ԱՐՄԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Ի՞նչ վիճակում են մայրաքաղաքի եւ մարզային գրադարանները, ի՞նչ պարբերականութեամբ են թարմացւում գրապահոցները, ի՞նչ գրքեր են այսօր նախընտրում կարդալ մեր համաքաղաքացիները, եւ ընթերցանութիւնն այսօր ընկալւում է մոդայի՞կ, թէ ինքնազարգացման տարբերակ: «Ինչու»ների պատասխանները՝ «Ռադիօլուր»ի «Գրադարանների վիճակը 2016 թուականին» ռեպորտաժում:
2016ի լաւագոյն գիրք անուանակարգում դժուար է նշել մէկ ստեղծագործութիւն եւ ստեղծագործողի անուն, քանի որ ընթերցողները շատ են, նախասիրութիւնները՝ բազմաշերտ: «Ռադիօլուր»ը տարբեր հասարակական շերտերի հետ զրոյցների ընթացքում ամբողջացրել է շուրջ 10 անուն գիրք, որոնք եղել են պահանջուած եւ նոյնքան էլ ստեղծագործողներ, որոնց անունները փնտռուել են որոնողական կայքերում: Մինչ կը ներկայացնենք մեր փոքրիկ հարցախոյզի արդիւնքները՝ փոխանցենք Bloom-berg պարբերականի տուեալներն աշխարհում ամենավարկանիշային գրքերն առանց ժանրային եւ տարիքային սահմանափակման: Առաջին տասնեակում են յայտնուել Սառա Չէյզի «Պետութեան Գողերը. Ինչու Է Կոռուպցիան Վտանգում Գլոբալ Անվտանգութեանը», Անջելա Դուվորթի «Գրիթ. Կրքի Եւ Յամառութեան Ուժը» եւ Փիթեր Ֆրանկոպանի «Մետաքսէ Ճանապարհը. Աշխարհի Նոր Պատմութիւնը» գրքերը: Ցուցակում յայտնուած ստեղծագործութիւններից շատերը նուիրուած են տնտեսագիտութեանը եւ քաղաքականութեանը, սակայն այլ թեմաներ նոյնպէս հետաքրքրում են ընթերցողներին՝ Էդ Կաթմուլի «Անտեսանելի Ուժերի Յաղթահարումը, Որոնք Կանգնած Են Իրական Ոգեշնչման Ճանապարհին» ստեղծագործութիւնից մինչեւ æոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը Եւ Անիծուած Երեխան»: Այժմ ինչն է աւելի հետաքրքրում հայ ընթերցողին: Մեր հարզախոյզի ամփոփիչ արդիւնքները ներկայացնում է Ա. Իսահակեանի անուան գրադարանի «Խաժակ Գիւլնազարեան» մասնաճիւղի գրադարանավարուհի Մերի Բադալեանը, նաեւ կը զուգահեռենք մեր եւ Bloomberg-ի կազմած ցուցակը։
Եթէ ամբողջացնելու լինենք, ապա կարող ենք ասել, որ երիտասարդները նախընտրում են սիրային ստեղծագործութիւններ եւ պարտադրուած մասնագիտական գրականութիւն, մեծահասակները՝ դասականների գործեր, ինչպէս նաեւ՝ նորաձեւ եւ գովազդուող գրականութիւն, իսկ երեխաները՝ նկարազարդ գրքեր: Սիրային պատմութիւններին նախապատուութիւն տալու վերաբերեալ 25ամեայ Մերին, ով մէկ տարի է, ինչ աշխատում է գրադարանում, իր կարծիքն ունի. «Երիտասարդները ժամանակի ու շրջապատի ազդեցութեան ներքոյ են ընտրութիւն կատարում, ինչու չէ՝ նաեւ գարնանային զարթօնքի ու ներքին հոգեվիճակի»:
Իսկ այն, որ գրադարանավարն է կապ ստեղծում գրքի եւ ընթերցողի միջեւ՝ կը փաստեն բոլոր ընթերցասէրները: Այն, որ նրանց աշխատանքն այսօր համարւում է նուիրեալի գործ, ապացոյցն է ամսական աշխատավարձի չափը՝ 60-80 հազար դրամ: Մէկ այլ խնդիր էլ կայ լաւ գրադարանավար ունենալու հարցում. բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները բաւականաչափ համապատասխան կադրեր չեն պատրաստում: 24ամեայ Վարդիթեր Համբարձումեանը, ով նոյնպէս մէկ տարի է, ինչ գրադարանավարի կոչումն ունի, առանձնացնում է այն կարեւոր յատկանիշները, որոնցով պէտք է օժտուած լինի աշխատակիցը:
Գրադարանավարի դերը կարեւորում է նաեւ Ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանը՝ նշելով, որ շատերը չեն տիրապետում գրադարանավարի գործին, ու ներկայացնում ընդհանուր վիճակագրութեան ՀՀում գործող գրադարանների թուի վերաբերեալ: Եւ այսպէս, 2005 թուականին հանրապետութիւնում գործել է 1315 գրադարան, որից այսօր ընթերցասէրների առջեւ իր դուռն է բացում 834ը:
Ինչո՞ւ է պակասում գրադարանների թիւը, արդեօք այսօր առցանց ընթերցանութիւնը ստուերո՞ւմ է գիրք թերթելու հաճելի ցանկութիւնը: Ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանը, համեմատելով արտերկրում եւ մեր երկրում գործող պահոցների ընդհանրութիւնները, ցաւով է նշում, որ տարբերութիւնները շատ են՝ նոր գրքերով համալրումից մինչեւ բարեկեցիկ պայմաններ, ու ամենակարեւորը՝ հոգածութիւն եւ ներդրումներ: Տիգրան Զարգարեանն ասուածը հիմնաւորում է մարզերում գրադարանների անմխիթար վիճակով: «Եթէ համայնքապետը ընթերցասէր է ու կարեւորում է գրքի դերը, ապա այդ համայնքում գործում է բարելաւուած պայմաններով ու համեմատաբար նոր գրքերի համալրմամբ գրադարան, իսկ եթէ գիւղապետի համար նիւթը առաւել է գրքից, ապա այդ համայնքներում փակւում են պահոցներն, ու գրադարանավարի հաստիքն օգտագործւում միայն որպէս հաստիք», ընդգծում է Տիգրան Զարգարեանը:
Փակման եզրին կանգնած գրադարանների փրկութեան ի՞նչ ծրագիր կայ, «Ռադիօլուր»ի հարցին Զարգարեանը պատասխանեց. «Մշակոյթի նախարարութիւնը ՏԻՄ հետ ծրագիր է մշակում գրադարանները փրկելու համար: Երեւան քաղաքում գրադարանների վիճակը լաւ է, աջակցութիւնը քաղաքապետարանի, գրադարանների տնօրէնի եւ սրտացաւ աշխատակիցների կողմից բաւարար է՝ պահոցներ այցելելը հաճելի ու ցանկալի դարձնելու համար»:
Պայմանները գրաւիչ դարձնելուն զուգահեռ՝ գրադարաններն այսօր ժամանակակից նորացուած գրականութեան կարիք ունեն: Թէեւ գրադարանների գործունէութիւնը կարգաւորող օրէնքը սահմանում է, որ ե՛ւ հրատարակչութիւնը, ե՛ւ գրողը պէտք է գրքի մէկ օրինակ նուիրաբերեն գրադարանին, սակայն դա չի արւում: Մասնաւորապէս՝ հրատարակիչները դա պայմանաւորում են ֆինանսական կորստով, որը ոչ ոք չի փոխհատուցի: Խնդիրը կայ եւ լուծում կը ստանայ միայն օրէնսդրական կարգաւորման դէպքում՝ ասում է Ազգային գրադարանի տնօրէնը: