ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայազգի Սեւակ Խանաղեանը յայտարարուել է Ուկրաինայի «Իքս Ֆակտոր» (X Factor) նախագծի եօթերորդ եթերաշրջանի յաղթող՝ Դեկտեմբերի 24ին կայացած գալա-համերգի ժամանակ: Նրա մրցակիցն այս փուլում եղել է ուկրաինական «Դիթեչ» (Detach) ռոք խումբը:
Նախագծի ընթացքում, Սեւակը մշտապէս եղել է առաջատար՝ արժանանալով ժիւրիի դրուատանքին ու հանդիսատեսի հիացմունքին: Խանաղեանը, «Իքս Ֆակտոր»ի շրջանակներում կատարել է նաեւ իր հեղինակային երգերը, որոնցից մէկը նուիրուած է Արցախին: «Ես շատ հպարտ եմ իմ հայ լինելով, եւ այդ երգի մէջ իմ ժողովրդի պատմութեան մի մասնիկն է», նշել է երաժշտութեան հեղինակը:
Սեւակ Խանաղեանը ծնուել է 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծաւան գիւղում: 7րդ դասարանում ծնողների հետ տեղափոխուել է Մոսկուա: Երաժշտութեամբ սկսել է զբաղուել եօթ տարեկանից: Սկզբնական կրթութիւնը ստացել է Մեծաւան գիւղի երաժշտական դպրոցում, այնուհետեւ աւարտել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ա-կորդէոնի բաժինը եւ Մոսկուայի Մայմոնիդի անուան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:
Ապրելով Հայաստանից դուրս, երիտասարդ երգիչը մշտապէս պահպանել է կապը հայրենիքի հետ: «Ինչպէս ցանկացած մարդ, ով սիրում ու հպարտանում է իր հայրենիքով, ես նոյնպէս իմ հայրենիքի մասին գիտեմ ամէն ինչ, սակայն գերադասում եմ լռել զգացմունքներիս մասին, որովհետեւ այս պահին չեմ կարողանում արտայայտել այն խօսքերը, որոնք իրականում կը ցանկանայի ասել», հարցազրոյցներից մէկում նշել է Սեւակ Խանաղեանը:
Նա իր զգացմունքները լաւագոյնս արտայայտում է իր ստեղծագործութիւններում. Սեւակի «Հայրենիք» երգը, որի երաժշտութեան հեղինակը հէնց ինքն է, դարձել է աշխարհասփիւռ հայերի ամենասիրելի երգերից:
Երգը այստեղ՝