ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Կտրուելուց յետոյ է միայն
Երեւում ծառի հաստութիւնը…
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Գլենդելի հայ հասարակութիւնը, եւ ոչ միայն, հիանալի յիշողութիւններ է պահպանում Սեպուհ Սարգսեանի գործունէութեան վերաբերեալ: Դրանում ձեր խոնարհ ծառան շատ անգամ է համոզուել, երբ առիթ է եղել խօսել Սեպուհ անհատականութեան մասին: Առաւել շատ խօսել եւ պատմել են իմ գրչակից ընկերները՝ «Կալիֆորնիայի հայ գրողներ» միութեան անդամները: Ինձ բախտ չի վիճակուել հանդիպել այդ հայորդուն, բայց առիթ եմ ունեցել այցելելու Գլենդելի «Անուշ» ռեստորանը, որտեղ հանդիպել եմ նրա որդիներին ու զգացել, որ այն, ինչ լսել եմ Սեպուհի մասին, նոյնը կարելի է վերագրել նաեւ որդիներին, որոնք նո՛յն պատրաստակամութեամբ, նո՛յն ոգեւորութեամբ, մարդկանց նկատմամբ նո՛յն բարեացակամ վերաբերմունքն են ցոյց տալիս, մանաւանդ, երբ նրանք ներկայացնում են որեւէ կազմակերպութիւն:
Ես իմ պարտքը համարեցի խորհել այս մարդու մասին եւ իմ մտորումները կիսել ընթերցասէր հասարակութեան հետ, քանի որ պատեհ առիթ առաջացաւ:
Բացի իր մարդկային վերաբերմունքից, որը նա նուիրաբերել է իր շրջապատին, նա նաեւ գրող էր, մտածող, հումանիստ, բարերար…
Նրա գրական ժառանգութեան մէջ այնպիսի տողերի ես հանդիպում, որ զգում ես իսկապէս մարդու, բարերարի, մտածողի ներաշխարհը, նրա մտածողութեան հորիզոնները, մարդկութեան նկատմամբ իր դիտարկումներն ու մտահոգութիւնները:
Մէկ քառատող մէջբերեմ.
Որքա՜ն կ՛ուզէի
Անձրեւի նման
Թափուել ու մաքրել
Աշխարհի փոշին…
Քառատողում սիմվոլիկ ձեւով խորը փիլիսոփայական միտք է ամփոփուած: Սեպուհ բանաստեզծն ուզում է, որ անձրեւը մաքրի Աշխարհի փոշին: Եւ այդ փոշին մաքրելու համար պատրաստ է ինքն իրեն զոհաբերել անձրեւի տեսքով: Նոյնիսկ աւելի խիստ կամ կոպիտ արտայայտութիւնով չի ուզում որակել Աշխարհում տիրող բարքերը, անարդարութիւնները, մարդկութեան տառապանքները, մարդկանց մտահոգութիւնները… Նա դրանք նկատում է որպէս փոշի եւ ուզում է այն լուանալ: Բարձր պահելով իր կեցուածքը, իր կրթութիւնը, դաստիարակութիւնը, իր հումանիզմը մարդկութեան հանդէպ: Դաստիարակութիւնից խօսեցի՞նք: Իսկ ի՞նչ ընտանիքում է նա մեծացել:
Նրա հայրը՝ Սարգիս Սարգսեանը, 2րդ Համաշխարհային պատերազմի տարիներին փառապանծ 89րդ հայկական դիվիզիայի կազմում հրետանային մարտկոցի հրամանատարութիւնը ստանձնած հասել է Բեռլին եւ իր լուման ներդրել ֆաշիզմի դէմ կերտած յաղթանակում, դիվիզիայի հրամանատարութեան կողմից պարգեւատրուելով «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի», «Փառքի 1ին աստիճանի» շքանշաններով եւ մեդալներով: Պատերազմից վերադառնալով խաղաղ աշխատանքի, Սարգիսի ընտանիքում լոյս աշխարհ է գալիս հերթական զաւակը, ում անունը կնքում են Սեպուհ (զինուորական ու իշխանական կոչում պատմական Հայաստանում: Երեւի պատերազմի տարիների զինուորական կեանքի թելադրանքով), որը բացատրւում է որպէս գլխաւոր, հիմնական, աւագ… Կարծես թէ գիտակցելով իր անուան հետ կապուած այս ածականների իմաստը, Սեպուհը որոշել էր արդարացնել եւ իրականացնել իր առաքելութիւնը: Մէկ ուրիշ բանաստեղծութեան մէջ ասես «խոստովանելով», իր «ցանկութիւնն» արտայայտելով՝ ասում է.
Կ՛ուզենայի սիրտ իմ,
Դու լինէիր աղբիւր,
Ու լիանար քեզնով
Ամէն անցորդ…
Դու լինէիր կարօտ…
Դարձեալ ինքն իրեն ուզում է զոհաբերել ամէն անցորդի համար, իր սրտի ուզածի չափով օգտակար լինել մարդկութեանը, սակայն ամէն անցորդի կարօտն է քաշում՝ ցանկանում է շատ մարդկանց բաւարարել այն ամէնով, ինչով ինքը կարող է՝ թէկուզ միայն աղբիւրի ջրով… Անսահման սէր ու կարօտ ունէր մարդկանց նկատմամբ, որն իրագործում էր կեանքում եւ արտայայտւում բանաստեղծութեան միջոցով:
Այո, Սեպուհ Սարգսեանը բարեպաշտ, բարեհամբիւր, առատաձեռն, հումանիստ, համամարդկային արժէքները գնահատող բարերար էր, Մարդ էր, հայորդի… Կորցրել ենք մի արժանաւորի, ում գործերը կիսատ մնացին, ով դեռ մեզ պէտք է զարմացնէր իր փիլիսոփայական խոհերով ու գործունէութեամբ:
Մի քանի օր առաջ «Կալիֆորնիայի հայ գրողներ» միութեան մի քանի անդամների՝ Սեպուհ Սարգսեանի որդիները հրաւիրել էին մասնակցելու իրենց հօր ողբերգական մահուան 15ամեայ տարելիցին: Նրա շիրիմի մօտ խնկարկելուց յետոյ հրաւիրուեցինք «Անուշ» ռեստորան, որտեղ կազմակերպուեց պատշաճ հիւրասիրութիւն, եւ Սեպուհ մարդու մասին իրենց սրտի խօսքն ասացին Համլէտ Ներսիսեանը, տողերիս հեղինակը, Գէորգ Քրիստինեանը…
Սեպուհ Սարգսեանի մասին իր մտորումներն է յայտնել նաեւ արհեստավարժ ասմունքող, արուեստագէտ, հեռուստալրագրող Նունէ Աւետիսեանը՝ Արծրուն Ալեքսանեանի «Կալիֆորնիայի Հայերը 2րդ Համաշխարհային Եւ Արցախեան Պատերազմում» գրքում, որտեղ տաղանդաւոր ասմունքողն ասում է. «Պայմանաւորուել էի Սեպուհի հետ հաղորդում կազմակերպելու, որտեղ պէտք է ներկայացուէին նրա բանաստեղծութիւնները, բայց աւաղ… Մենք ենթադրում ենք, իսկ Աստուած՝ տնօրինում…»։
«Ինձ թւում է, թէ բանաստեղծները հրաժեշտ չեն տալիս աշխարհին ու հաշիւները չեն փակում նրա հետ», խորհում է Նունէ Աւետիսեանը եւ շարունակում. «Քո մէջ արեւն էր ճառագում, եւ դու այն սիրով բաշխում էիր մեզ, որի համար էլ մենք քեզ սիրեցինք հարազատի պէս, իսկ հարազատի յիշատակը յաւէրժ է ու սուրբ…»։