը լինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլեւ քաղաքների աշխարհագրութեամբ: Այս խաղերը կ՛անցկացուեն Երեւանում, Ստեփանակերտում, Գիւմրիում, Վանաձորում, Աբովեանում, Արտաշատում: Եթէ նախորդ խաղերին մենք ունէինք մօտ 3200 մասնակից, ապա այսօրուայ դրութեամբ արդէն 4000 մասնակցի յայտեր կան, այն էլ Սփիւռքից: Ընդհանուր առմամբ նախատեսում ենք մօտ 5000-5500 մարզիկ-մարզուհի», յայտարարած է Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան 27 Ապրիլին կայացած ՀԽՀԿ գործադիր կոմիտէի նիստին։
Ըստ անոր՝ «նախկին տասը մարզաձեւին՝ ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկայ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աւելացել է եւս եօթը՝ լողափնեայ վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանուասպորտ եւ հրաձգութիւն»:
Ստեփանակերտի մէջ պիտի կայանան ֆութպոլի եւ վոլիպոլի, Գիւմրիի եւ Աբովեանի մէջ՝ ֆութպոլի, Վանաձորի մէջ՝ հենտպոլի, Արտաշատի մէջ՝ աթլէթի մրցումները։ Հեծանիւներուն համար ընտրուած է Երեւան- Էջմիածին մայրուղին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.