Ապրիլի 24ին Չինաստանում ՀՀ դեսպանութիւնում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 101րդ տարելիցին նուիրուած յուշերեկոյ:
Յուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի եւ Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկութեան աշխատակիցները, ինչպէս նաեւ Պեկինում ապրող սփիւռքահայեր: Միջոցառմանը ներկայ էր ՀՀ դեսպանութեան անձնակազմը:
Յիշատակի միջոցառման սկզ-բում ներկաները դեսպանութեան տարածքում տեղադրուած խաչքարի մօտ կատարեցին ծաղիկների զետեղման եւ խնկարկման արարողութիւն, ինչպէս նաեւ տեղի ունեցաւ մոմավառութիւն:
Այնուհետեւ դեսպանութեան ընդունելութիւնների սրահում մէկ րոպէ լռութեամբ յարգուեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի զոհ դարձած զինուորների յիշատակը, որից յետոյ մասնակիցներին ողջունեց եւ ելոյթով հանդէս եկաւ ՉԺՀում ՀՀ դեսպան Սերգէյ Մանասարեանը:
ՀՀ դեսպանն իր ելոյթում նշեց, որ Հայաստանի Հանրապետութիւնն այսօր միջազգային ասպարէզում հանդէս է գալիս իբրեւ ցեղասպանութիւնների դէմ պայքարի առաջամարտիկ եւ այս օրերին Երեւանում ընթացող «Ընդդէմ Ցեղասպանութեան» երկրորդ գլոբալ ֆորումը նպատակ ունի բողոքի ձայն բարձրացնելու ցեղասպանութիւնների կանխարգելման եւ ժխտողականութեան դէմ, դատապարտելու մարդկութեան հանդէպ իրականացուող յանցագործութիւնները եւ համախմբելու ջանքերը՝ արդիւնաւէտ լուծումներ գտնելու, մեր օրերում վերստին հրատապութիւն ստացած երեւոյթների դէմ: Իր խօսքում դեսպանը նաեւ ընդգծեց, որ պատմական արդարութեան վերականգնման գործում ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ազգի պայքարը պէտք է լինի, այլ համայն քաղաքակիրթ մարդկութեան, որպէսզի բացառուի նման դաժան յանցագործութիւնների կրկնութիւնը:
ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծուած ներկայ իրավիճակը: Անդրադառնալով այս տարուայ Ապրիլի սկզբին Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային նշեց, որ ԼՂ խաղաղ բանակցութիւններին այլընտրանք չկայ, եւ որ հակամարտութիւնը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Ելոյթի աւարտին ցուցադրուեց օրուայ խորհրդին առնչուող վաւերագրական ֆիլմ, որին յաջորդեց ընդունելութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան 101րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Շանհայ, Հոնկոնգ, Նանկին, Գուանջոու եւ Շենժեն քաղաքներում:
«ՉԻՆԱՀԱՅ»
(chinahay.com)