ԵՐԵՒԱՆ.- ՄԱԿի մանկական հիմնադրամի (ԵՈՒՆԻՍԵՖի) հայաստանեան գրասենեակը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութիւնն այսօր հրապարակել են Հայաստանում առաջին ամբողջական ազգային վերլուծութիւնը մանկական բազմաչափ աղքատութեան վերաբերեալ: Իր տեսակի մէջ այս հետազօտութիւնն առաջինն է մեր տարածաշրջանում եւ հիմնուած է ազգային բազմակի եւ համընկնող խոցելիութեան վերլուծութեան մեթոդաբանութեան վրայ, որ մշակուել է ԵՈՒՆԻՍԵՖի Ինոչենտի հետազօտութիւնների գրասենեակի կողմից (Ֆլորենցիա): Զեկոյցը մանկական աղքատութեան վերաբերեալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում՝ ներառելով թէ՛ բազմաչափ, թէ՛ դրամական աղքատութիւնը, ինչպէս նաեւ՝ տուեալներ տրամադրում չափումների համընկման աստիճանի վերաբերեալ:
«Մանկական աղքատութիւնն աւելին է, քան պարզապէս դրամական կարիքը. այն բազմաչափ է: Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկուած լինել կեանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթութիւնը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն աւելին են, քան պարզապէս դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկայ կեանքի, այլեւ՝ յետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողութեան վրայ», նշել է Հայաստանում ԵՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Տանեա Ռադոչայը:
Վերլուծութիւնը չափում է կարիքաւորութիւնը մի շարք չափումներով, որոնք ընտրուել են շահագրգիռ կողմերի հետ խորհրդատուական լայնածաւալ գործընթացի արդիւնքում՝ խարսխուելով նաեւ Երեխայի իրաւունքների մասին կոնվենցիայի վրայ: Դրանք են՝ սնուցումը, վաղ մանկական կրթութիւնն ու խնամքը, կրթութիւնը, ժամանցը, սոցիալական փոխյարաբերութիւնները, հագուստի առկայութիւնը, տեղեկատուութիւնը, կոմունալ եւ տնային պայմանները: Զեկոյցի մեթոդաբանութեան հիմնական ա-ռանձնայատկութիւններից մէկը կենսափուլային մօտեցումն է. տարբեր տարիքի երեխաներ ունեն տարբեր կարիքներ: Ուստի վերլուծութեան հիմքում ընկած են երեք հիմնական՝ 0-5, 6-14 եւ 15-17 տարիքայինխմբեր:
Գիւղաբնակ երեխաների 82 տոկոսը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53 տոկոսն է խոցելի: Գիւղ-քաղաք այս կտրուկ տարբերութիւնների հիմքում ընկած է կոմունալ պայմանների (87 տոկոս) եւ տեղեկատուութեան հասանելիութեան սահմանափակ լինելը (57 տոկոս), մինչդեռ սա ճշմարիտ է քաղաքաբնակ երեխաների միայն 1/3ի դէպքում: Ի դէպ, զրկանքների բաշխման կամ աղքատութեան կոնկրետ չափումների առումով չկան նշանակալից գենդերային տարբերութիւններ:
Երբ բազմաչափ աղքատութիւնը համադրւում է դրամական աղքատութեան հետ, իւրաքանչիւր 3 երեխայից 1ը թէ՛ աղքատ է, թէ՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է է 2 եւ աւելի շեմերում եւ աղքատ է: Այս երեխաները հասարակութեան ամենախոցելի հատուածն են, եւ նրանց պէտք է առաջնահերթութիւն տրուի սոցիալական քաղաքականութեան տեսանկիւնից: Երեխաների 36 տոկոսը կարիքաւոր է, բայց ոչ աղքատ: Այս երեխաներին անհրաժեշտ է անմիջական միջամտութիւն՝ խոցելիութիւնը վերացնելու համար, քանի որ նրանք կարող են դուրս մնալ այն քաղաքականութիւններից, որոնք ուղղուած են միայն նիւթական աղքատութեան յաղթահարմանը:
Վերլուծութիւնը կարեւոր տուեալներ է հաղորդում ոչ միայն սոցիալական քաղաքականութեան մշակման համար՝ երաշխաւորելու, որպէսզի երեխաները պաշտպանուած լինեն ռիսկերից, այլեւ՝ ընդլայնելու այն ծառայութիւնների հասանելիութիւնը, որոնց կարիքը երեխաներն ունեն: Անկախ օգտագործուող մեթոդաբանութիւնից, վիճակագրութիւնը մեզ յուշում է, որ երեխաներն աւելի քան որեւէ տարիքային խումբ, ենթակայ են աղքատութեան ռիսկին: Մանկական աղքատութիւնը վերացնելը մարտահրաւէր է շատ երկրների համար եւ առանցքային խնդիրներից է: