ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Թբիլիսիի Հաւլաբար թաղամասում գտնուող Էջմիածնեցոց Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Սամուէլ քահանայ Թորոսեանն ասում է, որ եթէ 1922ին Վրաստանի մայրաքաղաքում 26 հայկական եկեղեցի էր գործում, այժմ դրանք միայն 2ն են՝ նշուած եկեղեցին եւ Կուր գետի աջ ափին՝ Հին քաղաքում գտնուող Սուրբ Գէորգ եկեղեցին, որը Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է: Այդուհանդերձ, ներկայ պահին գործում է միայն Էջմիածնեցոց Սբ. Գէորգը, քանի որ առաջնորդանիստը վերանորոգւում է:
Ըստ տէր Սամուէլի՝ գլխաւոր եկեղեցին փակ կը լինի մինչեւ այս տարուայ Հոկտեմբեր: Սբ. Գէորգի վերանորոգման ծրագիրը մեկնարկել է 2012ի Սեպտեմբերին: Այն իրականացնում է Սբ. Գէորգի վերակառուցման հիմնադրամը, որը ստեղծուել է կոնկրետ այս նպատակով: «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի (IDeA, ծրագրի գլխաւոր աջակիցներից է) տուեալներով՝ վերակառուցման համար անհրաժեշտ է ծախսել 10 մլն. դոլար: 2014ի Սեպտեմբերի 1ի դրութեամբ հաւաքուել էր 7.1 մլն.ը: Սբ. Գէորգի նախագծի հիմնական նպատակներն են եկեղեցու վերականգնումը առաջնորդանիստի կարգավիճակին համապատասխան, ժամանակի, երկրաշարժերի եւ ստորերկրեայ ջրերի ազդեցութեան հետեւանքով եկեղեցուն պատճառուած վնասների վերացումը, եկեղեցուն կից մշակութային կենտրոնի ստեղծումը, Սբ. Գէորգի գրաւչութեան բարձրացումը հայերի եւ օտարերկեայ զբօսաշրջիկների համար: Նախագծի վրայ աշխատում են հայ, վրացի եւ իտալացի մասնագէտներ: Ծրագրին աջակցում են նաեւ Վրաստանի ու Թբիլիսիի իշխանութիւնները: Ըստ IDeA հիմնադրամի՝ ծրագրի նուիրատուներից են Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իւանիշվիլին (ըստ թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի՝ տրամադրել է 100,000 լարի), հայ գործարարներ Դանիլ Խաչատուրովը, Ռուբէն Վարդանեանը, հայ, վրացի, ռուս այլ բարերարներ:
Առաջնորդանիստ այս եկեղեցին կառուցուել է 1251ին եւ յետագայում մի քանի անգամ վերանորոգուել է: Եկեղեցու բակում են թաղուած Սայաթ Նովան, զօրավարներ Միքայէլ Լորիս-Մելիքովը, Արշակ Տէր Ղուկասովը, Իւան Լազարեւը, Բեհբութ Շելկովնիկովը:
Ներկայում Թբիլիսիում գործող միակ հայկական եկեղեցին՝ Էջմիածնեցոց Սբ. Գէորգը, որը կոչւում է նաեւ Սբ. Էջմիածին, Նոր Էջմիածին, կառուցուել է 1806-1809թթ.: 2006-2010թթ. վերանորգուել է: 2011ին եկեղեցու հարեւանութեամբ բացուել է «Հայարտուն» մշակութային կենտրոնը, ինչպիսին 1921-1930ականթթ. գործում էր Յովհ. Թումանեանի ղեկավարութեամբ: Նոր կենտրոնում գործում է «Սուրբ Մովսէս Խորենացի» նախակրթարանը, որտեղ սովորում են 3-6 տարեկան երեխաներ: Այն բաց է ամէն օր՝ բացի Կիրակի եւ Երկուշաբթի օրերից:
Վիրահայոց թեմի կրթական բաժնի պատասխանատու Եւգենիա Մարկոսեանն ասում է, որ այս պահին նախակրթարան է յաճախում 56 երեխայ, տեղերը սահմանափակ են: Երեխաներն այստեղ չեն քնում, սնունդն էլ ծնողների հաշուին է: 3-4 տարեկանների դասերը տեւում են 35, իսկ 5-6 տարեկաններինը՝ 40 րոպէ, որոնք ընդմիջւում են խաղերով:
Առաւօտեան, մեր եկեղեցի այցելութեան պահին, փոքրիկներին ծնողները բերում էին ժամերգութեան: Արարողութեան աւարտին հէնց նրանք արտասանեցին «Հայր Մեր»ը: Սա, ըստ տէր Սամուէլի, մշտական երեւոյթ է:
Նախակրթարանում ուսուցանւում է տառաճանաչութիւն, քրիստոնէական դաստիարակութիւն, տարրական թուաբանութիւն, նկարչութիւն, աշխատանք, երգ, պար, մարզանք: Օրուայ վերջում (դասերը տեւում են 9:30-15:00ն) ցուցադրւում է մուլտֆիլմ, ընթերցւում են հեքիաթներ:
Նախակրթարանն աւարտելուց յետոյ երեխաները ստանում են վկայական:
Տէր Սամուէլ քահանայ Թորոսեանն ասում է, որ այսօր Թբիլիսիում միայն մէկ հայկական դպրոց կայ՝ համար 104ը, Հաւլաբարում: Նախկին հայկական դպրոցներից մէկում էլ այժմ հայկական բաժին է գործում: Այս պարագայում հայ երեխաները յաճախում են ռուսական կամ վրացական դպրոցներ: Այդուհանդերձ, «Հայարտուն» կենտրոնում գործում են հայերէնի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրեայ եւ Սուրբ Եղիա մարգարէ կիրակնօրեայ դպրոցները, որտեղ դասաւանդւում է հայերէն գրաւոր եւ բանաւոր խօսք, Հայաստանի եւ Հայ եկեղեցու պատմութիւն, տօներ եւ աւանդութիւններ: Սաները բաժանւում են 3 խմբի՝ 10-13, 14-18, 19 տարեկաններ եւ աւելի բարձր տարիքի անհատներ: Ուսումնական ծրագիրը կազմում են կենտրոնի մանկավարժները՝ համագործակցելով ՀՀ ԿԳՆի եւ սփիւռքի նախարարութեան հետ: Դպրոցներում աշխատանքային լեզուն հայերէնն է՝ ռուսերէնի եւ վրացերէնի համադրութեամբ: Ուսման վերջում սովորողներին տրւում է վկայական:
«Հայարտունը» տարբեր մշակութային եւ երիտասարդական ծրագրեր է իրականացնում Վրաստանում ու Հայաստանում, կենտրոնն ունի նաեւ արուեստի ու սպորտի տարբեր խմբակներ:
Նոր Էջմիածինը Հաւլաբարի ու Թբիլիսիի հայութեան գլխաւոր կենտրոններից է: Այս եկեղեցու հարեւանութեամբ է գտնւում Երեւանեան պուրակը, որտեղից էլ շարժւում են Թբիլիսիից Երեւան եկող տաքսիները: Եկեղեցու դիմացի մայթին է Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնը, որը ՀՀից դուրս գտնուող միակ պետական հայկական թատրոնն է:
Թբիլիսիում հայ համայնքի խնդիրներից մէկը, որի մասին հայաստանեան լրատուամիջոցներում պարբերաբար խօսւում է, հայկական մշակոյթի պահպանման հարցն է: Միայն 2012ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ստացաւ պետական գրանցում: Մինչ այդ՝ 2011ին, Վրաստանում կատարուած օրէնսդրական փոփոխութեամբ հայկական, կաթոլիկ, բապտիստական եկեղեցիներն ու հրէական եւ մահմեդական համայնքները իրաւաբանական անձի կարգավիճակ էին ստացել: Սակայն գլխաւոր՝ սեփականութեան հարցը մինչ օրս լուծուած չէ: Թեմի համար առաջնահերթ է Վրաստանում գտնուող 6 եկեղեցիների վերադարձը Հայ Առաքելական եկեղեցուն. դրանցից 5ը գտնւում են Թբիլիսիում, 1ը՝ Ախալցխայում: Տէր Սամուէլ քահանայ Թորոսեանն ասում է, որ ներկայում նոյնիսկ մայրաքաղաքում գործող 2 հայկական եկեղեցիներն իրաւականօրէն չեն պատկանում թեմին, չնայած փաստացի նրանն են, եւ բոլորն էլ գիտեն այդ մասին:
Թբիլիսիի այսպէս կոչուած վիճելի եկեղեցիներից մէկը Հին քաղաքում գտնուող Նորաշէնի Սբ. Աստուածածինն է, որտեղ այժմ միայն հիմքի ամրացման աշխատանքներ են կատարւում, սակայն ոչ պակաս խնդիր են պատերին յայտնուած մեծ ճաքերը: Չնայած տէր Սամուէլն ասաց, որ առանց հայ ներկայանալու կարող ենք մտնել ու ներսից տեսնել կառոյցը, դա մեզ չյաջողուեց, քանի որ շինաշխատանքների պատճառով բաց էր միայն մէկ մուտքը, այն էլ՝ բանուորների համար: Չնայած վրացական հանրութեան մէջ քիչ չեն մարդիկ, ովքեր յայտարարում են եկեղեցու հայկական լինելու մասին, վրաց հոգեւորականութիւնը, ի թիւս այլ հայկական կառոյցների, շարունակում է նկրտումները Նորաշէնի հանդէպ: Դրա համար լրացուցիչ ազդակ է նաեւ այն, որ Նորաշէնից ոչ հեռու է գտնւում մայրաքաղաքի առաջնորդանիստ Սբ. Սիոն եկեղեցին, ու Նորաշէն սեփականացնելը կարծես պատուասիրութեան հարց է դարձել վրացի հոգեւորականների համար:
Եթէ 1930ականներին Լ. Բերիայի հրամանով 11 հայկական եկեղեցի ոչնչացուեց, ԽՍՀՄի փլուզումից յետոյ հայկական մշակոյթի թիւ մէկ խնդիրը դարձել է բռնի վրացականացումը:
Նման վտանգից մասամբ փրկուել է Թբիլիսիի յայտնի հայկական Խոջիվանքի պանթէոնը, որտեղ թաղուած են Րաֆֆին, Յովհ. Թումանեանը, Գ. Սունդուկեանը, Մուրացանը, Նար-Դոսը, æիւանին, Ղ. Աղայեանը եւ որիշներ:
Այս հողատարածքը 17րդ դարից պատկանում էր վրաց Ռոստոմ արքայի գանձապետ Աշխարհբեկ Բեհբութեանին (Խոջա Բեհբութ, այստեղից էլ՝ անունը) ու դարձել է Բեհբութեանների տոհմական գերեզմանատունը: 1655ին այստեղ կառուցուել է Սբ. Աստուածածին եկեղեցին (Խոջիվանք):
Յետագայում տոհմական գերեզմանատունը դարձել է Թբիլիսի գլխաւոր հայկական գերեզմանատունը: 1934ին Բերիայի հրամանով եկեղեցին պայթեցուել է, ոչնչացուել են բոլոր մատուռներն ու դամբարանները, սկսուել է գերեզմանատան քանդումը: Նկարիչ Գիգօ Շարբաբչեանի եւ ճարտարապետ Ռուբէն Աղաբաբի ջանքերով մի քանի աճիւններ ու տապանաքարեր փրկուել են ու տեղափոխուել Րաֆֆու գերեզմանի մօտ:
1962ին այստեղ բացուել է հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթէոն: Իսկ նախկին մեծ գերեզմանոցի տեղում հիմնուել է Բարեկամութեան այգի: Վերջինիս տարածքում էլ 2002ին բացուել է Թբիլիսիի մայր տաճարը՝ Սբ. Երրորդութիւնը (Ծմինդա Սամեբա), որի հիմքերը փորելիս յայտնաբերուել են մարդկային ոսկորներ:
Տաճարի կառուցումն ու մարդկային մնացորդների պղծումը մեծ վրդովմունք էր առաջացրել թէ՛ վիրահայութեան մէջ, թէ՛ ՀՀում ու Սփիւռքում: Հայկական կողմի ու բարերարների ջանքերով նոյն տարում հայկական պանթէոնը վերանորոգուել է ու ցանկապատուել: Այժմ այնտեղ հայ պահակ է աշխատում: Պանթէոնը 2002ից գտնւում է Թբիլիսիի քաղաքապետարանի իրաւասութեան ներքոյ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.