ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մի ոչխար ղուշ էնքան էր ծռտել մեքենայիս վրայ, որ ստիպուած էի լուանալու տանել: Փողոցը կտրելիս էլ սպասեց, որ կանաչ լոյսը վառուի ու իմ հետ հաւասար կտրի անցնի փողոցը…
«Ախր քեզ ի՞նչ եմ արել, երէկ էի լուացել մեքենան», ինքս ինձ հետ զրուցում էի: Մոխրագոյն ղուշը զուգահեռ թռչում էր մեքենայիս հետ, կարծես ինչ որ բան էր ուզում ասել: Տեսնես ինչո՞ւ է այսքան երկար ինձ ուղեկցում, մտածում էի: Մեքենայի ինքնալուացման կէտը շատ յարմար բան է: Աւելի քան 50 տոկոս խնայում ես, իսկ մեքենան չորացնելիս ակամայից մարզւում ես մօտ 20 րոպէ, որը լաւ մարզանք է իմ տարիքի երիտասարդների համար: Չորացնելու կտորը մոռացել էի ինձ հետ վերցնել ու լուացակայանի աշխատողին հարցրի, թէ շոր ունի՞: «2 դոլար», բարեացակամ ժպտաց տղան: Հայ տղայ է, երիտասարդ, յուսով եմ, եկամուտը իր գրպանը կը գնայ, մտածեցի: Այդ կտորից 10 հատը 3 դոլարով էի գնել 1 ամիս առաջ:
Դիմացի մայթով անցնում էր անտուն (homeless) մարդու արտաքինով զոյգը: Տղան հայ էր, հարիւր տոկոսով: Մօտ 30 տարեկան, արեւից գրեթէ սեւացած մաշկով, ուժեղ արտաքին տուեալներով՝ ընդգծուած քիթ, արծուային աչքեր ու հայեացք, ինձնից մի գլուխ բարձրահասակ, ամուր ձեռքեր, հաստատուն քայլուածք: Կինը տարիքով մի փոքր մեծ էր, դարձեալ խանձուած դէմքով, շիկահեր, բարձրահասակ, անլուայ դէմքով ու կեղտոտ շորերով: Տղամարդու տաբատը պատռուած էր, բայց նրա պէտքը չէր: Քարշ էր տալիս անուասայլակը, որ սովորականում հանրախանութներից են վերցնում, որպէսզի մթերքները մէջը դնեն ու մեքենան հասցնեն: Նրանք անհոգ զրուցում էին, կինը մի փոքր երերալով էր քայլում. կա՛մ հարբած էր առաւօտուայ ժամը 8ին, կա՛մ էլ թմրանիւթի ազդեցութեան տակ էր:
Բացարձակ ազատութեան մէջ էին: Կանգնեցին լուացակայանի մօտ: The F…ers stopped giving me money, ասաց տղան, ու նայեց կնոջ կողմը: F… them, պատասխանեց կինը, tell them you are going to get in trouble if they ignore your plight. «Ես ձեր լաւը ք…», ասաց տղան հայերէնով: Աւտոբուսը մօտեցաւ: Նրանք մի կողմ հրեցին սայլակը ու բաց դռներով վերեւ բարձրացան: Ես չէի լսում, թէ ինչի մասին էին խօսում, բայց ակնյայտ էր, որ վիճում էին վարորդի հետ: Վարորդը ձեռքով դուրս հրաւիրեց զոյգին: «Մամադ ք…ելու եմ», հայերէնով ասաց կեղտոտը վարորդին, արդէն աւտոբուսից դուրս: Վարորդը անջատեց շարժիչը ու ելաւ դուրս: Նա էլ հայ էր:
Ես թողեցի ինքնաշարժս ու մօտեցայ նրանց, կանգնելով երկուսի մէջտեղը: «Խնդրում եմ, յետ բարձրացիր, ուղեւորներդ քեզ են սպասում», թախանձագին խնդ-րեցի վարորդին: Նա ուշքի եկաւ, զայրոյթը հալուեց, գուցէ յիշեց, որ տանը սպասող ունի, ու չարժէ փորձանքի մէջ ընկնել մի ոչխարի հայհոյանքի պատճառով: «Նա ինքն իրեն է հայհոյում, իր բռնած ճանապարհն ու բախտը», ասացի վարորդին, որ դեռ շատ երիտասարդ էր: Տղան վեր բարձրացաւ ու աւտոբուսի շարժիչը միացրեց: «Մերսի, հոպար ջան», ասաց, «դու որ չլինէիր, հաստատ քաքն էի ընկնելու»: Գնայ գործիդ, Կիրակի օր է, ուղեւորներիդ անփորձանք տեղ հասցրու, մտածեցի: «1 դոլարի հմար չթողեց վերեւ բարձրանամ, ախպեր», ասաց անտունը, ապա ձեռքով դիպաւ արմունկիս…
«Կարողա՞յ մի 2 դոլար փող տաս, ախպեր»: Ակնոցներիս տակից նայեցի նրան: Կինը հետեւում էր մեր խօսակցութեանը: Your f…ing mother could have given us money, and here we are, unable to go to Jim, ասաց նա: Տղան կարծես չլսեց կնոջ խօսքը ու դարձեալ կրկնեց, «Ախպեր, օգնի էլի, հաստատ կը վերադարձնեմ»: «Անգլերէն գիտե՞ս», հարցրի: «Բա ո՞նց, ստեղ եմ մեծացել», ասաց: «Բա քեզ մայր հայհոյեց, չլսեցի՞ր», ասացի: Մինչ այդ մէկ ուրիշ աւտոբուս մօտեցաւ կանգառին: «Հմի տալո՞ւ ես, թէ չէ», ասաց, ուշադրութիւն չդարձնելով դիտողութեանս վրայ: Ես լուռ շուռ եկայ ու գնացի դէպի լուացակայանը:
Գիտեմ, որ հայհոյում էր յետեւիցս: Երիտասարդ տարիքում գուցէ շուռ գայի ու… Հիմա ընդամէնը խղճացի նրա հօրն ու մօրը, որ կրակն էին ընկել որդու ձեռքը, երեւի տնից դուրս էին հանել, քանի որ թմրամոլութիւնից չէր հրաժարւում: Ի՜նչ յոյսերով էին եկել Ամերիկա, ինչե՜ր էին սպասում: Իսկ հիմա միջին տարիքի մի hick նրանց հայհոյում էր նաւաստու նման, որդու առջեւ, իսկ որդու պէտքը չէր: Մօր ձեռքերը…
Կիսատ թողեցի մեքենան չորացնելու մարզանքս ու տուն եկայ: Մոխրագոյն կեղտոտ ղուշը դեռ «շրջում» էր բակում: Գուցէ սա ուրիշ ղուշ էր: «Սրանք կեղտոտ կենդանիներ են, աղաւնու պէս չեն, մենակ կեղտոտում են իրենց շրջապատը», յիշեցի ընկերոջս՝ Վարդանի խօսքերը: Մեր հայրենակիցն էլ գուցէ (անկասկած) աղաւնի էր եղել անմեղ, ճերմակ, իսկ յետոյ մոխրագոյն ղուշ էր դարձել: Թմրանիւթ, կայֆեր, անհոգ կեանք… «Ամերիկան վայելեց մինչեւ վարդապետի խազը», կ՛ասէր Աբօն: Ու հէնց սա էր, որ առիթ հանդիսացաւ նոր յօդուածաշար սկսելու համար: Այն կը վերնագրեմ «Լոս Անջելեսի Որոշ Հայերի Մասին»: Չգիտեմ որքանով հետաքրքիր կը լինի, բայց ասելու շատ բան ունեմ… Շատերը կը նեարդայնանան, կը քննադատեն: Մոխրագոյն դէմքով հայ տղան չի կարդայ իմ յօդուածաշարը. ու ափսոս որ չի կարդայ: Իսկ նրա մայրը գուցէ կարդայ, բայց դժուար թէ սփոփանք գտնի:
Այս ձեռքերը, մօր ձեռքերը, հինաւուրց ու նոր ձեռքերը…
Արեւոտ Կիրակի է Լոս Անջելեսում, աւելի ցուրտ, քան 1 շաբաթ առաջ…