Ուրախութիւնն ու հոգեկան բաւարարութիւնը մեծ է, երբ ներս ես մտնում մանկական պարզ ու ջինջ, գունեղ աշխարհ: Գնահատելի ու կարեւոր աշխատանք են տանում յատկապէս նրանք, ովքեր աշխատում են մանուկների հետ եւ իրենց աշխատանքով բացայայտում ու զարգացնում են մանուկների ներաշխարհը:
Մանուկների ներաշխարհը ի ցոյց դնելու ու այդ աշխարհը թափանցելու գեղեցիկ միջոցառում կար՝ սոյն թուականի Մարտի 4ին, ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» Մասնաճիւղի դահլիճում, ուր կազմակերպուել էր Creative Lounge Art Studio յաճախող մանուկների նկարչութեան ցուցահանդէսը: Դա այս կենտրոնի հիմնադրութեան 5րդ տարեդարձի առիթով ու մանկական նկարչութիւնների 4րդ ցուցահանդէսն էր: Կենտրոնի հիմնադիրն ու պատասխանատուն Արմինէ Հաւան-Նաջարեանն է, որ օգնական ունի Քարոլին Այվազեանին: Նրանք՝ իրենց մասնագիտական աշխատանքով, կրթում են մանուկների հոգին, որ խոր ու բազմաշերտ է, եւ այս ցուցահանդէսն այցելողները՝ բոլորը, եզրակացրեցին նոյնը, որ հոգու ներաշխարհը արտացոլելու հնարաւորութեան դէպքում, ստացւում է անհաւատալի արդիւնք, եւ ի յայտ է գալիս մանուկների տաղանդը։
Դահլիճում փակցուած էին մանուկների ստեղծագործութիւնները՝ թղթի կամ կտաւի վրայ նկարչութիւնները, ու ամէն մէկի համար նշուած էր նկարողի անունը: Ցուցահանդէսը տեղի ունեցաւ երեկոյեան ժամը 4ից 6-ը: Իրենց ծնողների, տատիկների, պապիկների ու հարազատների հետ սրահ էին մտնում երեխաները, որոնք ուրախ ու խանդավառ շտապում էին ցոյց տալ իրենց նկարչութիւնները իրենց հարազատներին: Սրահ մուտք գործողների ձեռքում ծաղկեփնջեր ու նուէրներ կային, բոլորը ոգեւորուած էին, երեխաները աղմուկով շրջում էին ամէն կողմ ու նկարւում: Եւ իսկապէս անակնկալի էին եկել ծնողները, որոնք հիացմունքով նայում էին իրենց զաւակների ստեղծածը: Շատերի մօտ տպաւորութիւնն այն էր, որ ցուցահանդէսը ոչ թէ մանուկների աշխատանքն է, այլ արհեստավարժ նկարիչների: Երեխաները կարճ ժամանակում կարողացել էին իւրացնել նկարելու արուեստը, եւ այցելուների հոգեկան բաւարարութիւնը մեծ էր:
Այցելուները շարունակաբար գալիս էին եւ մթնոլորտը մտերմիկ ու հարազատ էր: Երեխաները սիրով ու յարգալից էին վերաբերւում իրենց դաստիարակներին, ու դրանից յստակ ու պարզ էր, որ նրանք սիրով են մասնակցում նկարչութեան դասարաններին: Առիթ ունեցայ հարցումներ ուղղելու մի քանի հոգու: Ցուցահանդէսից նրանց տպաւորութիւնը գերազանց էր, եւ բոլորը գոհ էին որ մեր քաղաքում կայ այս կենտրոնը, որտեղ հոգատար աշխատանքով կոփւում է երեխաների նկարագիրը, որը եւ կարեւոր ազդակ է նրանց ապագայ յաջողութեան համար:
Ժամը 5ին, Արմինէ Հաւան-Նաջարեանը բոլորին հրաւիրեց մօտենալ կարկանդակի սեղանի մօտ: Յուզիչ էր այն պահը, երբ բոլոր երեխաները ուրախ մօտեցան իրենց նկարչութեան դասատուներին, գրկախառնուեցին իրար հետ, համբուրուեցին ու յիշարժան լաւ պահեր ունեցան ամէնքը:
Արմինէ Հաւան-Նաջարեանը շնորհակալութիւն յայտնեց բոլորին՝ իրենց ներկայութեան համար, աւելացնելով որ դա մեծ խրախուսանք է իրենց համար՝ աշխատանքը աւելի մեծ թափով շարունակելու: Այնուհետ, նա շնորհակալութիւն յայտնեց իր օգնականին՝ Քարոլին Այվազեանին, ՀՄԸՄի Գլենդէլի «Արարատ» մասնաճիւղի վարչութեանն ու Արուեստից բաժանմունքի պատասխանատուներին՝ սրահը տրամադրելու եւ ցուցահանդէսի կազմակեպչական աշխատանքներին օժանդակելու համար: Շնորհակալական յատուկ խօսք ասուեց Վալենթին Նազարէթեանին, ցուցահանդէսի աշխատանքները ի մի բերելու գործում իր անվերապահ ու մեծ օգնութեան համար: Վերջում Creative Lounge Art Studio-ի կողմից վկայականներ տրուեցին բոլոր երեխաներին:
Արմինէ Հաւան-Նաջարեանը արուեստի իր կրթութիւնը ստացել է Թեհրանում ու Լոս Անջելեսում, ու վկայուած արուեստագէտ է: Պատասխանելով իմ հարցումներին, նա բացատրեց, որ իրենց արուեստի կենտրոնը գլխաւորաբար նախատեսուած է մանուկների համար ու մանուկներին նկարչութիւն սովորեցնելուց բացի, նրանք տանում են նաեւ հետեւեալ աշխատանքները.
ա. Մեծահասակների համար նկարչութեան դասարաններ են կազմակերպում.
բ. Ունենալով Art Therapy Masters, գործունէութիւն ունեն Didi Hersh հոգեկան բուժման կենտրոնում, ու մասնաւոր պարապմունքներ ունեն այն անհատների հետ, որոնք ունեն դրա կարիքը.
գ. Մասնակցում են տարբեր դպրոցների, միութիւնների եւ հաստատութիւնների կողմից դրամահաւաք-բարեգործական ծրագրերին, որ շատ յաջող է ընթանում, եւ գնահատւում է կազմակերպողների կողմից.
դ. «Նկարչութիւն եւ գինի» (Art & Wine) ծրագրով՝ 10ից 30 հոգանոց խմբերով, հաճելի ժամանց է լինում՝ աշխատանքային առօրեայից յոգնածների համար, ովքեր իրենց ազատ ժամն անց են կացնում սոյն կենտրոնում:
ե. Տարեկան ցուցահանդէսից բացի, մասնակցում են ուրիշ ցուցահանդէսների:
Մենք էլ մեր հերթին, մեր շնորհաւորանքի խօսքն ենք միացնում միւսներին՝ արուեստի այս կենտրոնի տարեդարձի առիթով, ու մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում պատասխանատուին՝ նման կարեւոր ու արժէքաւոր աշխատանք ունենալու համար:
ՄԻ ՆԵՐԿԱՅ