ԷԴՎԱՐԴ ՍԱԽԻՆՈՎ
Մոսկուայում եւ Ռուսաստանի միւս քաղաքներում Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումների պսակը, բոլոր իրաւունքներով կարելի է անուանել «Ռուս հայկական համագործակցութիւն» եւ «Ռուսաստանի հայերի միութիւն» կազմակերպութիւնների համատեղ կազմակերպմամբ Գորկու անուան կենտրոնական զբօսայգում տեղի ունեցած հանրահաւաքը: Ճիշդ այնպէս, ինչպէս միւս միջոցառումները, Միութիւնների տան սիւնազարդ դահլիճում, Երաժշտութեան միջազգային տան Սվետլանովեան դահլիճում եւ այլ հեղինակաւոր հարթակներում:
Դրանց՝ հայկական ճանաչուած կազմակերպութիւնների անդամների հետ միասին, մասնակցեցին Ռուսաստանի պետական, քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Դատելով միջոցառումների մասնակիցների կազմից, ռուսաստանեան քաղաքական վերնախաւը սկսել է աւելի բաց ու համարձակ խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին:
Հարցն այն է, որ գործնականում ռուսաստանեան պետական ու քաղաքական կառոյցների կողմից հայերին աջակցութեան ամէն մի քայլ եւ խօսք առաջացնում է թուրքական ու ադրբեջանական դիւանագէտների կայծակնային բողոքը, ովքեր հանդէս են գալիս նամակներով, բողոքներով ու վերջնագրերով… Բայց 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները, մասնակիցների մեծ քանակութիւնը, պետական կառոյցների եւ որ ոչ պակաս կարեւոր է՝ բնակչութեան անկեղծ աջակցութիւնը, խամրեցրին եւ ոչ նշանակալից դարձրեցին թուրքական կողմի բողոքներն ու կոչերը: Աւելին, դրանք անտեղի եւ ձանձրալի դարձան: Հնարաւոր է, որ այդ պատճառով էլ հանրահաւաքի կազմը հեղինակաւոր ու տպաւորող էր:
Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ եւ այլ երկրների դրօշներով պատուած հրապարակում, ուր հաւաքուած էր աւելի քան երեք հազար մարդ, ինչը, թէեւ շաբաթուայ վերջին, բայց աշխատանքային օրուայ համար աննախադէպ է, հանդէս եկան ռուսաստանեան եւ հայ քաղաքական եւ հասարակական գործիչները. «Ռուսաստանի հայերի միութեան» նախագահ Արա Աբրահամեանը, «Ռուս-հայկական համագործակցութեան» նախագահ Եուրի Նաւոյեանը, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը, ՌԴ Պետական Դումայի պատգամաւոր, ԱՊՀ երկրների հարցերով կոմիտէի փոխնախագահ, ներքին գործերի գեներալ-մայոր Տատեանա Մոսկալկովան, գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր Գրիգորեանցը, ՌԴ Պետական Դումայի պատգամաւոր Օլեգ Պոխալկովը, Մոսկուայի քաղաքային Դումայի պատգամաւոր, անվտանգութեան կոմիտէի նախագահ Իննա Սվեատենկոն, Ռուսաստանի գրողների միութեան Մոսկուայի քաղաքային կազմակերպութեան նախագահ Վլադիմիր Բոյարինովը:
Ռուսաստանեան բարեկամների հետ միասին հանրահաւաքում ելոյթ ունեցան ազգային համայնքների ներկայացուցիչները. «Ռուսաստանի վրացիների միութեան» նախագահ Միխայիլ Խուբուտիան, «Հոլոքոստ» գիտա-լուսաւորչական կենտրոնի համանախագահ Իլեա Ալտմանը, Յունական երիտասարդական կազմակերպութիւնների ընկերակցութեան նախագահ Ալեքսէյ Չերքեզովը: Բոլոր ելոյթ ունեցողները համերաշխութիւն եւ աջակցութիւն յայտնեցին Ցեղասպանութեան ճանաչման եւ յետագայում դրա չկրկնման հարցում հայ ժողովրդի պահանջին:
Նրանք արժանին մատուցեցին հայ ժողովրդի հերոսութեանը եւ համբերութեանը, ով իր մէջ ուժ գտաւ եւ թուրք ժողովրդի նկատմամբ անհանդուրժողութիւն ու չարութիւն չդրսեւորեց: Բոցաշունչ ելոյթներից բացի հնչեցին նաեւ վառ բանաստեղծութիւններ հայ ժողովրդի ճակատագրի եւ օրհնեալ Արարատի մասին: Միտինգի ընթացքում, մասնակիցների եւ Հայաստանի ու Ղարաբաղի դրօշներով մեքենաների մեծ քանակութեան պատճառով մօտակայ Ղրիմեան կամրջի վրայ եւ այլ վայրերում խցանում էր առաջացել: Բայց որքան էլ զարմանալի է, դժգոհութիւն եւ բողոքներ չեն լսուել եւ արձանագրուել:
«Ռուս-հայկական համագործակցութեան» նախագահ Եուրի Նաւոյեանի կարծիքով, 100րդ տարելիցի միջոցառումների համառուսաստանեան յանձնաժողովի կողմից Ապրիլին նախատեսուած բոլոր միջոցառումները անցան կազմակերպական պատշաճ մակարդակով, ռուսաստանեան մեծ թուով քաղաքական գործիչների եւ ԶԼՄների մասնակցութեամբ:
Նա յաւելեց, որ Ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը՝ այսօր ունենալով իր պետականութիւնը, բանակը, արտաքին քաղաքականութիւնը եւ դաշնակցային յարաբերութիւններ աշխարհի շատ երկրների հետ, իրաւահաւասարութեան դիրքերից է հետամուտ իր խնդիրների լուծմանը: Դա թոյլ է տալիս, որ Ցեղասպանութեան 100րդ տարելիցի սահմանը հատած հայ ժողովուրդը աւելի ինքնավստահ նայի Արարատին եւ իր ապագային: