ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, անցած ողջ շաբաթուայ ընթացքում ԼՂՀում էր համաշխարհային յայտնի ռուսական օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայան, ով այստեղ անցած Պատանի երաժիշտների «Տնջրէ» 4րդ միջազգային փառատօնի շրջանակներում վարպետութեան դասեր է անցկացրել Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանից տաղանդաւոր վոկալիստների համար:
Շաբաթը հանրապետութիւնում անցաւ դասական երաժշտութեան նշանաբանի ներքոյ, որի հետ հաղորդակցութեան բերկրանքն արցախցիներին պատճառեցին գրեթէ տասնեակ արտասահմանեան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ունկնդիրներին գերեցին իրենց հիասքանչ արուեստով:
«Տնջրէ» փառատօնն իրաւամբ դարձաւ մեծ կարեւորութեան երաժշտական իրադարձութիւն, քանզի արդէն չորրորդ անգամ է աշխարհին ցուցադրում արցախցիների սրտաբաց ու սիրալիր լինելը, արարելու, միւս ժողովուրդների հետ մշակութային երկխօսութիւն զարգացնելու նրանց անսահման ցանկութիւնը: Եւ պէտք է ասել՝ Արցախին յաջողւում է ընդհանուր լեզու գտնել աշխարհի շատ երկրների, բայց… միայն թէ ո՜չ Ադրբեջանի հետ, եւ ո՜չ իր մեղքով: Վերջինիս վերաբերմունքն Արցախի հանդէպ յայտնի է. այն բնորոշւում է մէկ բառով՝ ատելութիւն:
Աւելի կոնկրետ: Լիւբով Կազարնովսկայայի՝ ԼՂՀ կատարած այցը ու նրա անցկացրած վարպետաց դասերը, բնականաբար, առնչութիւն ունեն զուտ մշակութային ոլորտի հետ եւ չափազանց հեռու են քաղաքականութիւնից: Սակայն Ադրբեջանի իշխանութիւններին, որոնք արդէն վաղուց կորցրել են իրողութիւնը համարժէք ընկալելու կարողութիւնը, յաջողուեց քաղաքականացնել այդ խիստ մշակութային իրադարձութիւնն անգամ: Այցի ծրագրի համաձայն՝ Լիւբով Կազարնովսկայան Յուլիսի 6ին մեկնեց ԼՂՀից եւ հէնց նոյն օրն էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան կողմից ներառուեց անցանկալի անձանց ցուցակում, անձանց, որոնց արգելւում է մուտք գործել այդ երկիր:
Այդ ի՞նչ սպառնալիք տեսաւ իր համար պաշտօնական Բաքուն համաշխարհային օպերային աստղի գործողութիւններում եւ ի՞նչ է նրան մեղսագրում: «Ռուսական օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայան, խախտելով «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրէնքը, ապօրինի այց է կատարել չճանաչուած Լեռնային Ղարաբաղի տարածք», յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ քարտուղարը: Որպէս տեղեկութիւն՝ նշենք, որ Ադրբեջանում առաջին տարին չէ, որ գոյութիւն ունի «սեւ ցուցակ», ուր մտցւում են արտասահմանցի քաղաքացիներ, ովքեր ԼՂՀ են այցելել… առանց պաշտօնական Բաքուի հետ համաձայնութեան, եւ այսօր այդ ցուցակում «գրանցուած են» շուրջ 400 անձինք: Իրավիճակի զաւեշտականութիւնը, որի մէջ յայտնուել է Ադրբեջանը, այն է, որ, ինչպէս մենք բազմիցս նշել ենք անցեալում, միայն ու միայն ղարաբաղեան իշխանութիւնների իրաւասութեանն է պատկանում առանձնաշնորհը՝ որոշելու, թէ ով կարող է կամ չի կարող այցելել ԼՂՀ: Որպէս ասուածի համոզիչ օրինակ՝ բերենք հետեւեալ փաստը. հակառակ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերի Արցախ այցին հասնելու ջանքերին, Բաքուին դա չի յաջողւում այն պարզ պատճառով, որ բրիտանացի եւրախորհրդարանականի՝ ակնյայտօրէն վարձուած լինելու պատճառով պաշտօնական Ստեփանակերտն իր թոյլտուութիւնը չի տալիս: Այլ խօսքով, Ադրբեջանի իշխանութիւնների թոյլտուութիւնը պարզապէս ձեւականութիւն է, որը կարող է ծառայել միայն պաշտօնական Բաքուի չարդարացուած յաւակնութիւնների ինքնաբաւարարմանը:
Դառնանք, սակայն, Լիւբով Կազարնովսկայայի պատմութեանը, աւելի ճիշդ՝ Ադրբեջանի գործողութիւնների վերաբերեալ նրա արձագանգին: Ստեփանակերտում պատասխանելով այն հարցին, թէ ինչպէս է ինքը վերաբերւում այն բանին, որ կարող է յայտնուել Ադրբեջանի «սեւ ցուցակ»ում, Լիւբով Իւրեւնան առաւելագոյնս անկեղծ էր. «Ճիշդն ասած, դա ինձ չի յուզում»: Ընդ որում, նա չկարողացաւ թաքցնել իր զարմանքը, որ խաղաղութեան, սիրոյ, ստեղծարար աշխատանքի կոչելու համար մարդիկ յայտնւում են «սեւ ցուցակ»ներում: Թէեւ Արցախում մենք վաղուց արդէն չենք զարմանում Բաքուի իշխանութիւնների՝ ողջամիտ տրամաբանութեան սահմաններում չտեղաւորուող գործողութիւններից:
Ի հարկէ, Ադրբեջանի ղեկավարութիւնը, յամառօրէն պնդելով Արցախ կատարուելիք այցերն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտութիւնը, դրանով իսկ փորձում է միջազգային հանրակցութեան առաջ հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր պատրանքային, գոյութիւն չունեցող իրաւասութիւնը: Բայց՝ ոչ միայն: Այդ կերպ Բաքուն ձգտում է խոչընդոտել արտասահմանեան երկրների ներկայացուցիչների այցերին Լեռնային Ղարաբաղ, ինչը բխում է ԼՂՀի լիակատար մեկուսացման իր քաղաքականութիւնից, որը նրան թոյլ կը տար աշխարհում մեր պետութեան վերաբերեալ ստայօդ տեղեկատուութիւն տարածել՝ ձեւաւորելով նրա բացասական կերպարը: Նրան բնաւ պէտք չէ, որ Արցախի մասին իրական ճշմարտութիւնը դառնայ միջազգային լայն հանրութեան սեփականութիւնը, քանի որ այն ի չիք է դարձնում ադրբեջանական պաշտօնական քարոզչութեան կողմից յօրինուող սուտը: Տուեալ կոնկրետ դէպքում որպէս այդ ճշմարտութեան կրող հանդէս է գալիս Լիւբով Կազարնովսկայան: Երգչուհին չկարողացաւ թաքցնել Ղարաբաղի նկատմամբ իր հիացմունքը, որը, նրա խօսքով, «մտնում էր Մեծ Հայքի տարածք» եւ որը «պահպանեց իր ինքնութիւնը, իր ոգին, իր մշակոյթը, իր աւանդոյթները»: Համաձայնենք, օպերային աստղի խարազանող այդ արտայայտութիւնն ասես ապտակ է Ադրբեջանին, որը ճգնում է աշխարհին ապացուցել անապացուցելին՝ Արցախը չի պատկանում արցախցիներին: Եւ, ի հարկէ, Լիւբով Կազարնովսկայայի սոսկ այդ բացայայտումը բաւական էր Ադրբեջանին, որ նրան հաշուառէր նոն գրատա, այսինքն՝ իր համար անցանկալի անձանց ցուցակում:
Կեանքը ցոյց տուեց, որ Լեռնային Ղարաբաղին երկաթէ վարագոյրով աշխարհից անջրպետելու Ադրբեջանի ճիգերն ապարդիւն են: Տարբեր երկրներից ԼՂՀ են այցելել եւ կ՛այցելեն քաղաքական գործիչներ ու գործարարներ, փորձագէտներ ու քաղաքագէտներ, մշակոյթի եւ արուեստի ներկայացուցիչներ, զբօսաշրջիկներ, որոնց չեն կարող յետ պահել Ադրբեջանի իշխանութիւնների արգելող եւ պատժիչ միջոցները: Ուշագրաւ մի հանգամանք. Ստեփանակերտում իր սաների գալա-համերգին Լիւբով Կազարնովսկայան ասաց, որ իրեն յաճախ են հարցնում՝ չի՞ վախենում Լեռնային Ղարաբաղ գնալուց: «Յոյս մի՜ պահէք», ոչ առանց հումորի պատասխանել է նա: