ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Եւրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցութեան առումով: Այս տարուայ ընթացքում նախատեսւում են մի շարք զանգուածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը:
«Արմէնպրես»ի հետ զրոյցում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետեանը նշում է, որ Յունիսին Եւրոպական խորհրդարանում կը կայանայ ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքին նուիրուած գիտաժողով, որի հիմքում կը լինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքը:
«Գիտաժողովը կ՛ընթանայ երկու ուղղութեամբ՝ գիտական եւ քաղաքական: Կը մասնակցեն Եւրախորհրդարանի պատգամաւորները, նաեւ գիտնականներ, միջազգային իրաւունքի մասնագէտներ», ասաց Գասպար Կարապետեանը՝ յաւելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրութիւն հրաւիրել ԼՂ հիմնախնդրին, այլեւ միջազգային հանրութեան ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պէտք է վեր դասուի ամէն ինչից:
Արցախի թեման Եւրախորհրդարանում կրկին օրակարգային կը դառնայ Սեպտեմբերին: Արցախի անկախութեան օրուայ առթիւ Եւրոպական խորհրդարանի շէնքում ոչ միայն կը կայանայ հիւրասիրութիւն, որին կը մասնակցեն Եւրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամութեան խմբի պատգամաւորները, այլեւ քննարկում՝ նուիրուած հայկական երկրորդ պետութեանը: «Հոկտեմբերին կը կազմակերպուի Արցախի ամիս Եւրախորհրդարանում: Սա աւանդական միջոցառում է եւ իրականացւում է երկրորդ անգամ», ասաց Կարապետեանը՝ յաւելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եւրոպական այդ հեղինակաւոր կառոյցում:
Բացի քաղաքական համագործակցութիւնից, շեշտը կը դրուի նաեւ մշակութային եւ կրթական յարաբերութիւնների զարգացմանը: Մասնաւորապէս, Արցախի եւ Բելգիայի պետական համալսարանների միջեւ կնքուել է գործակցութեան համաձայնագիր, ինչի արդիւնքում Մայիսի կէսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտութիւնների մի խումբ դասախօսներ կ՛այցելեն Ստեփանակերտ եւ հանդիպումներ կ՛ունենան ուսանողների հետ: Յունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախօսներ կը գնան Բելգիա եւ կ՛ունենան հանդիպումներ եւ փորձի փոխանակում: «Այս ամէնը միտուած է հասնելու այն իրականութեանը, որ Եւրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը», ասաց Կարապետեանը՝ յաւելելով, որ դա երկար աշխատանք է եւ արդիւնքը չի կարող լինել միանգամից:
Գասպար Կարապետեանը հաւելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եւրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էութիւնն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկիւնից: «Հէնց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաեւ գիտական եւ մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպէսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետութիւն է», նշեց Կարապետեանը:
Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարեւորում է Հոկտեմբերին Եւրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործութիւնների ցուցահանդէսը: Այժմ Եւրոպայում լայն թափով ներկայացւում է նաեւ արցախեան գորգագործութեան առանձնայատկութիւնը: Դրանք առաջին հերթին ներկայացւում են ոչ թէ բիզնեսի, այլ մշակոյթի ու պատմական տեսանկիւնից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.