Հայ ժողովրդի պատմութիւն առարկան Վրաստանի հայերէն ուսուցմամբ դպրոցներում չի դասաւանդւում ո՛չ ծրագրային եւ ոչ էլ ֆակուլտատիւ մակարդակով: Այդ հարցի լուծման նպատակով պատկան մարմինների կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ, իսկ մինչ այդ Վիրահայոց թեմի երիտասարդութեան բաժնի նախաձեռնութեամբ ձեւաւորուեց Պատմութեան խմբակ, որի անդամ դպրոցականները եւ ուսանողները մեծ հետաքրքրութեամբ ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմութեան էջերը:
Խմբակի գործունէութեան արձագանգը եղաւ այն ընդարձակելու եւ Թբիլիսիի հայկական պատմական եւ մշակութային յուշարձանները ուսումնասիրելու առաջարկութիւնը: Այդ նպատակով որոշուեց պատմութեան խմբակում ընդգրկել նաեւ ճարտարապետութիւնն ու մշակոյթն ուսումնասիրող հայ ուսանողների, որոնց մասնակցութեամբ կ՛ընթանան աշխատանքներ Թբիլիսիում հայկական հետքը պահպանելու ուղղութեամբ:
2015 թուականի Մայիսի 23ին տեղի ունեցաւ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի Հայոց պատմութեան եւ հայկական մշակութային յուշարձանների պահպանութեան ակումբի շնորհանդէսը, որին անդամագրուել են բարձր դասարանցիներ, Վրաստանի տարբեր բուհերի ճարտարապետութեան, դիզայնի, ճարտարագիտութեան ֆակուլտետներում սովորող հայ երիտասարդներ:
Ուշագրաւ էր, որ նորաստեղծ ակումբի անդամները որոշեցին յաջորդ օրն եւեթ գնալ եւ բարեկարգել Թբիլիսիի Վերէի գերեզմանոցը, որտեղ հանգչում են բազմաթիւ հայազգի գործիչներ:
2015 թուականի Մայիսի 24ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրէն Վալերի Բադալեանի եւ աշխատակիցներ Նինա Սերոպովայի, Յովհաննէս Շահնազարեանի առաջնորդութեամբ ու թեմի իրաւական հարցերով բաժնի տնօրէն Միքայէլ Աւագեանի եւ հասարակական գործիչ Եուրի Միկիրտումովի ուղեկցութեամբ, շուրջ 30 երիտասարդներ, զինուած անհրաժեշտ գործիքներով, ուղեւորուեցին Վերէի գերեզմանոց: Խումբն ամբողջ օրը աղբակոյտերից մաքրեց, խոտ ու տատասկից ազատեց եւ բարեկարգեց հայ ազնուատոհմ քաղաքացիների գերեզման-դամբարանները:
Վերէի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կեանքի զարգացման գործում: Դրանք քաղաքի այն նուիրեալների շիրիմներն են, որոնց հարազատները աքսորուել, գնդակահարուել կամ տեղափոխուել են արտասահման:
Գերեզմանատունը հիմնուել է 19րդ դարի 30ականներին եւ ի սկզբանէ եղել է միայն հարուստ եւ ազնուական ծագում ունեցող մարդկանց յուղարկաւորման վայր:
Մինչեւ այժմ գերեզմանոցում պահպանուել են եւրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արուեստի գլուխգործոցներ եւ ունեն պատմական-ճարտարապետական արժէք:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբուած երիտասարդները, լաւ գիտակցելով իրենց պարտքը նախնիների յիշատակի առջեւ, պատրաստակամօրէն շաբաթօրեակներ են կազմակերպում ինչպէս հայոց մեծերի Խոջիվանքի պանթէոնում, այնպէս էլ Վերէի, Պետրեպաւլէի գերեզմանոցներում, պահպանելով նախնիների յիշատակը այս քաղաքում:
Նման միջոցառումները շարունակական են եւ չեն սահմանափակուի միայն Թբիլիսիով:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ