Ս.թ. Սեպտեմբերի 21ին Սանկտ-Պետերբուրգում Տաւրիդեան պալատի Եկատերինինսկի դահլիճում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան անունից տեղի է ունեցել ընդունելութիւն նուիրուած ՀՀ Անկախութեան 25րդ տարեդարձին:
Ընդունելութեանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնուող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՌԴ ԱԳՆի, Սանկտ-Պետերբուրգի կառավարութեան, Լենինգրադի եւ Վոլոգդայի մարզերի իշխանութիւնների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցիչներ, գիտական եւ մշակութային յայտնի գործիչներ, ՌԴ հիւսիս-արեւմտեան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականներ:
Ընդունելութեանը ելոյթով հանդէս եկաւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանը, ով անդրադառնալով ՀՀ 25ամեայ անկախութեան կարեւոր փուլերին, ընդգծեց. «Անկախ Հանրապետութեանը բնորոշ իրաւական, տնտեսական, սոցիալական եւ այլ բնագաւառներում համակարգային փոփոխութիւններին զուգահեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպուած է դիմագրաւել Ղարաբաղեան պատերազմից բխող արտաքին վտանգներին ու անվտանգութեան սպառնալիքներին:
Անկախ Հայաստանը փաստօրէն իր հռչակումից ի վեր գտնւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մէջ եւ իր ժողովրդին սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգի առջեւ: Եւ չնայած այս ամէնին, Հայաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրայ: Օրեր առաջ ամբողջ աշխարհի հայերը տօնում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25 ամեակը:
Ստալինեան այսպէս ասած ազգային քաղաքականութեան հետեւանքով Ադրբեջանի կազմում դարասկզբին յայտնուած Ղարաբաղի հայութիւնը, որն իր ազատ ինքնորոշման կամքն արտայայտել է միջազգային իրաւունքի բոլոր նորմերին համապատասխան, այս 25 տարում ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ապրելու իրաւունքը: Բոլոր բիրտ ուժի դրսեւորումները ինչպէս դա եղաւ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը փորձեց մի քանի օրում նենգ յարձակումով բնաջնջել Ղարաբաղի հայութեանը, մատնուած են անյաջողութեան եւ ինչպէս այս անգամ էլ կ՛արժանանան հուժկու հակահարուածի:
Ապրիլեան այդ մի քանի պատերազմական օրերը եւս եկան ապացուցելու, որ մէր հարեւան երկիրը դեռեւս չի հրաժարուել խնդիրը ռազմական բիրտ ուժով լուծելու մտադրութիւնից եւ աւելին իր գործելակերպը համալրել է իսլամական պետութիւն կոչուած ահաբեկիչների մեթոդներով ու սադիզմով՝ մասնաւորապէս զինուորներին գլխատելով եւ իր ժողովրդին ի ցոյց դնելով:
ԼՂՀն երբեք չի կարող խաղաղ գոյատեւել Ադրբեջանի կազմում եւ աշխարհասփիւռ հայութիւնը երբեք թոյլ չի տայ նոր ցեղասպանութիւն ինչպէս դա եղաւ 1915 թ.ին եւ այնուհետեւ Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում: Հայ ժողովուրդը, որպէս հազարամեակների մշակոյթը կրող ազգ, ուզում է խաղաղ ապրել եւ արարել: Մենք կողմ ենք եւ պաշտպանում ենք Ղարաբաղեան խնդրի լուծման Մինսկի խմբի եւ յատկապէս գնահատում ենք եռանախագահ անդամ երկիր Ռուսաստանի եւ նրա Նախագահ Վ. Պուտինի ակտիւ ջանքերը՝ խնդրի խաղաղ կարգաւորման գործում»:
Այնուհետեւ ելոյթներով հանդէս եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սանկտ-Պետերբուրգի կառավարութեան փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեւալովը, Լենինգրադի մարզի կառավարութեան արտաքին կապերի կոմիտէի նախագահ Անդրէյ Մինինը, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարեանը, Սանկտ-Պետերբուրգում Վոլոգդայի մարզի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան:
ՀՀ Անկախութեան 25րդ տարեդարձի կապակցութեամբ ՀՀ գլխաւոր հիւպատոսին եւ ողջ հայ ժողովրդին շնորհաւորական ուղերձներ եւ մաղթանքներ էին յղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գէորգի Պոլտաւչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը եւ Կալինինգրադի նահանգապետի պաշտօնակատար Եւգենի Զինիչեւը:
Վերջում տեղի ունեցաւ տօնական ընդունելութիւն: