ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հանրային ոլորտի աշխատակիցների Միջազգային միութեան՝ Տեղական 721 (SEIU Local 721) կոչուող կազմակերպութեան ներքոյ գործող Հայկական կոմիտէն (Armenian Caucus) Յունուարի 10ին հրաւիրում է հայկական Սուրբ Ծննդեան ձեռնարկին: «Սա լաւագոյն առիթն է հրաւիրելու Լոս Անջելեսի շրջանի տարբեր ծառայութիւնների աշխատակիցներին՝ միասին նշելու մեր հայկական Սուրբ Ծնունդը, միաժամանակ՝ տօնական միջավայրում հանդիպելու գործընկերներին, ծանօթանալու SEIU միութեան ներկայացուցիչների ու պաշտօնեաների», յայտնում է կառոյցի հիմնադիր Շուշան Քեւրանեան-Բախբուդարեանը: Արդէն երկրորդ տարին անցկացուող այս ձեռնարկի նպատակներին անդրադառնալով, Հայկական կոմիտէի անդամ Սիլվա Քէշիշեանը նշում է, որ սա գեղեցիկ հնարաւորութիւն է ԱՄՆի եւ Կանադայի խոշորագոյն արհմիութեան անդամներին ներկայացնելու հայկական մշակոյթն ու Սուրբ Ծննդեան խորհուրդը, որ նշւում է Յունուարի 6ին: «Յորդորում եմ մեր հայրենակիցներին մասնակցելու այս յիրաւի բացառիկ առիթին, որը նաեւ նոր կապեր ու հնարաւորութիւններ կարող է ընձեռել մեր կազմակերպութիւնում եւ Լոս Անջելեսի մարզի տարբեր ծառայութիւններում ներգրաւել ցանկացող ամերիկահայերին», նշում է Քեշիշեանը:
SEIU Local 721ի Հայկական կոմիտէի տօնական ձեռնարկը տեղի կ՛ունենայ Յունուարի 10ին՝ «Սիզար» ճաշասրահում, որ գտնւում է Թահանգայում: Տոմսերի եւ այլ մանրամասների համար, պէտք է դիմել Շուշան Բախբուդարեանին՝ 213 368 8685 հեռախօսահամարով:
Տեղեկանք.- Հանրային ոլորտի աշխատակիցների Միջազգային միութիւնն (SEIU) ունի 2.1 միլիոն աշխատակից ԱՄՆում եւ Կանադայում, եւ ստեղծուած է արտայայտելու եւ պաշտպանելու պետական հանրային ծառայութիւնների ոլորտի աշխատակիցների շահերը: Արհմիութեան հիմնական գործառոյթներից են՝ աշխատակիցների առողջապահական խնդիրների, մասնագիտական զարգացման, վերապատրաստման ծրագրերի, յաւելավճարների հարցերով համակարգուած աշխատանքը: SEIU-ն ունի տարբեր մասնաճիւղեր, որոնցից է նաեւ Հանրային ոլորտի աշխատակիցների Միջազգային միութեան Տեղական 721ը (SEIU Local 721)ը, որ ունի աւելի քան 80 հազար անդամ Հարաւային Կալիֆորնիայում: Լոս Անջելեսի քաղաքապետարանի եւ գաւառի պետական համակարգի հանրային ծառայութիւնների ոլորտում աշխատում է շուրջ տասը հազար հայ: Նրանց շահերն առաւել համակարգուած ներկայացնելու, իրենց իրաւունքների մասին մշտապէս տեղեկացնելու եւ հայկական հարցերը երկրի պետական ատեաններում ներկայացնելու նպատակով Արհմիութեան աշխատակից Շուշան Քեւրանեան Բախբուդարեանը մտահաղանում է SEIU Local 721-ի ներքոյ հիմնել Հայկական կոմիտէ: Համախոհների օգնութեամբ նա կարողանում է լաւագոյնս իրականացնել իր գաղափարը եւ այսօր արդէն Հայկական կոմիտէն ունի բազմաթիւ ակտիւ անդամներ, գործադիր խորհուրդ եւ ակտիւօրէն մասնակցում է թէ՛ արհմիութեան աշխատանքներին եւ իր նշանակալի ներդրումն ունի հայ համայնքի կեանքում: Հայկական կոմիտէն մեծապէս աջակցում է հայ աշխատակիցներին՝ կազմակերպելով վերապատրաստման ու տեղեկատուական ձեռնարկներ, ինչի արդիւնքում դիւրանում է մասնագիտական առաջընթացը, նաեւ ակտիւօրէն ներգրաւուած է ամերիկահայ աշխատակիցների շահերի պաշտպանութեան հարցերում: Հայկական կոմիտէի ներկայի ատենապետն է æորջ Մադոյեանը: