Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մեսրոպեան Ազգային վարժարանը, հայկական առաջին ամէնօրեայ կրթօջախը Միացեալ Նահանգներում, նշում է հիմնադրման 50ամեակը: «Աւանդոյթ, Նորարարութիւն, Գերազանցութիւն» կարգախօսով առաջնորդուելով, այս վարժարանը կէս դար շարունակ հայեցի կրթութեան ու դաստիարակութեան դարբնոց է եղել հայ սերունդների համար՝ միաժամանակ դառնալով այն առանցքը, որի շուրջ ձեւաւորուել է Մոնթեբելլոյի եւ յարակից շրջանների հայ համայնքը: Մեսրոպեան Ազգային վարժարանի Փետրուարի 20ին նախատեսուած յոբելեանական տարեդարձի հանդիսութիւնը նաեւ աւետելու է, որ յաղթահարելով բազմաթիւ փորձութիւններ, այս կրթօջախը շարունակում է լինել հայապահպանման փարոս՝ հաւատարիմ տեսլականին, որ սահմանել էին հիմնադիրները: Նրանց ժառանգութիւնը պահպանել են եւ շարունակում են ժամանակի պահանջներին համահունչ զարգացնել նուիրեալներ, ում համար ազգապահպանումը սուրբ առաքելութիւն է: Մեսրոպեան Ազգային վարժարանի զօրացումը համախմբուած աշխատանքի արդիւնք է, որին մասնակից են կրթօջախի ուսուցչական անձնակազմը, ծնողները, շրջանաւարտները, համախոհները, հայ եկեղեցին, տարբեր կազմակերպութիւններ ու միութիւններ:
«Մեսրոպեան Ազգային վարժարանի 50ամեակի հանդիսութիւնը լաւագոյն առիթ է ամփոփելու անցած ուղին, նշելու ձեռքբերումները եւ ներկայացնելու մեր ապագայի տեսլականը», զրոյցում նշում են նուիրեալները՝ կրթօջախի շրջանաւարտ եւ տնօրէն Դաւիթ Ղուկասեանը, հիմնադիրներից՝ Մկրտիչ Մոսիկեանի դուստր Գոհար Գաբրիէլն ու մանկամսուրի տնօրէնուհի Անգին Իսկաջեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնադրուելով 1965թ.ին Մոնթեբելլոյում, Մեսրոպեան վարժարանը դարձաւ նաեւ Հարաւային Կալիֆորնիայում հայ համայնքի ձեւաւորման գլխաւոր նախադրեալներից: Կրթօջախի պատմութիւնը նաեւ այս շրջանի հայերի անցած ուղին է խորհրդանշում, եւ վարժարանի յիսունամեակը նաեւ համայնքի անցած ուղու իւրատեսակ ամփոփումն է:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Մոնթեբելլոյի եւ շրջակայ հայ համայնքի կազմաւորումը սկսուել է 1950ականներից՝ Գերմանիայի կողմից գերեվարուած եւ այնուհետեւ ԱՄՆ տեղափոխուած ռուսահայերի կողմից: Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, 1948 թուականին «Հայրենազուրկ հայերի օգնութեան ամերիկեան ազգային կոմիտէն» (ANCHA-ԱՆՉԱ), որի նախագահն էր Ջորջ Մարտիկեանը, մինչեւ 1952 թուականը Եւրոպայում յայտնուած շուրջ 4500 ռազմագերի-տարագրեալ հայերի փոխադրում եւ բնակեցնում է Ամերիկայում: Դեռ Գերմանիայի ճամբարներում այս հայերը, որոնց թւում էին նաեւ Մեսրոպեան վարժարանի հիմնադիրները, ստեղծել են իրենց եկեղեցին, թատերախումբ, դպրոց, երգչախումբ՝ հիմնելով կարծես փոքր Հաայստան: Երբ այս մարդիկ տեղափոխւում են Մոնթեբելլօ, որոշում են հիմնել ամէնօրեայ Ազգային վարժարանը: Այդ նուիրեալներն էին Մկրտիչ Մոսիկեանը, Կիրակոս Մագտեսեանը, Վաղարշակ Դիլանեանը, Արշաւիր Պետրոսեանն ու Գրիգոր Պետրոսեանը: Նրանց համար վարժարանը միակ միջոցն էր պահպանելու ազգային ինքնութիւնն օտար ափերում, եւ 1965թ.ին ստեղծւում է Միացեալ Նահանգներում առաջին ամէնօրեայ՝ Մեսրոպեան Ազգային վարժարանը, որ բացւում է սկզբում որպէս մանկապարտէզ-նախակրթարան, անուհետեւ՝ ամէն տարի աւելանում են դասարաններ: Յատկանշական է, որ կրթօջախն ունի շատ բարերարներ, սակայն կրում է ուսուցչապետի՝ Մեսրոպ Մաշտոցի անունը: Այս դպրոցի շուրջ համախմբւում են տեղի եւ շրջակայ համայնքի հայերը, միութիւնները, եւ այն դառնում է հայապահպանման իւրատեսակ կենտրոն: 50 տարի շարունակ, ինչպէս մեր կարգախօսն է ասում՝ պահպանում ենք աւանդոյթները, միաժամանակ աշխատելով նորարարական միջոցներով զարգացնելու վարժարանն ու լաւագոյնս առաջնորդելու մեր նոր սերունդներին:
ԳՈՀԱՐ ԳԱԲՐԷԼ.- Շատ փոքր էի, երբ հայրս ընկերների հետ միասին հիմնեցին այս դպրոցը, սակայն յուշերումս վառ է, թէ ինչպիսի հոգատարութեամբ էին նրանք փայփայում վարժարանը: Յիշում եմ, թէ ինչպէս էր հայրս իր ձեռքերով տնկում վարժարանի բակի իւրաքանչիւր ծառ, եւ խնամում այգին, թէ ինչպէս էին ֆինանսական միջոցներ փորձում հայթայթել երազանքն իրականացնելու համար: Նրա այդ նուիրումը փոխանցուել է նաեւ ինձ, եւ Մեսրոպեան վարժարանն ինձ համար երկրորդ տուն է, ընտանիք, որտեղ սովորել են նաեւ իմ երեխաները: Այս կրթօջախը հօրս երազն էր, եւ ես ցանկանում եմ, որ այն միշտ գործի ու ծառայի իր հիմնական՝ ազգապահպանման մեծ նպատակին: Համոզուած եմ, որ 50ամեակը նոր փուլ է խորհրդանշելու այս համահայկական նշանակութեան կառոյցի համար:
ԱՆԳԻՆ ԻՍԿԱՋԵԱՆ.- Դպրոցը ծնուել է համայնքի կողմից եւ դարձել է այն մշակութային կենտրոնը՝ Ս. Խաչ Մայր տաճարի հովանաւորութեամբ, որի շուրջ համախմբուել են ՀՅԴն ու յարակից կազմակերպութիւնները՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը, Հայ Դատի յանձնախումբը, Հայ Օգնութեան Միութիւնը, ՀՄԸՄը: Վերջին մի քանի տարիներին մեր դպրոցը, որ դժուար ժամանակներ էր ապրում, կարծես նոր շունչ է ստացել եւ վերականգնում է նախկին փառքը, միաժամանակ՝ աշխուժացնելով Մոնթեբելլոյում գործող Հայ կենտրոնը: Այնտեղ, մեր դպրոցի աշակերտների միջոցով նաեւ ստեղծուել է ազգային ոգով լի միջավայր, որ գրաւում է այն հայ ընտանիքների երեխաներին, ովքեր այլ առիթներ չունեն հաղորդակից լինելու հայկականին: Վարժարանի 50ամեակի տօնակատարութիւնը կարծես նոր շունչ ու ոգի է հաղորդելու մեր ընդհանուր գործին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ժամանակին, լինելով առաւել հայահոծ շրջանում, վարժարանը թերեւս աշակերտների խնդիր չի ունեցել: Այսօր ինչպէ՞ս է յաջողւում ներգրաւուել հայ երեխաների:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- 2013թ.ի ուսումնական տարուց սկսած, մեր աշակերտների թիւը սկսել է սրընթաց աճել, ինչն օրհնութիւն է մեզ համար: Մոնթեբելլոյում շուրջ հարիւր հայ աշակերտ կայ, սակայն ուրախութեամբ պէտք է նշեմ, որ մեծամասնութիւնը հէնց մեր դպրոց են յաճախում: Մեր աւագ դպրոցի աշակերտների թիւը գրեթէ հաւասար է Մոնթեբելլոյում գործող միւս երեք աւագ դպրոցների աշակերտների քանակին: Միաժամանակ, վերջին շրջանում Մեսրոպեան վարժարան են գալիս Գլենդելից, Հանթինգթոն Բիչից, Փասադենայից, Չինօ Հիլզից, Օրէնջ Քաունթիից, Պիկօ Ռիւիերայից, Բրբենքից, Արքադիայից, Գլենդորայից եւ մի շարք այլ քաղաքներից, տեղափոխւում են նաեւ հանրային եւ մասնաւոր դպրոցներից: Այս պահին ունենք 221 աշակերտ, տոկոսային առումով այս թիւը 2013ից աճել է շուրջ 47 տոկոսով: Իրականում, մեր վարժարանը կենտրոնացած է որակի բարձրացման ուղղութեամբ, եւ նոր աշակերտները մեր այդ աշխատանքի արդիւնքն են: Մեսրոպեան վարժարանը վերջին շրջանում յատկապէս արժանանում է գովասանքի նաեւ ամերիկեան տարբեր գնահատող կազմակերպութիւնների կողմից, եւ արդիւնքում, մենք ունենք նաեւ օտար աշակերտներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէս նշեցիք, աշակերտների թուի աւելացումը յատկապէս վարժարանի կրթական որակի բարձրացման արդիւնք է: Ի՞նչ չափանիշներով էք առաջնորդւում:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Մեսրոպեան Ազգային վարժարանն ունի հարուստ ժառանգութիւն, որ ընդգրկում է ոչ միայն մեր դպրոցի եւ տեղական համայնքի՝ նաեւ հայ մշակոյթի, կրօնի, պատմութեան աւանդոյթները: Միաժամանակ, մեր կարգախօսն է նորարութիւնը, այսինքն՝ մեր վարժարանում պատրաստում ենք նաեւ այս երկրի լիարժէք քաղաքացու: Մենք երբեք չենք խօսում ձուլման մասին, այլ՝ համաչափ եւ հաւասարակշռուած ինտեգրման ամերիկեան հասարակութեան մէջ՝ հաւատարիմ ազգային ինքնութեանը: Մեսրոպեան վարժարանի իւրաքանչիւր աշակերտ նաեւ հայ ազգի դեսպան է կարծես՝ իր կերպարով, ով յետագայում գործուն դեր է ունենում հայկական հարցերի արծարծման գործում, եւ աջակցում է հայապահպանմանը: Մեր աշակերտները դիւրութեամբ են գործում թէ՛ հայկական, թէ՛ ամերիկեան աշխարհում եւ ունենք բազմապիսի օրինակներ:
Մեսրոպեան Ազգային վարժարանի կարգախօսներից է նաեւ գերազանցութիւն ամէն ինչում, եւ այս առումով էլ փաստը մեր շրջանաւարտներն են, ովքեր շարունակում են ուսումը լաւագոյն համալսարաններում, այդ թւում՝ «Սթենֆորդ», «Բըրքլի», «Եու.Սի. Էլ.Էյ.» եւ այլ, միաժամանակ, զբաղեցնում են բարձր պաշտօններ: Մեր աշակերտների պատրաստութիւնը սկսւում է մանկամսուրից եւ նոյն որակով շարունակւում մինչեւ 12րդ դասարան:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ առանձնայատկութիւններ ունի Մեսրոպեան վարժարանը:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Իւրաքանչիւր աշակերտ մեզ համար մի աշխարհ է, եւ ներդնում ենք մեր բոլոր ջանքերը նրանց լաւագոյնը տալու համար: Մեր վարժարանում կիրառւում են մեթոդներ, որոնք չէք հանդիպի այլ դպրոցներում: Օրինակ, մենք յատուկ հոգեբանական մեթոդներ ենք կիրառում երեխաների վարքի հետ կապուած, որ հիմնուած է գիտական ուսումնասիրութեան վրայ: Զբաղւում ենք երեխայի դաստիարակութեամբ, եւ այդ հարցում օրինակ բացառում ենք որեւէ պատիժ, փոխարէնը՝ նրանց համար ստեղծում ենք իրավիճակներ, որ պատասխանատուութեան եւ օգտակարութեան զգացում է առաջացնում երեխայի մօտ, ինչն ազդում է նաեւ առաջադիմութեան վրայ: Այս առումով նաեւ չափազանց կարեւոր է մանկավարժի եւ ծնողի դերը, ուստի անցկացնում ենք յատուկ ծրագրեր նաեւ ուսուցիչների համար, ինչպէս նաեւ՝ մշտապէս հանդիպումներ ենք ունենում ծնողների հետ: Այդպիսով, փորձում ենք ստեղծել բնական մի կապ, որ աշակերտի համար մեր ստեղծած ներդաշնակ միջավայրը շարունակուի նաեւ տանը:
Մեսրոպեանում նորարարութիւնները մեծապէս ուղղուած են նաեւ կրթութեան որակի բարձրացմանը, այդ թւում՝ նորագոյն տեխնոլոգիաների ներառմամբ: Մեր դպրոցն այսօր յագեցած է արդիական սարքերով, ունենք համակարգչային յատուկ ծրագիր, որ Արեւմտեան Ամերիկայի առաջին դպրոցն ենք, որ կիրառում ենք: Սակայն, այս հարցում եւս հաշուի ենք առնում տեխնոլոգիաների օգտագործման ճիշդ չափաբաժինը մեր աշակերտների համար:
ԱՆԳԻՆ ԻՍԿԱæԵԱՆ.- Առողջ եւ համապարփակ զարգացման համար երեխան պէտք է ունենայ իրական փորձառութիւններ, օրինակ առանց էկրանի մանկութիւն: Մենք երեխային տալիս ենք բնական զգացողութիւնների առիթ՝ շփուելու բնութեան հետ, բանջարանոցում զբաղուելու բոյսերի մշակմամբ, եւ սա պայմաններ է ստեղծում նաեւ երեխաների միմեանց հետ հաղորդակցուելու եւ ձեւաւորելու փոխյարաբերութիւններ: Մեր դպրոցն առանձնայատուկ է նաեւ նրանով, որ մանկամսուրից մինչեւ երկրորդական վարժարան բոլոր դասասենեակները գտնւում են մէկ տարածքում՝ երկուսից մինչեւ 18 տարեկան մեր աշակերտները գտնւում են նոյն ուսուցիչների հսկողութեան ու խնամքի ներքոյ եւ մեր անձնակազմը ուրախութեամբ է արձանագրում նրանց զարգացումը: Սա շատ կարեւոր է, կարծում եմ, երբ վարժարանը դառնում է ընտանիքի նման, որտեղ տիրում է ջերմ ու ներդաշնակ մթնոլորտ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր շրջանաւարտները շարունակո՞ւմ են վարժարանի մեծ ընտանիքի մաս կազմել:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Աւարտելուց յետոյ մեր աշակերտները շարունակում են ներգրաւուած մնալ դպրոցում Շրջանաւարտների միութեան՝ «Քլաբ Մեսրոպեան»ի միջոցով: Մեզ մօտ ուսանած աշակերտներից շատերը մեծ յաջողութիւնների են հասել եւ բարձր պաշտօններ ունեն տարբեր ոլորտներում, եւ նրանք միշտ պատրաստ են օգտակար լինել վարժարանին: Օրինակ, Ցանցային եւ Խորհրդատուական ծրագրի շրջանակներում մեր իրաւաբան, բժիշկ, տեղեկատուական տեխնոլոգիաների, հանրային ծառայութիւնների եւ այլ ոլորտների մասնագէտ շրջանաւարտները անհատական խորհրդատուութիւն են տրամադրում դպրոցի իւրաքանչիւր աշակերտի՝ իրենց նախընտրած ոլորտում: Պէտք է հպարտութեամբ նշեմ, որ 1970ականներից մինչ մեր վերջին տարուայ շրջանաւարտները երբեք չեն մերժել մեզ որեւէ հարցում, եւ յաճախ իրենք են հանդէս գալիս նախաձեռնութիւններով: Մեր շրջանաւարտներն օգնում են մեզ նաեւ դրամահաւաքների հարցում, զբաղւում են կառուցողական աշխատանքով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մեսրոպեան վարժարանի յաջողութեան գրաւականներից է միասնութիւնը յանուն մեծ առաքելութեան, որ դրսեւորւում է այս կրթօջախի շուրջ հաւաքուած իւրաքանչիւր նուիրեալի գործում:
ԴԱՒԻԹ ՂՈՒԿԱՍԵԱՆ.- Մեր հիմնադիրներն ու բարերարները՝ ի դէմս Մկրտիչ Մոսիկեանի, կնքահօր պէս են եղել դպրոցի նկատմամաբ՝ նշանաբանով, որ «ոչ մի երեխայ չպիտի զրկուի հայեցի դաստիարակութիւնից եւ որակաւոր ուսումից որեւէ պատճառով»: Այս նպատակն իրականացնելու համար հայկական կազմակերպութիւններն ու եկեղեցին մշտապէս զօրավիգ են եղել մեզ՝ ՀՅԴ «Դրօ» կոմիտէն, Ս. Խաչ եկեղեցին սահմանել են կրթաթոշակներ, որպէսզի օգնեն Ազգային վարժարանում ուսանել ցանկացող իւրաքանչիւր հայորդու: Նրանց միակ պահանջն է, որ այդ աշակերտներն ու նրանց ընտանիքները մաս դառնան համայնքի կեանքին՝ եկեղեցու, ՀԵԴի, ՀՄԸՄի, ՀՕՄի եւ Հայ կենտրոնի միջոցով: Սա նաեւ Մոնթեբելլոյի եւ յարակից շրջանների հայ կեանքի աշխուժացմանն ուղղուած քայլ է:
Միաժամանակ, մեր վարժարանի յաջողութիւնները մեծապէս նաեւ նուիրուած ու արհեստավարժ մանկավարժների աշխատանքի արդիւնքն են, որոնց թւում են հայ եւ օտարազգի մասնագէտներ: Մեսրոպեանի ուսուցչական կազմը խայտաբղետ է, եւ կազմուած է տարբեր երկրներից մասնագէտներով, ովքեր միախառնում են հայկական, իրենց ծնուած երկրի իւրայատուկ մշակոյթն ու ամերիկեան կրթութիւնը՝ բազմակողմանի կրթելով մեր աշակերտներին:
Մեսրոպեան վարժարանում շատ մեծ տեղ է յատկացւում գիտութեանն ու արուեստին: Մեր դասարաններն համալրուած են գիտական հետազօտութիւնների համար անհրաժեշտ գոյքով. լաբորոտորիան՝ կենսաբանութիւն, ֆիզիկա, քիմիա ուսանող աշակերտներին, տեսական գիտելիքները առաւել արդիական մեթոդներով փորձարկելու հնարաւորութիւն է տալիս: Գործում են գեղանկարչութեան, կաւագործութեան, ձեռագործի դասեր, որ դասաւանդում է մեր աւելի քան քսան տարուայ ուսուցչուհիներից Մալվինա Մակարեանը՝ տարբեր դասարանների համար մշակութաբանութեան, արուեստի պատմութեան եւ տեսական ու գործնական ծրագրերի շրջանակներում, երաժշտութեան դասընթացը վարում է յայտնի արուեստագէտ Գրեգ Հօշարեանը: Համակարգչային ծրագրերի նորամուծութիւններին ծանօթացնում է Մեսրոպեանի երբեմնի աշակերտ եւ «Եու.Էս.Սի.» համալսարանի շրջանաւարտ Հայկ Շահինեանը: Մեր հայոց լեզուի ուսուցչուհիներից Զեփիւռ Օհանեսեանն էլ կազմակերպում է աւագ դպրոցի սաների ամէնամեայ այցը Հայաստան: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ շրջանաւարտները նաեւ սիրով մաս են դառնում մեր անձնակազմի, ինչպէս օրինակ Ռազմիկ Սարգսեանը, ով ներկայում դասաւանդում է հայոց լեզու, պատմութիւն, Հայ Դատ, թուայնացուած մեդիա եւ տպագրութիւն, անգլերէն:
Մեսրոպեան Ազգային վարժարանում անմիջապէս նկատելի է խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտը, որ ստեղծել են պատասխանատուներն ու նուիրեալները: Ազգային դպրոցը հայապահպանման գլխաւոր կենտրոնն է Սփիւռքում եւ իւրաքանչիւրիս պարտականութիւնն է զօրավիգ կանգնել հայկական կրթօջախներին: Այստեղ է հայ մանուկին սերմանւում ազգային ինքնագիտակցութիւն, միաժամանակ՝ համամարդկային արժէքներ: Մեսրոպեան վարժարանի ռազմավարութիւնը ապագան նուաճող հետեւողական ծրագիրն է, եւ այն միանգամայն իրականանալի է, քանզի վարժարանը որդեգրել է գերազանցութիւն ամէն ինչում կարգախօսը: Մեսրոպեան Ազգային վարժարանի 50ամեակի հանդիսութիւնը կը համախմբի համայնքի տարբեր սերունդների, միաժամանակ պատուելով այն անհատներին ու միութիւններին, ովքեր մեծապէս նպաստել են վարժարանի եւ համայնքի զարգացմանը:
Տեղեկանք.- Մեսրոպեան վարժարանի տնօրէն Դաւիթ Ղուկասեանը նոյն կրթօջախի շրջանաւարտ է, եւ նախկինում եւս աշխատել է որպէս Մեսրոպեանի տնօրէն: Ղուկասեանը կրթական ոլորտում ունի բազմաթիւ տարիների փորձ՝ խորհրդատու է եւ վարժող: Դաւիթ Ղուկասեանի աշխատանքային կենսագրութեան մաս են կազմում Կալիֆորնիայի համալսարանի, Սան Դիեգոյի, Ըրվայնի եւ Ռիվերսայդի համալասարանների կրթական ընդլայնուած ծրագրերը: Նրա խորհրդատուութիւնից օգտւում են ազգային եւ միջազգային հանրային, մասնաւոր դպրոցները, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները: Դաւիթ Ղուկասեանը նաեւ գիտական ուսումնասիրութիւններ է կատարում՝ մասնաւորապէս ուղեղի հետազօտութիւններ, ուսումնական ոճերի, քննադատական մտքի, դասարանային ղեկավարման եւ այլ ճիւղերում:
Այս Էջը Կը Հովանաւորեն
ՀԱՄՕ ԵՒ ԹԻՆԱ ԳԱՍՊԱՐԵԱՆՆԵՐ
—————————————————————————————
ԹՈՐԳՈՄ ՓՕՍԹԱՃԵԱՆ
——————————————————————————————
«ԱՍՊԱՐԷԶ»Ի ԲԱՐԵԿԱՄ ԸՆՏԱՆԻՔ ՄԸ
——————————————————————————————–
Ի Յիշատակ Ներսէս Եւ Իսկուհի Ֆունդուկեաններուն
Մալխասեան, Օհաննէսեան, Անմահունի Եւ Ֆունդուկեան Ընտանիքներ
———————————————————————————————–